Ճիշտը գիտակցված և ինքնակամ հեռանալն է, ինչո՞ւ եք ստիպում, որ ձեր հեռացումը լինի այլ գործընթացի արդյունքում․ Թևան Պողոսյան

Շատ պասիվ ու քիչ գործողություններ են կատարվել՝ բացելու Արցախի կյանքի ճանապարհը, շատ մեխանիզմներ գործի չեն դրվել։ Պետք է մի բան գիտակցենք ի սկզբանե՝ մենք այս թշնամուն նո՞ր ենք ճանաչում։ Եթե ճանապարհ բացելը ստացվեր դիվանագիտական ճանապարհով, այդկերպ 1992-ին էլ կբացեինք, հատկապես որ, այդ ժամանակ Հայաստանի իշխանություններն ազգային էին և պատրաստ էին Արցախի համար կռվելու։ Իրենք ևս հասկացան, որ միակ տարբերակը հենց 1992-ի սցենարն է, այլ տարբերակ չկա։ Թշնամին զիջում չի անելու, և եթե մի բան փակել է, դա արել է ընդմիշտ։ Ինչո՞ւ նա պետք է կորցնի իր հնարավորությունը, ո՞վ պետք է դիվանագիտորեն նրան հակազդի կամ ճնշի, որ ինքներս մեզ հույս ենք տալիս։ Կոսովոյում ՆԱՏՕ-ի զորքերն ինչպե՞ս վարվեցին սերբերի հետ։ 44 օր շարունակ աշխարհի աչքի առջև մեզ կոտորում էին, որևէ մեկն անգամ նորմալ քաղաքական հայտարարություն չարեց, դրանից հետո հույս ենք փայփայում, որ հիմա էլ շրջափակո՞ւմն են դատապարտելու։ 168TV«#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը։

«Այսօր մենք պետք է խելամիտ լինենք և հասկանանք, որ կա մեկ սցենար, որին պետք է նախապատրաստվել։ Եթե 2020 թվականին կառավարման համակարգի իմաստով նորմալ պետություն ունենայինք, այս սցենարին կնախապատրաստվեինք, կձևավորվեին տարբեր փորձագիտական խմբեր, որոնք կհաշվարկեին բոլոր հնարավոր զարգացումները, կհասկանային, թե որ քաղաքականությունն է ճիշտ։ Միակ լուծումը Հակարիի կամուրջն ուժով բացելն է, Ադրբեջանն այն չի բացելու, նրան դա պետք չէ, հակառակը՝ նրա նպատակն այն փակ պահելն է։ Եթե սցենարն ուժայինն է, պետք է հասկանալ՝ ի՞նչ անել դրա իրականացման համար։ Կախարդական փայտիկ չունենք, որ հրաման տվողին ասենք՝ հրամա՛ն տուր։ Ուրեմն պետք է սկզբնապես ձևավորել հրամանատարական էլեմենտը։ Բայց եթե անգամ այսօր ազգային ուժերը գան և բանակին հրաման տան, բանակը միգուցե ասի, որ պատրաստ չէ։ Այս գործընթացները պետք է զուգահեռ գնան, պիտի պատրաստվենք այս սցենարին, այլ մեխանիզմ չկա»,- ասաց հանրային գործիչը։

«Արցախի պետնախարարի վերջին խոսքի տողատակը հետևյալն էր՝ եթե պիտի ցեղասպանվենք, ի՞նչ տարբերություն՝ կո՞ւշտ, թե՞ դատարկ ստամոքսով կլինենք։ Մեր պապերն արժանապատվությունն են գնահատել, բայց սրանք հասկացնում են, որ միակ սցենարը դա է, պետք է դրան նախապատրաստվել։ Ամբողջ տեքստի իմաստն ու բովանդակությունը դա էր, դեռևս հույս ունեն, որ եթե բաց տեքստով չասեն, ոչ ոք չի հասկանա։ Ցանկացած իշխանավոր երազում է, որ պատմության մեջ իր անունը մնա՝ որպես հաղթանակած։ Բայց սրանց վարած քաղաքականությունը բերեց պարտության։ Ինչո՞ւ եք սպասում, որ այլ գործընթացով լինի այդ ամենը, ճիշտը գիտակցված և ինքնակամ հեռանալն է։ Ինչո՞ւ եք ուզում անպայման ավելի թուլացնել եղած հնարավորությունները»,- նշեց Թևան Պողոսյանը։

Հանրային գործչի կարծիքով՝ Փաշինյանն էլ երևի կերազեր հաղթանակներ կերտելու մասին, բայց երբ առաջին օրվանից զգաց, որ ոչինչ չի կարող անել, որոշեց պարտության գնով իշխանությունը պահել․ «Արցախի իշխանությունը Հայաստանի կողմից ենթարկվում է ճնշման։ Ժամանակն է, որ Արցախի իշխանություններն ատամ ցույց տան, հայտարարություններ անեն համայն հայության համար։ Արցախի նախագահն իրեն պիտի զգար Հայաստանի ղեկավարին հավասարազոր դեմք, որը կարող է խոսել և՛ Հայաստանի բնակչության, և՛ համայն հայության հետ։ Նա պետք է պահեր երկխոսության գաղափարը, որ նրա խոսքն էլ արժեք ունենար։ Բայց երբ դու ոչինչ չես անում, դրանից հետո էլ համայն հայությանը կոչերով ես դիմում, ո՞րն է դրա օգուտը, քեզ չեն լսում»:

«Պատերազմից հետո Ստեփանակերտը պիտի դարձնեինք համայն հայության մայրաքաղաք Երևանին հավասարազոր քաղաք։ Հայկական բոլոր կազմակերպությունները պիտի ոչ միայն մասնաճյուղեր ունենային Ստեփանակերտում, այլ միգուցե անգամ կենտրոնական գրասենյակները պիտի տեղափոխեին այնտեղ։ Մենք պիտի Բերձորի միջանցքը դարձնեինք երկկողմանի խցանված ճանապարհ։ Երբ Ադրբեջանը սկսեց այլընտրանքային ճանապարհ կառուցել, պարզ էր, որ այն արտագաղթի ճանապարհ է դառնալու։ Եթե նախկինը կոչվում էր կյանքի ճանապարհ, այս մեկը դառնալու է արտագաղթի ճանապարհ»,- ամփոփեց Թևան Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս