ՌԴ-ն փորձում է ԼՂ գործընթացը վերադարձնել քաղաքական-դիվանագիտական հուն. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուս զինվորականները փորձում են Լեռնային Ղարաբաղում գործընթացը վերադարձնել քաղաքական-դիվանագիտական հուն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողության ֆոնին մեզ համար առաջնայինը Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգության ապահովումն է։ Խոսքն, իհարկե, հայ բնակչության մասին է։ Դրա համար պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները: Ռուս զինվորականները փորձում են Լեռնային Ղարաբաղի գործընթացը վերադարձնել քաղաքական-դիվանագիտական հուն: Դրա համար միակ երաշխիքը ստորագրված եռակողմ փաստաթղթերն են», – ասել է Պեսկովը լրագրողներին:

Նա չի հաստատել, որ Ադրբեջանը Ռուսաստանին նախապես զգուշացրել է Լեռնային Ղարաբաղում պատրաստվող գործողության մասին:

«Ես չեմ կարող հաստատել, որ մենք նախապես տեղյակ ենք պահվել»,-պատասխանել Է Պեսկովը լրագրողներին այն հարցին, թե արդյոք Բաքուն Մոսկվային տեղյակ է պահել ծրագրերի մասին:

Նա ընդգծել է, որ Կրեմլը ցավով է իմանում, որ Լեռնային Ղարաբաղում արդեն կան զոհեր, ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ մարտահրավեր և սպառնալիք է խաղաղ բնակչության համար:

«Ինչ վերաբերում է մեր խաղաղապահների զորակազմի ավելացմանը, ապա առաջին հերթին ձևակերպվում է առաջարկը մեր զինվորականների կողմից, և, իհարկե, դա ենթակա է համաձայնեցման բոլոր կողմերի հետ», – պատասխանել Է Պեսկովը լրագրողների այն հարցին, թե արդյոք չի նախատեսվում ավելացնել ՌԴ խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում:

Տեսանյութեր

Լրահոս