Արցախի ընդդիմադիր 3 խմբակցությունները նախագահի թեկնածու են առաջադրել պետնախարար Սամվել Շահրամանյանին

Արցախի ընդդիմադիր երեք խմբակցությունները՝ «Արդարությունը», ՀՅԴ-ն եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» նախագահի թեկնածու են առաջադրել պետնախարար Սամվել Շահրամանյանին: Տեղեկությունը Alpha News-ին հայտնեց «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը:

«Մենք երեք երեք ուժերով հանդիպում ենք ունեցել Սամվել Շահրամանյանի հետ: Այսօր արդեն նրա թեկնածությունը ներկայացրել ենք Ազգային ժողովի աշխատակազմին»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:

Պատգամավորը հայտնեց նաեւ, որ իշխող ուժը՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը, նույնպես երեկ հանդիպել է Սամվել Շահրամանյանի հետ, սակայն չի կարող ասել՝ նրա թեկնածությունն առաջադրելո՞ւ են, թե՞ ոչ:

«Կարծում եմ, որ իշխող ուժը գիտակցում է համախմբման կարեւորությունը եւ լիահույս եմ, որ իրենք ճիշտ որոշում են ընդունելու»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:

Ինչ վերաբերում է խորհրդարանի՝ մեծությամբ երկրորդ ուժ «Միասնական հայրենիք» խմբակցությանը, ապա համանուն կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել էր, որ մասնակցելու են նախագահի ընտրության օրակարգով Ազգային ժողովի նիստին, բայց չեն քվեարկելու թեկնածուի օգտին:

Ամենայն հավանականությամբ, նախագահի ընտրության օրակարգով ԱԺ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 1-ին հրաժարական է տալու: Մինչեւ հրաժարական ներկայացնելը, Հարությունյանը Գուրգեն Ներսիսյանին ազատել էր պետնախարարի պաշտոնից եւ այդ պաշտոնում նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին՝ տալով նրան լայն լիազորություններ:

Մինչեւ նախագահ ընտրելը՝ նրա լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս