
Բայդենը Հանոյում հանդիպել է Վիետնամի ղեկավարի հետ՝ շեշտելով, որ իր այցի նպատակը Պեկինի հետ սառը պատերազմը չէ

ԵԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հանոյում հանդիպում է ունեցել Վիետնամի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև միջազգային օրակարգի տարբեր հարցեր։ Սպիտակ տան մամուլի ծառայությունը տարածել է կողմերի համատեղ հայտարարությունը։
Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև «քաղաքական և դիվանագիտական հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը», տնտեսության, առևտրի, ներդրումների, գիտության, տեխնոլոգիայի և թվային նորարարությունների ոլորտներում համագործակցության կարևորությունը և պայմանավորվել են տարբեր մակարդակներով կանոնավոր շփումներ անցկացնելու շուրջ։
Բայդենը և Չոնգը նաև պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը երկու երկրների իրավապահ կառույցների միջև, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցությունը։
Նրանք նաև կողմ են արտահայտվել Ուկրաինայում «համապարփակ, արդարացի և կայուն խաղաղության հաստատմանը», Հարավչինական ծովում անխոչընդոտ նավարկությանը և վեճերի խաղաղ լուծմանը՝ առանց ուժի կիրառման։
ԱՄՆ-ի և Վիետնամի ղեկավարները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր և շեշտել են բոլոր վեճերի խաղաղ կարգավորման կարևորությունը։
ԱՄՆ նախագահը Վիետնամ է մեկնել Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո։ Ջո Բայդենը շեշտել է, որ Վիետնամ այցով ցանկանում է նպաստել գլոբալ կայունությանը՝ հարաբերություններ կառուցելով Ասիայի երկրների հետ, և որ այդ այցի նպատակը չէ «Չինաստանին զսպելը» կամ Պեկինի հետ սառը պատերազմ սկսելը:
«Կարծում եմ՝ մենք չափազանց շատ ենք խոսում… սառը պատերազմի մասին։ Սա դրա հետ կապ չունի։ Սրա նպատակն է տնտեսական աճ և կայունություն ստեղծել աշխարհի բոլոր մասերում։ Եվ մենք հենց դա ենք փորձում անել․․․ Մենք հնարավորություն ունենք ամրապնդել մեր դաշինքները ամբողջ աշխարհում՝ կայունությունը պահպանելու համար։ Դա է այս ուղևորության նպատակը», – Վիետնամում մամուլի ասուլիսի ժամանակ Բայդենի հնչեցրած խոսքերն է մեջբերում Associated Press գործակալությունը։