Եթե ապաստան փորձի գտնել, ապա մյուս ՔՊ-ականները թող հիմիկվանից իրենց ճակատագրի մասին մտածեն. Ստեփան Դանիելյան

Ադրբեջանական ԶՈՒ-ն զինտեխնիկա է կուտակում հայ-ադրբեջանական սահմանին՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում. հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ ահազանգում են առաջիկա օրերին սպասվող նոր էսկալացիայի մասին: Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցներում բազմաթիվ են անդրադարձերը Հայաստանի դեմ նոր հնարավոր գործողությունների գնալու մասին:

Սահմանային կուտակումներին զուգահեռ՝ Հայաստանից առաջին խոսափողի մակարդակով հնչում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կասկածի տակ դնող հայտարարություններ, հայկական կողմը մերժում է ՀԱՊԿ զորավարժությունների մասնակցելու հայտը, բայց հայտարարում է, որ մասնակցելու է հայ-ամերիկյան զորավարժություններին, Նիկոլ Փաշինյանի տիկնոջ մի ռեվերանսով էլ՝ Ուկրաինա այցով, խախտվում է ռուս-ուկրաինական պատերազմում հայկական կողմի որդեգրած նեյտրալ դիրքորոշումը:

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիպաշարին՝ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատեց, որ իշխանությունների քայլերն այս իրավիճակում մանիպուլյացիաներ են, որոնցով նորից փորձելու են իրենց մեղքն ուրիշի վրա բարդել:

Ադրբեջանական զինուժի կուտակումներն ուժի ցուցադրությո՞ւն են՝ նոր զիջումների հակելու Հայաստանին, թե՞ հնարավոր էսկալացիայի պատրաստություն՝ մեր հարցադրմանն ի պատասխան՝ քաղաքագետը մանրամասնեց.

Կարդացեք նաև

«Ենթադրում եմ (հնարավոր է՝ ենթադրությունը ճիշտ է կամ սխալ), որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի ժամանակ Նիկոլ Փաշինյանն Ալիևին խոստումներ է տվել, որ անկլավները պետք է հանձնի, սակայն վախենում է խոստումները կատարել, և Ադրբեջանը, հենվելով այդ խոստումների վրա, փորձում է ուժի միջոցով այդ տարածքները վերցնել՝ մասնավորապես Տավուշի մարզում:

Փաշինյանը վախենում է դա առանց պատերազմի հանձնել, և ինքը պետք է մեղավորներ փնտրի, որովհետև իր ողջ քաղաքականությունն այն է, որ ինքը մեղավոր չէ. բոլորն են մեղավոր՝ բացի իրենից»:

Ստեփան Դանիելյանը հավելեց՝ ՀՀ հանրության համար իշխանությունները մեղավոր են նշանակել ՌԴ-ին, ու այդ հնարավոր հարձակման պարագայում Նիկոլ Փաշինյանը պետք է մեղադրի հենց Ռուսաստանին:

«Դրա համար է քայլեր անում դեպի ՆԱՏՕ, որ նայեք՝ ես քայլեր եմ անում, ՌԴ-ն չի պաշտպանում. Ադրբեջանը հարձակվում է, իսկ ՌԴ-ն իր պարտավորությունն էլի չի կատարում: Այստեղ կարելի է հասկանալ՝ ինչ նկատի ուներ Զախարովան, երբ ասում էր՝ ՀՀ ղեկավարը պետք է իր խոսքերի համար պատասխանատվություն կրի,- ասաց նա և շեշտեց, որ հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել ՀԱՊԿ-ի զորավարժությունները մերժելը, Ուկրաինա հումանիտար բեռ ուղարկելը,- Նա քայլեր է կատարում, որ ասի՝ նայեք, ՌԴ-ն չպաշտպանեց, ես իմ քայլերն արեցի, դրա համար մեզ պատժում են և պատժում են Ադրբեջանի ձեռքերով: Այսինքն՝ մանիպուլյացիաներ են:

Եվ երկրորդ պահը գոյություն ունի. քանի որ ՀՀ ղեկավարությունն արդեն Իրանի և ՌԴ-ի համար անընդունելի է, և, ըստ երևույթին, հնարավոր է՝ նույն Սոչիում և Թեհրանում բանակցությունների ժամանակ իրեն դուրս են գրել քաղաքականությունից, նա փորձում է Արևմուտքի փրփուրներից կախվել, կամ էլ՝ իրեն վռնդելու գործընթացին քաղաքական տեսք տա, և Սահակաշվիլու նման ապաստան փորձի գտնել: Բայց եթե ապաստան փորձի գտնել, ապա մյուս ՔՊ-ականները թող հիմիկվանից իրենք իրենց ճակատագրի մասին մտածեն»:

Տեսանյութեր

Լրահոս