
Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահները տարհանել են 3154 մարդու, որից 1428-ը ՝ երեխաներ են

Լեռնային Ղարաբաղում ակտիվ մարտական գործողությունների մեկնարկից ի վեր ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր է տեղափոխվել 3154 մարդ, որից 1428-ը՝ երեխա։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ տարհանումներն իրականացվել են Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից:
«Լեռնային Ղարաբաղի բոլոր տարհանված բնակիչներն ապահովված են կացարանով և տաք սննդով: Ռուսական հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել 16 խաղաղ բնակչի»,– գրված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:
«Պահպանվում է Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղության կանխմանը, խաղաղ բնակչության նկատմամբ հումանիտար իրավունքի նորմերի պահպանմանը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի անվտանգության ապահովմանը», – նշված է հաղորդագրությունում:
ՌԴ ՊՆ–ն հայտնում է նաև, որ երեկ` սեպտեմբերի 19-ին քաղաքացիական բնակչությանն ուղեկցելիս գնդակոծության է ենթարկվել ռուս խաղաղապահների շարասյունը։ Հրթիռակոծության հետևանքով վնասվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի զրահամեքենան։ Խաղաղ բնակչության և խաղաղապահների շրջանում տուժածներ չկա։
Գերատեսչությունում ընդգծել են, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ հակամարտության կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ: