Եթե ԼՂ-ում շրջափակում և սով չկա, ինչու է Ադրբեջանը փորձում հումանիտար օգնություն հասցնել այնտեղ․ Մարուքյանը հակադարձել է Հաջիևին

ԵՍ: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հակադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կեղծ պնդմանը, թե Լաչինի միջանցքն արգելափակված չէ, ու Լեռնային Ղարաբաղում շրջափակում չկա։

Մարուքյանը Հաջիևի հայտարարություններին անդրադարձել է X-ի (նախկինում Twitter) իր էջում կատարած գրառմամբ․

«Arab News-ին տված հարցազրույցում Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, թե Լաչինի միջանցքը արգելափակված չէ և Լեռնային Ղարաբաղում շրջափակում չկա։

Ադրբեջանը նման կերպ ցանկանում է խաբել միջազգային հանրությանը Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման փաստի վերաբերյալ, ինչը հաստատել են միջազգային այնպիսի հայտնի կազմակերպություններ, ինչպիսիք են «Human Rights Watch»-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը՝ հաստատված միջանկյալ որոշումներով, որ միջանցքը արգելափակված է, իսկ ժողովուրդը սովահարության շեմին է։

Ի վերջո, եթե Լաչինի միջանցքը փակված չէ, և Լեռնային Ղարաբաղում պաշարում ու սով չկա, ինչպես պնդում է Ալիևի օգնականը, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը Աղդամ ուղարկել այդ խորհրդավոր մարդասիրական օգնությունը»,- գրել է Մարուքյանը։

Ադրբեջանը, որը պարբերաբար հերքում է Լաչինի միջանցքն արգելափակված պահելու փաստն ու պնդում, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ չկա, հերթական շոուն է բեմադրել և Աղդամի ճանապարհով փորձում է 40 տոննա ալյուր հասցնել Լեռնային Ղարաբաղ՝ որպես «հումանիտար օգնություն»։ Ստեփանակերտից, սակայն, հայտարարել են, որ իրենց Ադրբեջանից որևէ օգնություն պետք չէ, իսկ Աղդամի ճանապարհը գործարկելու Ադրբեջանի առաջարկը ոչ այլ ինչ է, քան իրենց հպատակեցնելու փորձ։ Արցախցիները փակել են Ադրբեջանի այսպես կոչված «հումանիտար բեռի» ճանապարհը և թույլ չեն տալիս, որ ադրբեջանական երկու բեռնատարները մուտք գործեն Լեռնային Ղարաբաղ։ Լեռնային Ղարաբաղի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն էլ հայտարարել է, որ իշխանությունները հստակ որոշում ունեն Աղդամի ճանապարհը փակ պահելու վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս