Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին

2023 թ. օգոստոսի 24-ին ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ԱՀ Հանրային խորհրդի մի խումբ անդամների՝ ՀԽ նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ: Հայտնում են հանրային խորհրդից:

Խորհրդարանի ղեկավարը Հանրային խորհրդի անդամներին ներկայացրել է պաշտոնավարման մեկնարկից ի վեր ԱԺ նախագահի գործունեությունը և հանրությանը հուզող հրատապ հարցերի նկատմամբ մոտեցումները:

Դավիթ Իշխանյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման և օրենսդիր մարմնի վարկանիշի բարձրացման ուղղությամբ:

Անդրադառնալով Հանրային խորհրդի գործունեությանը՝ խորհրդի նախագահն իր խոսքում կարևորել է խորհրդարան- հասարակություն կապի ամրապնդումը: Արմեն Գևորգյանը մասնավորապես ընդգծել է, որ Հանրային խորհուրդը ապաքաղաքական մարմին է և կառուցողական գործունեություն է ծավալում, սերտորեն համագործակցում հայաստանյան և արտասահմանյան գործընկերների հետ: Խորհրդի անդամները խոսել են նաև կատարված և կատարվող հանրօգուտ աշխատանքների մասին:

Երկուստեք կարևորվել ու արժևորվել է Հանրային խորհրդի և օրենսդիր մարմնի փոխգործակցությունը: Արտահայտվեցին նաև այդ ուղղությամբ համատեղ քննարկումների հարթակի ու ձևաչափի ձևավորման ակնկալությունները։

Հանդիպմանը ներկա էր և քննարկումներին մասնակցել է նաև ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:

Տեսանյութեր

Լրահոս