Իշխանություններն ընդդեմ Պուտինի՞. Հռոմի ստատուտի վավերացման ռիսկերն ու հնարավորությունները

Հայ-գերմանական իրավաբանների ասոցիացիայի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ, Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանն այն կարծիքին է, որ Հռոմի ստատուտի վավերացումը որևէ ձևով չպետք է Ռուսաստանի հետ առնչություն ունենա, դրա նպատակն իրավական տեսանկյունից ՀՀ սահմանների ապահովումն է:

«Կառավարության որոշմամբ՝ հետադարձ ուժ կա՝ ընդգրկել նաև այն տուժողներին, ովքեր Արցախից պատերազմի արդյունքում բռնագաղթել են: Այնուամենայնիվ, երբ տարվա սկզբին եղավ Վլադիմիր Պուտինի կալանքի որոշումը, դա համընկավ այն գործընթացի հետ, որը Հայաստանում սկսվել էր մինչև Վլադիմիր Պուտինի կալանքի որոշումը: Երկրորդ համընկնումը Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ոչ այդքան բարիդրացիական պայմանների ստեղծումն է: Սահմանադրական դատարանի որոշումը երբ նայում ենք, նախատեսված էր համապատասխան ժամանակահատված, որի պարագայում պետք է վավերացումը տեղի ունենար, բայց քանի որ իրադարձություններն օր օրի ավելի ակտուալ են դառնում, ես չէի պայմանավորի, որ սա զուտ միտում է ՌԴ-ին ևս մեկ անգամ հարվածել: Հռոմի ստատուտի վավերացման սկզբնական նպատակը պետք է լինի այն, որ մենք ապահովենք մեր սահմաններն իրավական առումով պատերազմական և մնացած տեսակի հանցագործություններից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հարցին՝ վավերացնելուց հետո, եթե Վլադիմիր Պուտինը գա Հայաստան, պետք է ձերբակալե՞ն, թե՞ կարող են չձերբակալել նրան, նա պատասխանեց. «Սա շատ բարդ հարց է: Մենք ունենք Հարավաֆրիկյան Հանրապետության օրինակը. Հուլիսին Վլադիմիր Պուտինը հրավիրված էր Հարավաֆրիկյան Հանրապետություն, և ամբողջովին ճնշում էր իրականացվում Հարավաֆրիկյան Հանրապետության նկատմամբ, որ նա պետք է ձերբակալի Պուտինին: Արդյունքում, Վլադիմիր Պուտինը չգնաց այդ ռիսկին, որովհետև հավանականությունը կարող էր այնպիսին լինել, որ նա ձերբակալվեր: Այստեղ իրավական տեսանկյունից կազուս կա, որ այլ երկրի ղեկավարը չի կարող ենթարկվել պատասխանատվության ազգային դատական ատյանում, բայց Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) ատյանում կարող է ենթարկվել, բայց որպեսզի ինքը գա Միջազգային քրեական ատյան, ապա ազգային ատյանը պետք է դրա մասին որոշում կայացնի՝ կալանավորի: Հիմա այստեղ կազուս է առաջանում՝ ո՞նց ազգային ատյանը որոշում կայացնի, եթե նախագահը իմունիտետ ունի դատարանի առաջ: Շատ դժվար է այստեղ որևէ հստակ լուծում գտնել գործող նախագահի և նրա անձեռնմխելիության պարագայում»:

Դիտարկմանը՝ ամեն դեպքում, եթե Հռոմի ստատուտը վավերացվի այս փուլում, դա ընկալվելու է՝ որպես հակառուսական քայլ, քանի որ Վլադիմիր Պուտինը նույնկերպ կարող է կաշկանդված լինել Հայաստան այցելել, նա արձագանքեց. «Այո, օրինակ՝ Գերմանիայի իշխանությունները հստակ հայտարարել են, որ իրենց դատական համակարգը ձերբակալելու է, եթե Վլադիմիր Պուտինը հայտնվի Գերմանիայի տարածքում, բայց պետություններ կան, որոնք կաշկանդված են: Այստեղ լուրջ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, և մենք այդ մեծ խաղացողների շարքում չենք, որ կարողանանք հստակ գործողություններ իրականացնել ՌԴ դեմ: Այո, մենք պարտավորություններ ձեռք բերում ենք՝ ՄՔԴ-ին միանալով, այնուամենայնիվ, մենք այն պետությունը չենք, որ կարողանանք ՄԱԿ ԱԽ մշտական ներկայացուցիչ պետության ղեկավարին ձերբակալել»:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ Հայաստանի համար ամենակարևորը պետք է լինի անվտանգությունը. «Իհարկե, անվտանգության առումով դժվարություններ կարող են առաջանալ նաև այն պարագայում, եթե մենք ՌԴ հետ այսպիսի վատ հարաբերությունների մեջ գտնվենք: Բայց ես հուսով եմ, որ մեր դիվանագիտությունը մինչև վավերացնելը որոշակի դիալոգի մեջ եղել է ՌԴ իշխանությունների հետ, և փորձել են հասկացնել, որ սա նպատակ է հետապնդում Հայաստանի սահմաններն ապահովել, հայ ժողովրդի շահերը պաշտպանել: Հույս ունեմ, որ երկուստեք կան համաձայնություններ: Բայց եթե այդ բանակցությունները տեղի չեն ունեցել և ուղղակի հարված է հասցվում, պետք է հաշվի առնել, որ ռիսկեր կան, և կարող է վտանգավոր լինել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս