ՀՀ իշխանությունները ճիշտ չեն գնահատել աշխարհաքաղաքական իրողությունները․ Գոռ Գևորգյան
Արտաքին քաղաքական բանակցային գործընթացում էական է անգամ բանակցողի շնչառության հաճախականությունը, էլ չեմ ասում արտաբերված խոսքը կամ մտքերը, կիրառված դիվանագիտական հնարքները: Այս մասին ֆեյսբուքյան իօր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու, նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը։
«Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելով՝ ՀՀ իշխանությունները բոլորիս դրել են քաղաքական ցուգցվանգի մեջ՝ այսինքն շատ վատի և ավելի վատի ընտրության միջև:
Օրվա հրամայական արտաքին քաղաքական հարցերում պաշտոնական Երևանը ոչ միայն ձախողել է, այլև միջազգային «գործընկերների» կողմից Ադրբեջանի ագրեսիվ և հայատյաց քաղաքականությունը կտրուկ միջոցներով կանխելու փոխարեն՝ մնացել Բաքվին «սաստող» ամպագոռգոռ կոչերի հույսին:
ՀՀ իշխանությունները ճիշտ չեն գնահատել աշխարհաքաղաքական իրողությունները. հարկավոր էր հասկանալ կառուցվող նոր աշխարհակարգի էությունը, հաշվարկել և խաղարկել տարածաշրջանի շահաձիգ պետությունների միջև հակասությունները և ի վերջո պարզապես հենվել պատմական ճշմարտությւնների վրա՝ ապահովելու համար մեր պետական շահը:
Փոխարենը հայտնվել ենք «ծակ տաշտակի» առաջ, որից անդին նորից պատերազմ է:
Բոլոր ջանքերը պետք է գործի դրվեն՝
1. կանխելու համար պատերազմը
2. կանխելու համար հայրենազրկումը, էթնիկ զտման սպառնալիքը
Աշխատել է պետք և չարհամարել պատմության տված դասերը:
Հ.Գ. ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը ժամանակին լավագույնս օգտագործել է «մաքոքային դիվնագիտությունը – shuttle diplomacy»-ին խնդրահարույց հարցերը կարգավորելու համար: Կարդացե՛ք պարոնայք: Պատմությու՛ն կարդացեք»,- գրել է արևելագետը: