Փաշինյանը գերեզման չի՛ ունենալու, կդառնա անփառունակ կալանավոր, իսկ ՔՊ-ն կլիկվիդացվի. Սուրեն Սուրենյանց
Վաղը՝ սեպտեմբերի 21-ին, կմահանա Հայաստանի 3-րդ Հանրապետությունը. Արցախի ոչնչացմամբ վաղը կդադարի գոյություն ունենալ Հայաստանի Հանրապետությունը, որի կայացման հիմքում ղարաբաղյան շարժման քաղաքական, քաղաքակրթական և մշակութային հիմքերն էին։ Այլևս մենք ապրում ենք անցման մի ռեժիմում, և հայտնի չէ, թե ի՞նչ կծնվի 3-րդ Հանրապետության վախճանից հետո։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Հայաստանի իշխանությունների քաղաքականության հետևանքով Արցախն Ադրբեջանին հանձնելուն, ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ ընդգծելով.
«Այս մարդը, որը գերազանցեց տխրահռչակ Մելիք Շահնազարի գործած դավաճանությունը, անգամ գերեզման չի՛ ունենալու։ Նա, որպեսզի ժողովրդի մոտ դիվիդենտներ շահի, որոշեց, որ սեփական իշխանությունը երկարաձգելու համար կարող է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարման պարտավորությունից դուրս գալ և դա անել՝ փուռը տալով Արցախը։ Այդ նպատակով նաև ռուսական հարթակից խաղը տեղափոխեց արևմտյան հարթակ։ Արդյունքում՝ հայ-ռուսական հարաբերությունները հայտնվեցին ճգնաժամում և առաջացավ միջազգային կոնսենսուս՝ մեր այսօրվա ողբերգության՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու շուրջ»,- ասաց Սուրենյանցը։
Արցախի ամբողջական հանձնումն ի գիտություն ընդունած Նիկոլ Փաշինյանին Սուրեն Սուրենյանցը համեմատեց սեփական երեխային մանկատուն հանձնած կնոջ հետ։
«Փաշինյանը նման է այն անբարոյական կնոջը, որն իր երեխային հանձնել է մանկատուն, երեխային հոշոտել են, իսկ նրան մանկատուն հանձնողը անխռով պատմում է այդ մասին»,- ասաց Սուրենյանցը՝ հավելելով. «Փաշինյանը կդառնա անփառունակ կալանավոր, իսկ ՔՊ-ն լիկվիդացվելու է»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։