Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել իրանցի պաշտոնյաների նկատմամբ

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ի, Կանադայի և Ավստրալիայի հետ համաձայնեցմամբ, պատժամիջոցներ է սահմանել իրանցի պաշտոնյաների դեմ՝ կանանց հիջաբ կրելու ենթադրյալ հարկադրանքի պատճառով: Այս մասին տեղեկանում ենք «РИА Новости»-ի հրապարակումից։

Ըստ Միացյալ Թագավորության արտգործնախարարության հայտարարության՝ սահմանափակող միջոցները, որոնք նախատեսում են Մեծ Բրիտանիա մուտքի արգելք և բանկային հաշիվների սառեցում, սահմանվել են Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլիի, նրա տեղակալ Մոհամմադ Հաշեմիի, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի և Իրանի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Մոնթազեր օլ Մահդիի նկատմամբ:

Բացի այդ, պատժամիջոցների տակ է հայտնվել Թեհրանի Arvan Cloud ընկերությունը, որը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ համարվել է «Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարության առանցքային գործընկերը»:

Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Իրանի նկատմամբ սահմանափակումները համընկնում են 22-ամյա Մահսա Ամինիի մահվան տարելիցի հետ։ 2022 թ. սեպտեմբերի 16-ին նրա հուղարկավորությունից հետո Իրանում ցույցերի ալիք էր բարձրացել։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ ոստիկանությունը նրան բերման էր ենթարկել հիջաբը ոչ ճիշտ կրելու համար։ Ամինին մահացել էր, երբ գտնվում էր ոստիկանությունում։

Իրանի քրեական օրենսգրքի համաձայն՝ գլխաշոր կրելու կանոնները չկատարող կանանց տուգանքներից բացի սպառնում է ազատազրկում՝ 10 օրից մինչև 2 ամիս ժամկետով։ Բացի այդ, նրանց նկատմամբ կարող են կիրառվել վարչական բնույթի լրացուցիչ միջոցներ, մասնավորապես, պետական ​​ծառայությունից ազատում, աքսորում, երկրից մեկնելու և ընդդիմադիր կազմակերպությունների հետ շփումների արգելք, ունեցվածքի բռնագրավում։ Է՛լ ավելի լուրջ պատիժ է սպասվում նրանց, ովքեր համոզում և խրախուսում են մյուսներին` հրաժարվել հիջաբ կրելուց. նրանք կարող են բանտարկության դատապարտվել 1-ից մինչև 10 տարի ժամկետով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս