
Իմ տան սուգը, իմ աղջկա դին ճղճիմ քաղաքական հարց մի՛ դարձեք․ արցախցի Հելենի մայրը դիմել է Փաշինյանին ու Միրզոյանին

Գյումրու ճանապարհին ողբերգական վթարի հետևանքով մահացած 20-ամյա Հելենի մայրը՝ Արցախի Հանրապետության բնակիչ Ալվարդ Սաֆարյանը, բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:
«Արդեն 14 օր է, ինչ իմ աղջկա՝ Հելենի մարմինը գտնվում է Գորիսի դիահերձարանում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մեզ տեղեկացնում է, թե «20-ամյա Հելենի դին Արցախ տեղափոխելու հարցը կողմերը Հայաստանի և Ադրբեջանի անհամաձայնությամբ սարքել են իրենց քաղաքական թեման»: Արդյոք իմ աղջկա դին, իմ տան սուգը պիտի դառնա ինչ-որ ճղճիմ քաղաքական հարց: Սա անընդունելի է»,- ասված նամակում:
Հելենի մայրը նշել է, որ այս աշխարհից, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններից իր ուզածը մեկն է՝ 20 տարեկան դստեր դին իր հողում հուղարկավորել։
«Դիմում եմ ձեզ՝ Նիկոլ Փաշինյան և Արարատ Միրզոյան, կատարեք ձեր պարտականությունները, ստեղծված իրավիճակին լուծում տալու համար: Իմ աղջիկը պիտի հուղարկավորվի իմ հողում, մեր կողքին և դուք պետք է լուծեք այդ հարցը: Մի՛ քաղաքականացրեք իմ աղջկա ողբերգական մահը: Ես չեմ հանձնվելու, պայքարելու եմ, մինչև իմ աղջիկը գա իմ կողքը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի հետևանքով զոհվել էր 12 մարդ։