Հայաստանն ու Ռուսաստանը հիմա դժվար ժամանակներ են ապրում. Գոռ Ծառուկյան

Հայաստանն ու Ռուսաստանը ներկայում դժվար ժամանակներ են ապրում,և դա չի կարելի չընդունել։ Այս մասին, ըստ sputnikԱրմենիայի՝ հայ-ռուսական առաջին մեդիաֆորումի ժամանակ ասաց «Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։

«Սա չէր կարող չանդրադառնալ մեր երկրների միջև հարաբերությունների վրա։ Լրատվամիջոցների ու փորձագիտական հանրության ուսերին դրված է ուսումնասիրելու, արտացոլելու և առաջացող խնդիրների լուծումներ գտնելու կարևոր առաքելություն։ Այս ամենի համար ամենաարդյունավետ տարբերակը համատեղ քննարկումներն են»,– նշեց Ծառուկյանը։

Նա վստահեցրել է` բարձրաստիճան մասնագետների գնահատականներն ու մեկնաբանությունները կնպաստեն բազմաթիվ հարցերի ուսումնասիրությանը և թույլ կտան ավելի լավ ճանաչել միմյանց։

«Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը նաև ընդգծել է, որ մեդիաֆորումի ընթացքում անցկացվող քննարկումների արդյունքում ռուս գործընկերների հետ համագործակցության մասին հայտարարություն կստորագրվի։

Ըստ նրա` սա ևս մեկ կարևոր քայլ կլինի 2 երկրի լրատվամիջոցների միջև համագործակցության խորացման համար։

Գոռ Ծառուկյանը շեշտեց` ԶԼՄ-ների համագործակցությունը նույնքան կարևոր է, որքան մեր երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-8-ը Հայաստանում անցկացվում է հայ–ռուսական մեդիաֆորում, որի մասնակիցների թվում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության լրատվական դաշտի ներկայացուցիչներ և առաջատար վերլուծական կենտրոնների փորձագետներ:

Տեսանյութեր

Լրահոս