Վաղուց ժամանակն է վերանայել հարաբերություններն Ադրբեջանի հետ․ ԵԽ պատգամավորները քննարկել են իրավիճակը ԼՂ-ում
Ստրասբուրգում այսօր կայացավ Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողվի կողմից կազմակերպված քննարկումը, որն առնչվում էր Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված ագրեսիային։
Ննախագահող Դեյվիդ Մըքալիսթերը բացման խոսքում նշեց, որ Լեռնային Ղարաբաղում ծավալված անհանգստացնող զարգացումներն ու դրամատիկ իրադարձությունները հիմք են հանդիսացել այնտեղ տիրող իրավիճակին վերաբերող քննարկումը ԵԽ օրակարգում ներառելու համար։ Նա տեղեկացրեց, որ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողները դատապարտել են ադրբեջանական կողմի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա։
«Եվրախորհրդարանը կոչ է անում դադարեցնել պատերազմական գործողություններն ու անցնել Բաքվի ու Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունների, որը կայունության և խաղաղության հասնելու միակ ճանապարհն է։ Եվրախորհրդարանը միշտ պատրաստ է աջակցել այդ գործընթացին։ Երեկվա իրադարձություններն, ըստ էության, հիսաթափեցնող են, որովհետև կարող են խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները, ինչպես նաև ԵՄ-ի ու ՄԱԿ-ի ջանքերը, որոնք ուղղված են լարվածության թոթափմանը։ Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի իննամսյա արգելափակումը՝ մենք բազմիցս անդրադարձել ենք իրավիճակին և կազմակերպել քննարկումներ այդ կապակցությամբ։ Հատկանշական է, որ Ադրբեջանը ռազմական գործողությունները սկսեց հումանիտար բեռով ավտոմեքենաների մուտք գործելուց մեկ օր անց: Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ իրականացված ռազմական գործողությունների հետևանքներով, ուստի պահանջում ենք Ադրբեջանից անմիջապես դադարեցնել հետագա էսկալացիային ուղղված քայլերը»,- ասել է Մըքալիսթերը։
Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկ Պիեռ Դեվինյան իր հերթին նշեց, որ դրությունը Լեռնային Ղարաբաղում իսկապես չափազանց բարդ է։ Անգամ ինն ամիս տևող շրջափակման, էլեկտրաէներգիայի և վառելիքի բացակայության պայմաններում տեղի բնակիչները հրաժարվում են լքել հարազատ բնակավայրերը, նրանք օգնության կարիք ունեն։ Հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է։
«Մենք գտնում ենք, որ տարածաշրջանում պետք է անմիջապես հաստատվի հրադադար։ ԵՄ-ն դիտորդների խումբ է գործուղել Հայաստան, որի գործունեությունը մեծապես գնահատվում է ՀՀ իշխանության կողմից։ ԵՄ դիտորդներն իրականացնում են ամենօրյա դիտարկում Ադրբեջանի հետ պետական սահմանի երկայնքով ու թեև նրանք Լեռնային Ղարաբաղում չեն, բայցևայնպես կողմերի միջև պետական սահմանին նույնպես արձանագրել են երբեմն տեղի ունեցող կրակոցները։ Բաքուն պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, սակայն իննամսյա շրջափակումն անհամատեղելի ու անհամեմատելի է նման ցանկության հետ։ Կա նաև կողմերի միջև վստահության լիակատար բացակայություն։ Ադրբեջանական կողմը վերջերս ձերբակալեց մի քանի ղարաբաղցիների՝ նրանց մեղադրելով ղարաբաղյան առաջին պատերազմին մասնակցելու մեջ։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես հարյուր հազարավոր բնակիչներ պետք է տեղահանվեն։ Եթե նրանք գան Հայաստան, դա մեծ խնդիրներ կհարուցի այդ երկրի համար։ Հիմնախնդրի հանգուցալուծման գործում անշուշտ գնահատելի են Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ջանքերը։ Բացի դրանից Ֆրանսիան նաև հրավիրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ»,- տեղեկացրեց Դեվինյան։
Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդն օգտվելով խոսքի իրավունքից՝ արձանագրեց, որ Եվրախորհրդարանի հայտարարությունները շատ տեղին են և պարունակում են իրավիճակի կոնկրետ գնահատական, սակայն բավարար չեն՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից որևէ արդարացում չունեցող և նախապես ծրագրված հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա։ Նրա համոզմամբ՝ ժամանակն է գիտակցելու Ալիևի ռեժիմի գործունեության հետևանքները։
«Հարցն այն է, թե ի զորու՞ ենք մենք սահմանել պատժամիջոցներ նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են ռազմական օպերացիայի և մարդկանց տառապանք պատճառելու համար։ Վաղուց ժամանակն է նաև վերանայել մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Ճիշտ չէ նրան անվանել վստահելի կամ ռազմավարական գործընկեր։ Հրադադարի համաձայնագիրն անշուշտ կարևոր փաստաթուղթ է, և ես համաձայն եմ վարչապետ Փաշինյանի խաղաղարար նպատակների հետ, ով բանակցային գործընթացը համարում է վճռորոշ, բայցևայնպես մենք ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար աղետին։ Միջազգային կառույցներն ու կազմակերպությունները պետք է անարգել մուտք գործեն Լեռնային Ղարաբաղ։ Այսօր Հայաստանն ավելի քան երբևէ մեր աջակցության կարիքն ունի։ Այնտեղ պետք է վստահ լինեն, որ մենք կանգնած ենք իրենց կողքին և դրա ամենավառ ապացույցը կլինի Ադրբեջանի դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկելը»,- եզրափակեց Կալյուրանդը։
ԵԽ պատգամավոր Անդրեյ Կովաչևն իր հերթին հիշեցրեց, որ տասնամյակներ շարունակ միջազգային հանրության և մասնավորապես Մինսկի խմբի համանախագահների համար առաջնային են եղել երեք հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և ուժի կիրառման բացառումը։ Վերջին երկուսն Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտվել են 2020 թվականին և երեկ։
«Մենք բազմաթիվ անգամ հանդես ենք եկել Լեռնային Ղարաբաղի բնակչության և Ադրբեջանի միջև երկխոսության օգտին՝ ղարաբաղցիներին անվտանգության միջազգային երաշխիքներ տրամադրելու պայմանով, որպեսզի նրանք նորմալ կյանքով ապրեն իրենց բնակավայրերում։ Սա բանակցային գործընթացի ամենահիմնարար կետն է, և ոչ թե Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան միջանցք տրամադրելը կամ սահմանագծման ու սահմանազատման գործըթաց սկսելը։ Ինչպե՞ս պետք է ԼՂ-ի բնակչությունն ապրի անվստահության և ռազմական գործողությունների ու այլ սպառնալիքների պայմաններում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին նախևառաջ ապահովել հումանիտար բեռների անխոչընդոտ մատակարարումը Լեռնային Ղարաբաղին, որի ժողովուրդը հայտնվել է կարիքի մեջ։ Ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն»,- ասաց Կովաչևը։
Ուշագրավ էր նաև Մայքլ Գալերի ելույթը, ով նշեց, որ իրենք պետք է սերտացնեն հարաբերությունները Հայաստանի կառավարության հետ, որն իշխանության է եկել լեգիտիմ և ժողովրդավարական ընտրությունների արդյունքում։
«Մենք պետք է երաշխավորենք ու պնդենք, որ մարդիկ, ովքեր ցանկանում են ապրել Լեռնային Ղարաբաղում, ոչ մի դեպքում ճնշման միջոցով չարտաքսվեն այնտեղից։ Նրանք իրենց բնօրրանում ապրելու իրավունք ունեն և պետք է անարգել օգտվեն հումանիտար օգնությունից, իսկ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն ու վերականգնվի գազամատակարարումը։ Դա մեր առաջնային պահանջն է»,- եզրափակեց Գալերը։