ՔՊ-ականներն այսօր կհավաքվեն. ԱԺ-ում խմբակցության նիստ կլինի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանականները տեւական դադարից հետո այսօր կրկին կհավաքվեն. «Քաղաքացիական պայմանագիրը» խմբակցության նիստ կանի ԱԺ-ում:

Թերթը գրել էր, որ արդեն մեկ ամիս է, ինչ իշխող ուժը ո՛չ վարչության, ո՛չ էլ խմբակցության նիստեր չի անում, քանի որ տարված է բացառապես քարոզարշավի հետ կապված հարցերով ու նիստերի ժամանակ չունի:

Երկուշաբթի օրը մեկնարկելիք ԱԺ նիստերը, սակայն, կրկին «կմիավորեն» ՔՊ-ականներին, եւ այսօր երեկոյան նրանք կհավաքվեն՝ խմբակցության նիստի: Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են փոխանցում, նիստին քննարկվելու են բացառապես առաջիկա ԱԺ նիստերի օրակարգի, իշխանության պահվածքի, ինչպես նաեւ քարոզարշավի հետ կապված հարցեր:

Չնայած Հայաստանի ու Արցախի սահմաններին տիրող լարված վիճակին՝ անվտանգային հարցերը չեն քննարկվելու ՔՊ նիստին:

Ստացվում է՝ հայրենի իշխանականները ամեն ինչի ժամանակ ունեն՝ խնջույքների, քարոզարշավի, բայց մոռացել են իրենց բուն պարտականությունների մասին, այն է՝ երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելը. նրանց համար առաջնայինը միայն նեղ կուսակցական հարցերն են:

Նույն պահին Ադրբեջանում մոբիլիզացիա է, եւ Հայաստանի ու Արցախի սահմանին ուժեր են կուտակվում թշնամու կողմից»:

Տեսանյութեր

Լրահոս