Բաժիններ՝

Վերաարտահանման հնարավոր սահմանափակումները ՀՀ-ի ՀՆԱ-ի վրա կարող են ունենալ 0.24 տոկոս ազդեցություն. Քերոբյան

Սահմանափակումները, որոնք կարող են առաջիկայում լինել ապրանքների վերաարտահանման վրա, Հայաստանի այս տարվա համախառն ներքին արդյունքի ցուցանիշի վրա կարող են ունենալ 0.24 տոկոս ազդեցություն:

Այս մասին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցերին:

Հայաստանում նկատված տնտեսական ակտիվության բարձր տեմպը պատգամավորը կապեց հիմնականում արտաքին ժամանակավոր գործոնների հետ՝ նկատելով, որ երկրորդ կիսամյակում նկատվում է տնտեսական ակտիվության աճի տեմպի էական նվազում՝ այն ֆոնին, երբ քննարկվում է Ռուսաստանի հետ վերաարտահանման սահմանափակումների խնդիրը:

«Մենք այս «ոսկե շրջանն» ավարտեցի՞նք, այլևս այդ գործոնը չկա՞, թե՞ որոշակի հնարավորություն կա նորից բարձր երկնիշ տնտեսական ակտիվություն ունենալու»,-հարցրեց պատգամավորը:

Նախարար Վահան Քերոբյանը պատասխանեց. «Առաջին 7 ամիսների տնտեսական աճի արդյունքներն անհամեմատ ավելի բարձր են, քան կառավարության՝ 2023-ի բյուջեով դրված թիրախները: Մեր կանխատեսումներն այս տարվա համար մեզ վստահություն են տալիս, որ մենք, այնուամենայնիվ, կգերակատարենք կառավարության բյուջեով հաստատած թիրախները: Կառավարությունն իր ծրագրի իրականացման ընթացքում նաև կապահովի հաջորդ տարիների նախանշած տնտեսական աճի ցուցանիշները, խոսքը 7 տոկոս տնտեսական աճի մասին է»:

Անդրադառնալով արտահանմանը՝ նախարարն ասաց, որ տարվա առաջին կիսամյակի տվյալներով ծառայությունների և ապրանքների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է մոտ 57 տոկոս, որը ռեկորդային է:

«Մեր կարծիքով՝ այն սահմանափակումները, որոնք կարող են առաջիկայում լինել ապրանքների վերաարտահանման վրա, Հայաստանի 2023 թ ՀՆԱ-ի ցուցանիշի վրա կարող են ունենալ 0.24 տոկոս ազդեցություն»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ պատգամավորի մտահոգության առիթը մեծ ազդեցություն չունի ՀՀ-ի ՀՆԱ-ի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս