Բաժիններ՝

Ճապոնիայում ավարտել են «Ֆուկուսիմա-1»-ից ջրի բացթողման առաջին փուլը

Ճապոնական «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանի օպերատորը հայտարարել է օվկիանոս ջրի բացթողման մեկնարկային փուլի ավարտի մասին։ Այս փուլում կայանից բաց է թողնվել 7800 տոննա ջուր։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

Փուլն ավարտվել է տեղական ժամանակով 12:10-ի սահմաններում: Այժմ փորձագետները մտադիր են սկսել սարքավորումների ստուգումը և պատրաստվել ջրի բացթողման երկրորդ փուլին: Դրա համար կարող է պահանջվել շուրջ երեք շաբաթ։

Օգոստոսի 24-ից Ճապոնիան սկսել է օվկիանոս լցնել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարային ռեակտորների սառեցման արդյունքում կուտակված ջուրը։ Ջուրը ALPS համակարգում ենթարկվում է նախնական մաքրման, ինչի արդյունքում ավելի քան 60 տեսակի ռադիոնուկլիդների ռադիոակտիվությունն իջեցվում է մինչև նորմայից ցածր մակարդակի։ Բացառություն է կազմում տրիտիումը: Ջուրն օվկիանոս բաց թողնելուց առաջ այն նախօրոք նոսրացնում են ծովի ջրով։ Կուտակված ջրի՝ օվկիանոս բացթողման համար կպահանջվի 30 տարի։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել է, որ այդ պլանները լիովին համապատասխանում են միջազգային չափանիշներին, սակայն Ճապոնիայում խիստ մտավախություններ կան, որ դա կարող է վնաս հասցնել ճապոնական գյուղատնտեսական և ձկնարդյունաբերության արտադրանքի հեղինակությանը: Ռուսաստանը և Չինաստանը նույնպես մտահոգություն են հայտնել Ճապոնիայի իշխանությունների որոշման կապակցությամբ։ Չինաստանն ամբողջությամբ արգելել է ճապոնական ծովամթերքի ներմուծումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս