Նիկոլ Փաշինյանը վտանգ է զգում. թիմը արտերկրին նամակներ է գրում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օդում կախված վտանգ կա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխին. այս մասին խոսում են ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ հանրության լայն շերտերը: Որտեղից է վտանգը՝ դեռ տեսանելի չէ, բայց փաստ է, որ ընդդիմադիրների մոտ սպասումներ կան, Նիկոլ Փաշինյանի ու թիմակիցների մոտ անհանգստություն ու վախ կա, իսկ լայն հանրությունը սպասում է, թե ով ումով կփոխարինվի առաջիկայում:
Թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է բոլոր թիմակիցներին (նախարարներ, պատգամավորներ, կուսակցության վարչության մյուս անդամներ), որպեսզի մեկ մարդու նման սկսեն նամակներ գրել, զանգահարել միջազգային գործընկերներին եւ հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է Հայաստանում իշխանափոխություն անել, եւ որ իրենք ունեն օգնության կարիք: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն էլի Արեւմուտքից փորձում է աջակցություն ստանալ, պահպանել իր իշխանությունը՝ վախեցնելով, թե իրեն փոխարինելու կգա Հայաստանում պրոռուսական ուժ կամ գործիչ:
Հիմա ողջ թիմը, քարոզարշավին, ձայներ հավաքելուն զուգահեռ, նաեւ նամակներով ու զանգերով է զբաղված, որպեսզի տարբեր մայրաքաղաքներին բացատրեն, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալը նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կուժեղանա Հայաստանում:
Տեղեկացանք նաեւ, որ դիվանագիտական կորպուսն էլ է ստացել հրահանգ, որպեսզի տարբեր խողովակներով տեղեկացնեն տարբեր երկրների իշխանություններին, թե ինչ վտանգներ կան Փաշինյանի իշխանության գլխին»: