«Հայաստանի ինքնիշխանության թիվ մեկ սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է և նրա իշխանությունը… Պատասխան եք տալու բոլորդ՝ հատ առ հատ»

Կարեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի ինքնիշխանության թիվ մեկ սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է և նրա իշխանությունը։

Նրա հեռացմանն այլընտրանք չկա․ այս նախադասությունը չի կարող «բայց» շաղկապ ունենալ։ Բայց-երով խոսող պոլիտկոռեկտ մարդիկ պետք է իմանան, որ դրանով միայն ավելի են խարխլում մեր բզկտված երկիրը։

Ոչ ոք իրավունք չունի փողոց ելած ճարահատ ու կոտրված մարդկանց կոչել «5-րդ շարասյուն»։ Դա սրիկայություն է։
Ինքնիշխանությունից զօրուգիշեր խոսող խմբակը ինքնիշխանությունն ու պետությունը մսխեց ամենաստոր ձևով՝ արհամարհելով ծանր իրականությունը, հաճախ անելով իրավիճակի տրամաբանությանը միանգամայն հակառակ քայլեր։

Այնքան հակառակ, որ դավադրության տեսությունները դարձել են ճշմարտանման։
Քավության նոխազներ պետք չէ փնտրել։ Մեր մեծ ու փոքր տարածաշրջանում բազմաթիվ մեծ ու փոքր սրիկաներ կան։ Դա մեր ճակատագիրն է։ Եթե օգուտ չենք ստանում, առնվազն պետք է զգուշանայինք նրանցից, չեզոքացնեինք հնարավոր վտանգները՝ ոչ թե ընկնեինք սին դատապարտումների ու կոչերի հետևից։ Ծանր փաստ է, որ կոչերից այն կողմ այդպես էլ որևէ պատժամիջոց չսահմանվեց Ադրբեջանի կամ անգամ նրա որևէ պաշտոնյայի նկատմամբ։ Եվ ո՞ւր են այդ պատժամիջոցների մասին թմբկահարող գործիչներն ու փորձագետները։

Ժաննա դ`Արկ նավը չի գալու Հայաստանի լեռներ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև չի ընդունելու։ Չբացատրեմ՝ ինչու։ Ավելին՝ որևէ բանաձև ոչինչ չի փոխելու գետնի վրա։ Մեր դեմ չորս հատ նման բանաձև է ընդունվել․․․ և ի՞նչ։

Ցավոք, ամենամեծ ապիկարները մեր ներսում էին, որոնք հիմա արդեն դեմքը փրկելու համար «ինքնիշխանության» քարտն են մեջտեղ գցել։

Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, ականատես կլինենք Արցախի պետության լուծարման արարին։ Շուտով նաև տեսնելու ենք 1915-ի գաղթը հիշեցնող պատկերներ։

Ու ոչ ոք թող չհամարձակվի ինքնիշխանությունից խոսել։

Պատասխան եք տալու բոլորդ՝ հատ առ հատ»։

Տեսանյութեր

Լրահոս