Հոկտեմբերի 1-ին կօրհնվի սուրբ Մյուռոնը․ Կաթսա

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան, որը 1895 թ. հունվարի 1-ին Ս. Էջմիածնին է նվիրաբերել Նոր Նախիջևանցի վաճառական Աղա Գասպար Հարությունյան Կարապետօղլյանը:

Այն պատրաստվել է Մոսկվայում` Պ. Օվչիննիկովի արհեստանոցում: Կաթսայի վրա պատկերված են Քրիստոսի մկրտությունը Հովհաննես Մկրտչի ձեռքով, Աբգար արքայի մկրտությունը Ս. Թադեոս առաքյալի կողմից, արքայական ընտանիքի մկրտությունը Ս. Գր. Լուսավորչի ձեռամբ, Միածին Որդու էջքը, Մայր Տաճարը և Հոգեգալուստը:

Կաթսայի գծագրության ծախսերը հոգացել է Հարություն Եզյանցը, իսկ կաթսայի վրայի ձուլածո կաղապարները պատրաստվել են Սերովբե Հարությունյանի տպարան-գործարանում: Առաջին անգամ այս կաթսայում Ս. Մյուռոն է օրհնել Խրիմյան Հայրիկը 1897 թ. սեպտեմբերի 14-ին:

Ուշագրավ է, որ Մյուռոնօրհնության համար շքեղ կաթսա ունենալու գաղափարի հեղինակը հայ նշանավոր գրող Ռաֆայել Պատկանյանն է: Նա 1889 թ. հունվարի 17-ին նամակ է գրում Մակար Ա Թեղուտցի կաթողիկոսին (1885-1891), որում հայցում է Վեհափառի օրհնությունը` համընդհանուր հանգանակություն կազմակերպելու կաթսայի համար։

Տեսանյութեր

Լրահոս