Իշխանությունների լուռ համաձայնությամբ Արցախում հարցը լուծեցին, անցել են Հայաստանին

Լաչինի միջանցքի փակումը, ինչպես հայտնի է, սկսվեց բնապահպանական կեղծ մեղադրանքներով։ Ի վերջո, դա հանգեցրեց նրան, որ Արցախում դադարեցին գործել հանքարդյունաբերության ոլորտի այն ընկերությունները, որոնց նկատմամբ ադրբեջանցի կեղծ բնապահպանները պահանջներ էին ներկայացնում։

Որքան էլ համարենք, որ այդ պահանջները շինծու էին, նրանք հասան իրենց նպատակին։

Փակվեցին ոչ միայն Դրմբոնի և Կաշենի հանքավայրերը, այլև կաթվածահար եղավ Ղարաբաղի ամբողջ տնտեսությունը։

Միջանցքի երկկողմանի փակումից, հետագայում՝ նաև ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո Ղարաբաղի տնտեսությունն արդեն հասցրել է հարյուրավոր միլիոն դոլարների վնասներ կրել։ Կրիտիկական աստիճանի է հասել հումանիտար իրավիճակը։ Դադարել են գործել հանքարդյունաբերության ու ոչ հանքարդյունաբերության ոլորտի գրեթե բոլոր ձեռնարկությունները։

Կարդացեք նաև

Մինչ Հայաստանի իշխանություններին թվում էր, թե Ղարաբաղով կավարտվեն ադրբեջանական «բնապահպանների» պահանջները, Ղարաբաղում «բնապահպանական» հարցերը լուծելու հետ, սահուն անցան Հայաստանին։

Նախ՝ խափանեցին սահմանամերձ Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը։

Այն բանից հետո, երբ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բացահայտեց ծրագրի էությունը, իրականացվող շինարարությունը հայտնվեց ադրբեջանցիների թիրախում ու կրակահերթերի տակ, ինչի հետևանքով աշխատանքները դադարեցվեցին։

Մի քանի փորձեր արվեցին դրանք վերսկսելու համար, բայց ապարդյուն։

Նույնիսկ այն, որ գործարանի տարածքում բարձրացվեց Միացյալ Նահանգների դրոշ՝ ի նշան նրա, որ ծրագիրն ամերիկյան մասնակցություն ունի, ոչինչ չտվեց։

Արդեն տևական ժամանակ գործարանի կառուցման աշխատանքները դադարեցված են։ Խոսվում է այն մեկ այլ անվտանգ վայր տեղափոխելու մասին, թեև դեռևս վերջնական հաստատում կարծես չկա։

Անկախ նրանից՝ կլինի՞, թե՞ ոչ, փաստն այն է, որ առնվազն այս փուլում խափանվել է Հայաստանում հայ-ամերիկյան կապիտալով մետալուրգիական գործարանի կառուցման ծրագիրը։ Իշխանություններն անկարող դուրս եկան նույնիսկ Հայաստանի տարածքում, Հայաստանի սահմաններից ներս ապահովել մի քանի տասնյակ միլիոն դոլարանոց ներդրումային ծրագրի անվտանգությունը։ Ծրագրի ապագան անորոշ է ու հարցականի տակ՝ չնայած իրականացված զգալի աշխատանքներին։

Ի վերջո, ո՞վ պիտի փոխհատուցի ներդրողի կատարած ծախսերն ու կրած վնասները, եթե ծրագիր իրականացումը կասեցվի կամ նույնիսկ տեղափոխվի մեկ այլ վայր։

Այսքանից հետո ինչպե՞ս կարող են իշխանությունները խոսել Հայաստանում ներդրումների իրականացման համար ստեղծած արտակարգ պայմանների մասին, երբ չեն կարողանում անգամ ներդրողի տարրական անվտանգությունն ապահովել։ Իշխանություններն այնքան թույլ են ու վախվորած, որ հակառակորդն իր կամքն է թելադրում սահմանից այս կողմ, պարտադրում, որպեսզի դադարեցվի հաստատված ու մեկնարկած ներդրումային ծրագրի շինարարությունը։

Այսքանից հետո, ի՞նչ սպասելիքներ կարող են լինել երկրի սահմանների պաշտպանության ու անվտանգության առումով։

Զարմանալի չէ, որ իշխանությունների նման պահվածքից հետո, ադրբեջանցիները գնալով ավելի լկտի են դառնում ու նոր պահանջներ ներկայացնում՝ արդեն Հայաստանի սուվերեն տարածքում տասնյակ տարիներ գործող ընկերությունների նկատմամբ։

Երասխի գործարանի շինարարության դադարեցմանը հասնելուց հետո անցել են հանքարդյունաբերության ոլորտի գործող ընկերություններին ու հնարավոր բոլոր միջոցներով փորձում են կեղծ բնապահապանական խնդիրներ առաջադրել։ Երբեմն էլ դա անում են հայաստանյան բնապահպանների միջոցով, որոնք հայտնվել են ադրբեջանցիների ծուղակում և օգտագործվում են քարոզչական նպատակներով։

Այս ամենը, անկախ նրանից, թե ինչպես կներկայացվի, ունի Հայաստանի տնտեսությանը վնասելու նպատակ։ Բայց անիմաստ է կարծել, որ նպատակը միայն դա է։

Տեսանք, թե Ղարաբաղում «բնապահպանական» քողի տակ սկսված ակցիաներն իրականում ի՞նչ նպատակ էին հետապնդում և ինչո՞վ ավարտվեցին։

Որքան էլ Հայաստանի պարագայում իրավիճակը  մի փոքր այլ է, այնուհանդերձ ոչինչ բացառված չէ մի իշխանության պարագայում, որը պատրաստ է հանուն շինծու խաղաղության ու իշխանությունը պահելու՝ գնալ ցանկացած զիջման։

Այն, ինչ անում են Ադրբեջանի «բնապահպաններն» իրենց կեղծ բնապահապանական մտահոգություններով, վնասում է Հայաստանի հանքարդյունաբերությանը, առաջին հերթին՝ ներդրումային գրավչությանն ու ներդրումների ներգրավմանը։ Եվ դա տեղի է ունենում ոլորտում վերջին շրջանում ի հայտ եկած դժվարությունների պայմաննրում։ Թեև անգամ այդ վիճակում հանքարդյունաբերությունը շարունակում է առանցքային ու համակարգային նշանակություն ունենալ Հայաստանի տնտեսության համար, էական դեր կատարել ոչ միայն ՀՆԱ ձևավորման, այլև արտահանման, պետական բյուջեի եկամուտների ապահովման, աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև սոցիալական խնդիրների լուծման գործում։

Չհաշված վերջին մեկ տարվա հայտնի իրադարձությունները, որոնք վերարտահանումների շնորհիվ փոխել են Հայաստանի արտաքին առևտրի ու արտահանման կառուցվածքը, հանքարդյունաբերությունը միշտ էլ եղել է Հայաստանից իրականացվող արտահանումների առաջատարը։ Արտահանման գրեթե մեկ երրորդը եղել է այս ոլորտի հաշվին։

Այստեղ են ձևավորվում նաև բյուջեի եկամուտների գրեթե 10-11 տոկոսը։

Այս հոսքերն են, որոնք փորձում են կասեցնել ադրբեջանական «անհայտ ծագման բնապահպանները», թեև նրանց թիրախներն ավելի հեռու են տանում, ինչպես եղավ Ղարաբաղի պարագայում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս