Հութիների պատվիրակությունը կայցելի Սաուդյան Արաբիա՝ Եմենում հրադադարի շուրջ բանակցություններ վարելու
«Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչների (հութիներ) պատվիրակությունը պլանավորում է այցելել Սաուդյան Արաբիա՝ Եմենում հրադադարի շուրջ բանակցելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրների։
Նրանց տվյալներով՝ հութիների հետ թագավորություն կմեկնի Օմանի պատվիրակությունը, որը սեպտեմբերի 14-ին ժամանել է Եմենի մայրաքաղաք Սանա։ Գործակալությունը նշում է, որ Օմանի ինքնաթիռը Սանայից Էր Ռիադ կմեկնի սեպտեմբերի 14-ի գիշերը։
Սա կլինի հութի պաշտոնյաների առաջին պաշտոնական այցը Սաուդյան Արաբիա 2014 թվականին Եմենում պատերազմի բռնկվելուց ի վեր, երբ Իրանի աջակցությունը վայելող խմբավորումը տապալեց Սանայում Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարությանը։ Հակամարտության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ են զոհվել, Եմենի բնակչության 80 %-ը կախված է հումանիտար օգնությունից։
Նախօրյակին Bloomberg-ը հաղորդել էր, որ առաջիկա մի քանի շաբաթը կարևոր նշանակություն ունի Եմենի հետագա ճակատագրի համար, քանի որ Էր Ռիադը բանակցությունների նոր փուլի է պատրաստվում հութիների հետ, որոնք սպառնում են վերսկսել գրոհները Սաուդյան Արաբիայի վրա, եթե փոխհատուցումները և նավթի ու գազի վաճառքից եկամուտների զգալի բաժինը չվճարվի: