Ադրբեջանի կողմից սահմանին զորքի կուտակումն ուժի սպառնալիք է, չի բացառվում սեպտեմբերի 13-14-ի գործողությունների կրկնություն. Հայկ Նահապետյան

Տարածաշրջանային զարգացումների ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը գործիք են ընդամենը՝ կա շահերի բախում, մի կողմից՝ Ռուսաստան-Իրան, մյուս կողմից՝ Ադրբեջան-Թուրքիա, Իսրայել-Մեծ Բրիտանիա-Միացյալ Նահանգներ։ 168.am հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի սահմաններին զորքի տեղակայմանը և ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը։

Ըստ ռազմական փորձագետի, այն հրապարակային հայտարարությունները խաղաղության ամրագրման, պայմանագրի կնքման վերաբերյալ, պարզապես գործիքներ են, քանի որ Արևմուտքին մեկ բան է պետք՝ ժամ առաջ առանց լրջագույն խնդիրների՝ առանց Արցախի հարցի լուծման, կնքել պայմանագիր, որը փաստացի հայկական կողմին՝ Հայաստանին ու Արցախին, ձեռնտու չէ, քանի որ խնդիրները շարունակում են մնալ։ Դա ձեռնտու չէ նաև Ռուսաստանին՝ նույն տրամաբանությամբ։

«Փաստացի Արևմուտքին պետք է ժամ առաջ կնքել խաղաղության պայմանագիր, ժամ առաջ պետք է, որպեսզի Աղդամի ճանապարհը բացի, որպեսզի «հումանիտար» բեռ մտցնի Արցախ։ Սա, բնականաբար, բերելու է ինտեգրման գործընթացի սկզբին, սա ոչ Արցախին  ու Հայաստանին, ոչ էլ Ռուսաստանին ու Իրանին է պետք։ Փաստացի հիմա Փաշինյանն այդ փաստաթուղթը չի ստորագրում՝ ասելով, թե կետեր կան, որոնց շուրջ համաձայնության չեն գալիս, ինչն Արևմուտքին առհասարակ չի հետաքրքրում։

Սահմանին այս պահին զորքերի կուտակման իմաստը՝  զորավարժությունների, զորակոչի անվան տակ, ուժի սպառնալիք է, այսինքն՝ ցույց է տալիս, որ եթե Հայաստանն ու Արցախը մեր պայմաններին չեն համաձայնում, ուրեմն՝ այսպես է լինելու։ Իսկ Ադրբեջանը երկու բան է ուզում՝ իր պայմաններով ու ցանկություններով կնքել խաղաղության պայմանագիր և բացել Ակնայի ճանապարհը, որը, կրկնում եմ՝ նպաստելու է Արցախի հայաթափմանը։ Թեպետ չի բացառվում, որ Ադրբեջանն այդուամենայնիվ, կիրառի այդ ուժը, բացի ուժ ցույց տալուց, ինչը ենթադրում է լայնածավալ ռազմական գործողություններ»,- շեշտեց Հայկ Նահապետյանը։

Կարդացեք նաև

Փորձագետը վստահ է՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման դեպքում, երբ փորձի ՀՀ մարզերն իրարից կտրել կամ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը ստեղծել, որով Հայաստանը բաժանվելու է երկու մասի, սա նշանակում է, որ տարածաշրջանում շահեր ունեցող այլ երկրներ ևս՝ Ռուսաստանը և Իրանը,  ցանկանան թե ոչ, ներգրավվելու են այդ գործընթացում։

«Կրկնում եմ՝ Ադրբեջանի կողմից սա ճնշման գործիք է, բայց չի բացառվում, որ կրկնվի սեպտեմբերի 13-14-ի գործողությունները։ Սահմանային միջադեպերի անվան տակ, քանի որ դրանք դեռ դելիմիտացված և դեմարկացված չեն, Ադրբեջանը կհայտարարի, թե դրանք իր տարածքներն են, կվերցնի ռազմավարական նշանակության բարձունքներ, հենակետներ, որտեղ իր վիճակը շատ ավելի շահեկան կլինի, նաև բանակցային սեղանի շուրջ»,- շեշտեց նա։

Հայկ Նահապետյանի խոսքով՝ պատերազմի հավանականությունը մեծանում է, որովհետև Հայաստանը, ի դեմս իր ղեկավարի՝ արդեն հրապարակավ հայտարարում է, որ անվտանգության առումով ժամանակին ստրատեգիական սխալ որոշում է կայացվել ՌԴ-ի հետ անվտանգային ճարտարապետությունը կառուցելու առումով։

«Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ փորձ է անում Հայաստանից հանել ՌԴ-ի հիմնական ներկայությունը, ինչը երկնային մանանա է Ալիևի համար։

Եթե Նիկոլ Փաշինյանի ու քաղաքական խմբակի մտքի թռիչքը բերում է նրան, որ Հայաստանից պետք է հանվի ռուսական ներկայությունը, ապա ապագան մեզ համար դառնում է  խիստ կանխատեսելի՝ ՀՀ տարածքը 10 հազար քկմ տարածքով։ Սա է այն իրականությունը, որին Փաշինյանը ցանկանում է հասնել։ Սակայն հաշվի առնելով այն գնահատականները, որոնք տվեցի, ՌԴ-ն երբեք ՀՀ-ից դուրս չի գա, այս մասին ՌԴ-ն ասաց ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի շուրթերով, որ չի պատրաստվում դուրս գալ Հայաստանից, առավել ևս՝ Արցախից։

Հիմա, երբ Նիկոլը ՆԱՏՕ-ին ասում է՝  «էստի համեցեք», մենք գիտեք, թե դա ինչ է նշանակում, որտեղ ՆԱՏՕ-ն, այնտեղ քաոս, պատերազմ։ Ստացվում է, որ Փաշինյանը Հայաստանը դարձնում է Ուկրաինա, ինչո՞ւ։ Նիկոլը մտածում է, որ ՌԴ-ին այստեղից կհանի, ու կհաճոյանա Արևմուտքին, որին հաճոյանալու համար արդեն իսկ մի քանի քայլ է արել՝ հարցազրույցը իտալական լրատվամիջոցին, Ուկրաինա օգնություն ուղարկելը և Հռոմի ստատուտի ընդունումը, այս ամենն Արևմուտքին քծնելու համար է։ Նիկոլն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է զոհաբերել ամեն ինչ ու բոլորին»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս