Բաժիններ՝

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն անակնկալ այց է կատարել Կիև՝ ի նշան աջակցության Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի ջանքերին: Այս մասին տեղեկանում ենք Reuters գործակալությունից։

Ըստ Գերմանիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության՝ Բեռլինը «վերստին հայտարարում է Ուկրաինային իր վճռական աջակցության մասին դեպի ԵՄ նրա ճանապարհին»։

Անալենա Բերբոքը հիշեցրել է, որ Ուկրաինան ունի ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ, և այժմ ԵՄ-ն որոշում է ընդունելու անդամակցության բանակցություններ սկսելու շուրջ։

Բերբոքը նշել է, որ Ուկրաինան «առաջընթացի է հասել» մի քանի բնագավառներում, մասնավորապես, դատական բարեփոխման ոլորտում, սակայն հավելել է, որ երկիրը «ճանապարհ ունի անցնելու» օլիգարխների դեմ օրենքի իրագործման հարցում և կոռուպցիայի դեմ պայքարում։

Նախարարը խոստացել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային։

Սա Բերբոքի չորրորդ ուղևորությունն է Ուկրաինա 2022 թ. փետրվարին Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից ի վեր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս