(Հակա)բանականության խաղեր․Նիկոլ Փաշինյանը խոսում է ադրբեջաներեն

Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր հրապարակային խոսք հարված է առողջ բանականությանը, պետության, պետականության, պետական շահի մասին դասական ընկալումներին։

Առողջ բանականությունից ու պետության ավանդույթից բխում է, որ երկրի ղեկավարն իր գործունեության ընթացքում գոյություն ունեցող բոլոր մատերիաներից, այդ թվում՝ իրավական նորմերից, փաստաթղթերից, որոշումներից, ֆորմալ ու ոչ ֆորմալ մնացած կառուցակարգերից առաջնորդվում է հատկապես ու հաստատապես նրանցով, որոնք բխում են իր ղեկավարած երկրի, միայն այդ երկրի, բացառապես այդ երկրի շահերից։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, առաջնորդվում է տրամագծորեն հակառակ տրամաբանությամբ։

Արցախյան հարցի հետ կապված ցանկացած ելույթում, հարցազրույցում անցած 30 տարիների բանակցային գործընթացից, ներպետական ու միջպետական փաստաթղթերից, օրենքներից, հայտարարություններից, որոշումներից Փաշինյանը բծախնդրորեն ընտրում է հատկապես նրանք, որոնք որևէ կերպ չեն բխում Արցախի ու Հայաստանի շահերից ու ամբողջությամբ համապատասխանում են Ադրբեջանի շահերին։

Նրա ամենասիրելի մեջբերումները վերաբերում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերին, որոնք անցած 25 տարիներին Ադրբեջանն այնքան էր կրկնել, որ միջազգային հանրությունը դրանց առանձնապես լուրջ չէր վերաբերվում։ Հիմա Փաշինյանի մյուս սիրելի փաստաթուղթը դարձել է Ալմա Աթիի հռչակագիրը, ինչ-որ փուլում նա ամեն օր հիշում էր Վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքը, և այդպես շարունակ։

Կարդացեք նաև

Ընդ որում, այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն մեջբերումներ է անում այդ փաստաթղթերից և նոմինալ կերպով ներկայացնում է դրանք։ Բոլոր մեջբերվող փաստաթղթերը, որոշումները կամ բանաձևերը նա ներկայացնում է իր սեփական գերմանիպուլյատիվ մեկնաբանություններով, իրականության այնպիսի խեղաթյուրմամբ, որ վերջնարդյունքում նրա ներկայացրածն ամբողջությամբ համապատասխանում է Ադրբեջանի շահերին։ Դա վերաբերում է՝ ինչպես Ալմա Աթիի հռչակագրին, այնպես էլ ՄԱԿ հայտնի բանաձևերին, Վարչատարածքային բաժանման օրենքին, վերջերս էլ՝ անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցներից մեկին։

Հայաստանի դե ֆակտո ղեկավարն այսօր բացահայտորեն, առանց ձևականության զբաղված է այն քարոզչական նարատիվների թմբկահարմամբ, որոնք 30 տարի շարունակ տարածում էր Ադրբեջանը՝ դրա վրա ծախսելով հսկայական գումարներ։ Հիմա անվճա՞ր է դա անում Նիկոլ Փաշինյանը, թե՞ հասարակական հիմունքներով, դժվար է միարժեք ասել, բայց այդ հարցի պատասխանից նրա կատարածի հակապետականությունն ու հակահյակականությունը չի փոխվում։

Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն Հայաստանում խոսում է ադրբեջաներեն՝ երևույթի ոչ թե լեզվական, այլ բովանդակային իմաստով։

Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ նույն Նիկոլ Փաշինյանը, որ իրեն ներկայացնում է՝ որպես միջազգային իրավունքի աննկուն պաշտպան և մեջբերումներ է անում բանակցային գործընթացից, կատարյալ լռություն է պահպանում նույն գործընթացի այն բաղադրիչների առնչությամբ, որոնց ներկայացումը և հաշվարկված մեկնաբանությունը կարող է բխել հայկական շահերից։ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում չի հնչում որևէ հղում Մադրիդյան սկզբունքներին և հիմնարար տարրերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի, Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների բազմաթիվ հայտարարություններին, որոնք էապես բխում են Արցախի շահերից, օրակարգում են պահում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունները, հսկայական տեղ են թողնում բանակցային գործընթացում մանևրելու համար։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, որևէ նման մեջբերում, հետևաբար՝ նաև հայաստանամետ մեկնաբանություն չի կատարում՝ իր ադրբեջանամետ աղմուկով բազմապատկելով սեփական դավաճանության մասին կասկածները։

Արցախում և Արցախի շուրջ, ինչպես և Հայաստանում իրավիճակն իրապես շատ բարդ է, այդ թվում ու առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության վարած քաղաքականության պատճառով։ Բայց ողջ բարդությամբ հանդերձ, իրավիճակն անելանելի չէ ու դրանից միակ ելքը հանձնվելը չէ, ինչը փորձում է սերմանել Նիկոլ Փաշինյանը։

Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացում կան բազմաթիվ կառուցակարգեր, փաստաթղթեր, որոշումներ և բարձր մակարդակի հայտարարություններ, որոնք համարժեք դիվանագիտության դեպքում կարող են ստեղծված իրավիճակից առնվազն պակաս կորուստներով ելքի հնարավորություն ապահովել։ Բայց դրա թիվ մեկ նախապայմանն այն է, որ հայկական դիվանագիտությունը ղեկավարողն առաջնորդվի Հայաստանի և ոչ Ադրբեջանի շահերով։ Այս պարզագույն միտքն անհեթեթ է թվում, որովհետև հակառակի մասին անգամ մտածումը դուրս է առողջ բանականության սահմաններից։ Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումն ինքնին արդեն մեծագույն կոնֆլիկտ է առողջ բանականության հետ։

Նրա հաղթանակն այդ կոնֆլիկտում հավասար է լինելու Հայաստանի պարտությանը։ Հայ հասարակությունը, ի վերջո, պետք է որոշի՝ բանականությա՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանի կողքին է՝ դրանից բխող անպետություն հետևանքներով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս