Բաժիններ՝

Հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին կմասնակցեն 85 ամերիկացի զինվորականներ

Eagle Partner 2023 հայ–ամերիկյան համատեղ զորավարժություններին կմասնակցեն 85 ամերիկացի զինվորականներ։ Այս մասին հայտնում է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարությունը։

«Սեպտեմբերի 11-ից20-ը կայանալիք զորավարժություններին կմասնակցեն շուրջ 85 ամերիկացի և 175 հայ զինվորականներ»,- նշված է հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ։

Զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ-ի 101-րդ օդադեսանտային դիվիզիայի 1-ին բրիգադի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներ, որոնց հետ Հայաստանի համագործակցությունն ունի ավելի քան 20 տարվա պատմություն։

Ինչպես նշել է գնդապետ Մարտին Օ’Դոնելը, զորավարժությունները թույլ կտան երկրներին «հարաբերություններ կառուցել մարտավարական մակարդակով» և մեծացնել ստորաբաժանումների «փոխգործունակությունը» խաղաղապահ գործողությունների համար։

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանի տարածքում կանցկացվեն Հայաստանի և Միացյալ Նահանգների Eagle Partner2023 համատեղ զորավարժությունները։

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը զորքեր է կենտրոնացրել Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ բաժանարար գծում։ Նրա կարծիքով՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները պետք է լուրջ միջոցներ ձեռնարկեն տարածաշրջանում նոր պայթյունավտանգ իրավիճակ թույլ չտալու համար։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զորավարժությունները չեն նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։

Նա հավելել էր, որ Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները, Մոսկվան շարունակում է հետևողական և կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս