Ո՞վ է այդ «հերոսը», որ կգնա Բաքվում ապրելու. Փաշինյանի հայտարարության հետքերով. Sputnik Արմենիա
Տեսականորեն բոլոր փախստականներն էլ պահպանում են վերադարձի իրավունքը, բայց հարցը կարող է բարձրացվել միայն այն ժամանակ, երբ ստեղծված են անվտանգության բոլոր երաշխիքներն այդ իրավունքն իրացնելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով վարչապետի այսօրվա հայտարարությանը։
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կատարումը նախատեսում է փախստականների վերադարձ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածք, այլև հարակից շրջաններ։ Սա նշանակում է, որ ոչ միայն Հադրութի, Մարտակերտի մի շարք գյուղերի, Մարտունու մի շարք գյուղերի, այլև Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի և մյուս շրջանների հայերն արժանապատվորեն և անվտանգ իրենց տները վերադառնալու հնարավորություն պետք է ունենան։
Ալավերդյանի կարծիքով` այսպիսի բան ասելու նպատակն այսպես ասած սիմետրիկ վիճակի բերելն է։
«Քանի որ ադրբեջանցիներն ասում են վերադարձի մասին, մենք էլ խոսենք։ Չի կարելի խոսել վերադարձի մասին, երբ Ադրբեջանում ոչ միայն շարունակվում, այլև ահագնացող ծավալ է ստանում հայատյաց քաղաքականությունը, ընդ որում` պետական, պաշտոնական մակարդակով»,- նշեց իրավապաշտպանը։
Անդրադառնալով ադրբեջանցի փախստականների` Հայաստան վերադառնալու հայտարարություններին, Ալավերդյանը նշեց` Հայաստանում 164 հազար ադրբեջանցի է ապրել, որոնց 90 տոկոսը հասցրել է բնակարանները վաճառել Հայաստանից գնալուց առաջ։ Ըստ նրա` ադրբեջանցի փախստականների մեջ ընդամենը մի քանի հարյուր մարդ կարող է լինել, որոնք չեն հասցրել փոխանակել կամ վաճառել իրենց բնակարանները։ Բացի այդ, նրանք ոչ թե բռնի են հեռացել Հայաստանից, այլ իրենց որոշմամբ։ Մինչդեռ հայ փախստականների դեպքում իրավիճակը բոլորովին այլ է։
Ալավերդյանն անդրադարձավ նաև Փաշինյանի` հունվարին արած հայտարարությանը, թե Հայաստանն Ադրբեջանից, մասնավորապես` Բաքվից, Սումգայիթից, Գետաշենից, Շահումյանի շրջանից ու այլ տեղերից բռնագաղթած հայերի մարդահամար է իրականացնում։ Նա հայտնեց, որ նաև հաշվարկներ են արվում, թե նրանք իրենց դեմ կիրառած բռնությունների հետևանքով ինչքան նյութական վնաս են կրել։
«Անգամ եթե հիմա ցուցակագրում է արվում, այսօր քանի՞ մարդ է մնացել Հայաստանում այդ փախստականներից։ 90-ականների սկզբում պետական մակարդակով հստակ ցուցակագրում է արվել` 360 հազար փախստական է գրանցվել։ Ես չեմ խոսում դեռ կես միլիոնի մասին (պաշտոնական տվյալներով` 1988-ից հետո կես միլիոն հայ է դուրս եկել Ադրբեջանից,-հեղ.)»,- նշեց Ալավերդյանը։
Նշենք, որ Ադրբեջանը պարբերաբար երևակայական թվեր է ներկայացնում «Հայաստանից բռնգաղաթած» ադրբեջանցիների մասին։ Ալավերդյանը շեշտեց` Ադրբեջանի «կրակած» թվերը երբևէ չեն հերքվել Հայաստանում պետական մակարդակով։
Վարչապետն ինքը թող գնա Սումգայիթում ապրելու. Նախիջևանի հայերի միության նախագահ
Sputnik Արմենիայի հետ զրույցում Նախիջևանի հայերի միության նախագահ Արգամ Այվազյանը նշեց, որ նախկինում Նախիջևանից բռնագաղթած մեծահասակները պատրաստ էին վերադառնալ իրենց տներ։ Հիմա չի կարծում, թե նրանց զավակները, թոռները պատրաստ կլինեն վերադառնալ։
Ինչպես են պատկերացնում` Նախիջևանի հայությունը վերադառնա, երբ 1998-2006թթ. Նախիջևանի բոլոր գյուղերում բոլոր հուշարձանները հողին են հավասարեցվել։ Բոլորի տներում ադրբեջանցիներ են բնակվում։ Եվ ո՞վ է այն «հերոսը», որ կգնա, տնից կհանի նրանց, որ ինքն ապրի»,- ասաց Այվազյանը։
Նրա խոսքով` ադրբեջանցիները կարող են պետական ծրագրով, պետական ֆինանսավորմամբ գալ Հայաստան, բայց հայ մարդը չի կարող գնալ, օրինակ, Բաքվում Սումգայիթում, Նախիջևանում կամ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող այլ բնակավայրում բնակվելու։
«Այս իրավիճակում ինչպե՞ս կարելի է խոսել, որ գնանք, այնտեղ ապրենք։ Վարչապետն ինքը թող գնա, Սումգայիթում բնակվի, կարո՞ղ է գնալ, անհնարին է»,- հավելեց նա։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: