ԵՄ առաքելությունը հայ–ադրբեջանական սահմանային լարվածության մասին զեկուցել է Բրյուսելին

Եվրամիության դիտորդական առաքելությունը մտահոգությամբ է հետևում վերջին օրերին հայ–ադրբեջանական սահմանին լարվածության աճին և փոխհրաձգություններին։ Այս մասին հայտարարել է ԵՄ առաքելությունը X–ի միկրոբլոգում։

Հայտնել ենք, որ ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր:

«Մեր պարեկները մշտադիտարկում են սահմանային տարածքները և հակամարտության հատվածները՝ զեկուցելու ռազմական գործողությունների և անվտանգության պահպանման մասին»,– նշված է առաքելության հաղորդագրության մեջ:

Առաքելությունից նաև նշել են, որ իրենց մշտադիտարկումների մասին արդեն զեկուցել են Բրյուսել։

Հիշեցնենք` փետրվարի 20-ից ՀՀ–ում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։

ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ ՀՀ սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան:

Տեսանյութեր

Լրահոս