Ջարդում են տնտեսության ողնաշարը, որն արտահանելի հատվածն է․ արտահանողները ծանր դրության մեջ են. Վարդան Արամյան
Անցյալ շաբաթ՝ օգոստոսի 25-ին, Հայաստանում կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որի շրջանակներում հայտարարվեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն առաջին յոթ ամիսների համար կազմել է 3,7 մլրդ դոլար, որից 2 մլրդ-ը Հայաստանից արտահանումն է, իսկ 1,7 մլրդ-ը՝ Ռուսաստանից ներմուծումը։
Անցյալ շաբաթ հրապարակվեցին նաև Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի արձանագրած վերջին ցուցանիշները, ըստ որոնց, արդյունաբերությունը գտնվում է աղետալի վիճակում՝ տնտեսության այլ ճյուղերի համեմատ ամենացածր ցուցանիշներով։
Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանից Ռուսաստան 2 միլիարդ դոլարի ապրանք է արտահանվել արդյունաբերության ընդամենը 1 տոկոսանոց աճի պայմաններում, և որոնք են դրա պատճառները, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի տաղավարում քննարկել ենք Հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու, Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի հետ։
Ըստ նրա՝ հրապարակված պաշտոնական ցուցանիշները ևս մեկ անգամ փաստում են՝ արդյունաբերության թողարկման ծավալները փոքր են, իսկ արտահանման բարձր ցուցանիշ կարողացել ենք արձանագրել ընդամենը վերարտահանման միջոցով։
«Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբին, երբ դեպի Հայաստան առաջին փողի ալիքը եղավ, ես նախազգուշացնում էի, որ այդ ալիքը հանգեցնելու է նրան, որ մենք ունենալու ենք 2001-2008 թվականների իրավիճակը, եթե ճիշտ քաղաքականություն չվարենք և կրկնենք նախկին սխալները. այսօր իմ ասածն իրականություն է դառնում, դժբախտաբար, և դա կարող ենք փաստել թվերով, որովհետև, եթե անցյալ տարի մշակող արդյունաբերությունը ջանքեր գործադրեց իր պոտենցիալից ավելին արտադրելու համար, ապա այսօր մշակող արդյունաբերությունը խեղդվում է։ Սա Կառավարության սխալ քաղաքականության հետևանքն է։ Մեր տնտեսության ողնաշարը ջարդվում է, որը դասական կանոններով արտահանելի հատվածն է»,- ասաց Վարդան Արամյանը։
Նրա փոխանցմամբ՝ մինչդեռ տնտեսության ողնաշարը չջարդելու համար Կառավարությունը պետք է որդեգրեր ավելի շատ հարկեր հավաքելու, քիչ ընթացիկ ծախսեր անելու քաղաքականություն և հավելյալ հարկեր հավաքեր տնտեսության ոչ արտահանելի հատվածից, այդ թվում՝ նաև փոփոխության ենթարկելով համապատասխան հարկման ռեժիմները, ինչը, սակայն, չի արել։
Արամյանի համոզմամբ՝ չանելու հետևանքով հարկեր/ՀՆԱ ցուցանիշը մնաց նույն մակարդակի վրա՝ նախորդ՝ 2021թ.-ի համեմատ, բարելավում չունեցանք, իսկ հավաքած հարկերի մեծ մասը հավաքեցին արտահանելի հատվածից՝ խեղդելով հենց արտահանողներին։
«Արդյունքում՝ մենք ունենք հարկաբյուջետային ձախողում, և դա էր պատճառը, որ Կենտրոնական բանկն արեց այն, ինչն արեց. տեսավ, որ դրսից գումարները լցվում են Հայաստան, ինչն իր հերթին՝ բերում է գնաճի, ստիպված եղավ, Կառավարության կողմից միայնակ մնալով և այլ ելք չունենալով, թույլ տալ, որ դրամն էական արժևորվի, որովհետև իր համար նպատակը գնաճն է և ոչ՝ փոխարժեքը»,- ասաց Արամյանը՝ ընդգծելով՝ մինչդեռ Կառավարությունը կարող էր օգնել ԿԲ-ին, երբ դրսից մեծածավալ արտարժույթ էր մտնում երկիր․ ԿԲ-ն կարող էր շատ ավելի մեծ ծավալներով արտարժույթ գներ և թույլ չտար, որ դրամն էական արժևորվեր, սակայն չարեց դա, որովհետև արտարժույթի գնման հետևանքով տնտեսությունում հայտնված դրամը լրացուցիչ գնաճային ռիսկեր կառաջացներ առանց այդ էլ բարձր գնաճային միջավայրում, ուստի կառավարությունը պետք է այս խաղում օգներ․ Լրացուցիչ հարկերի և պարտատոմսերի թողարկման, ինչպես նաև էլ ավելի զսպված ընթացիկ ծախսեր կատարելով՝ ավելցուկ դրամը դուրս հաներ տնտեսությունից, որպեսզի ԿԲ-ն ավելի համարձակ, մեծ ծավալներով արտարժույթ գներ և մի կողմից՝ գնաճային սպասումները չսներ, և մյուս կողմից՝ թույլ չտար փոխարժեքի այդչափ արժևորում։
«Կրկնում եմ՝ շարունակվում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ողնաշարի ջարդելու գործընթացը։ Տնտեսության ողնաշարն արտահանելի հատվածն է, իսկ պետությունը խեղդում է հենց արտահանելի հատվածը, որը շատ դժվարին վիճակում է»,- խոսքը եզրափակեց Արամյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում