Վրաստանի խորհրդարանը չի պաշտպանել Հաղթանակի օրը մայիսի 8-ին նշելու նախաձեռնությունը
Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ չեն աջակցել ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Ակուբարդիայի օրենսդրական նախաձեռնությանը` հանրապետությունում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը մայիսի 9-ից 8-ը տեղափոխելու վերաբերյալ։
Քվեարկության արդյունքներով՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելուն կողմ է քվեարկել 20, դեմ՝ 4 պատգամավոր։ Փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ էր 76 պատգամավորի համաձայնությունը։
Ելույթ ունենալով ամբիոնից՝ Ակուբարդիան հիմնավորել է նախաձեռնությունը նրանով, որ պետք է ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը նշել Եվրոպայի հետ, այլ ոչ թե Ռուսաստանի։ Նրա խոսքով՝ օրինագիծը չի արգելում վետերաններին և այլ անձանց տոնը նշել նաև մայիսի 9-ին և այցելել հուշահամալիրներ, սակայն պաշտոնական օրը պետք է լինի մայիսի 8-ը։ Օրինագիծը համատեղ նախաձեռնել են Ակուբարդիան, որը ներկայացնում է քաղաքական «Ռեֆորմատորների խումբը», ինչպես նաև անկախ ընդդիմադիր պատգամավոր Արմազ Ախվլեդիանին։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներն օրինագծի քննարկման ժամանակ հարցեր ուղղելով նախաձեռնողին՝ քննադատել են օրինագիծը՝ նշելով, որ այն մայիսի 9-ը տոնելու սովոր հասարակությանը կպառակտի։ Նրանց կարծիքով՝ հիմա աբսուրդ է քննարկել, թե ժամը քանիսն էր, երբ ստորագրվեց Գերմանիայի կապիտուլյացիայի պայմանագիրը, և ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը պետք է պաշտոնապես նշվի մայիսի 9-ին։