Քննարկվել է քաղաքացու կողմից ավտոմեքենայի հետ կապված անհրաժեշտ գործողությունները թվային եղանակով իրականացնելու պիլոտային ծրագիրը

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է ԱՄՆ նախագահի գործադիր գրասենյակի կառավարման և բյուջեի վարչության կառավարման գծով փոխտնօրեն Դասթին Բրաունին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Ողջունելով ներկաներին՝ Արփինե Սարգյանը բարձր է գնահատել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը տարբեր ուղղություններում։

Փոխնախարարը նշել է, որ Ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումների օրակարգում մեծ կարևորություն է տրվում քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների արդյունավետության և մատուցման որակի բարձրացմանը, ինչը մեծապես կնպաստի տարբեր ոլորտներում քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը։

Սարգսյանը նշել է, որ հանրային կառավարման ու թվայնացման բարեփոխումների շրջանակներում ՆԳ նախարարության համակարգմամբ իրականացվում են «Ավտոմեքենայի ներմուծում ու գրանցում (հաշվառում)» դրվագի արդիականացման պիլոտային ծրագրի ստեղծման և ներդրման աշխատանքները, որոնք թույլ կտան ավտոմեքենային վերաբերող անհրաժեշտ գործողությունները կատարել թվային հարթակում։ Այս աշխատանքների շրջանակներում նախարարությունը համագործակցելու է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ու Ավստրալիայի կառավարության հետ և ձեռնամուխ է լինելու համատեղ ջանքերով գործընթացի իրականացմանը։ Սարգսյանը հայտնել է, որ Ծրագրի իրականացման համար արդեն իսկ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն ակտիվորեն զբաղվելու է ծրագրի մշակման և ներդրման հետ կապված աշխատանքներով։

Սարգսյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ հնարավոր կդառնա ՏՀԶԿ երկրների կողմից լայնորեն կիրառվող «sludge audit» մեթոդաբանությամբ ստեղծվող այս ծրագիրը կյանքի կոչել ՀՀ-ում։

Դասթին Բրաունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել ՆԳ նախարարության ջանքերը՝ ուղղված հանրային թվայնացման գործընթացի իրականացմանը։ Բրաունն աջակցություն է հայտնել իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև փաստել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ արդիական փորձի փոխանակմանբ Ծրագրին օժանդակելու պատրաստակամությունը։

Կողմերը քննարկել են թվայնացման օրակարգում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս