«ԱՄՆ-ն փորձում է զրկել Թուրքիային զենիթահրթիռային համակարգերից». թուրք փորձագետ
Օգոստոսի 27-ին ավարտվել են ռադիոհաճախականություն որսացող (RF) հրթիռների կիրառմամբ «HİSAR O+» թուրքական զենիթահրթիռային համակարգի դաշտային փորձարկումները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նույն օրն առաջին անգամ փորձարկվել է նաև թուրքական արտադրության մեկ այլ հրթիռ՝ «Siper-2»-ը:
«Siper-2»-ի և այլ թուրքական արտադրության զենք-զինամթերքի վերաբերյալ CNN Türk-ի հետ զրույցում գնահատականներ է տվել անվտանգության քաղաքականության փորձագետ թուրք Աբդուլլահ Աղարը:
Ընդգծելով վերոհիշյալ հրթիռների և համակարգի կարողունակությունը՝ փորձագետն ուշադրություն է հարվիրել այն փաստի վրա, որ Թուրքիան ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգին փոխարինող զենք է արտադրում:
«Մենք արտադրում ենք S-400-ին նմանվող զենք: Սակայն դեռևս այդ կետում չենք: Հեռավորության առումով դեռևս նրան չենք հասել: Այս պահին խոցման հեռավորությունը կազմում է 150կմ: Այն բարձր կրակելու կարողություն ունի: Զենք է, որը կարող է խոցել ինչպես ցածր, այնպես էլ բարձր թռչող հրթիռներ»:
Աղարը հայտնել է, որ «Siper»-ի ուղղությամբ տավող աշխատանքները հուլիսից արագցվել են և որ այն ծայրաստիճան կարևոր է Թուրքիայի պաշտպանական արտադրատեսակների մեջ:
Թուրք փորձագետը նաև առաջ է քաշել մի պնդում, ըստ որի՝ ԱՄՆ-ն փորձում է զրկել Թուրքիային զենիթահրթիռային համակարգերից և նմանատիպ այլ հրթիռներից:
Նա այդ քայլը բացատրել է ռուսական արտադրության S-400-ների ձեռքբերման պատճառով ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառմամբ և Թուրքիային ամերիկյան «Patriot» զենիթահրթիռային համակարգեր տրամադրելու դիմումի մերժմամբ: