ՔՊ-ի «դաբրոյով». Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյաների՝ համաձայնեցված ապօրինության լուռ վկան. ինչո՞ւ չի աղմկում Առողջապահության նախարարությունը

Այս տարվա հունիսի 7-ին 168.amգրել էր, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի միջնորդությամբ Լյովա Գարուշի Գասպարյանը և Մարիա Լյովայի Գասպարյանն ընդունվել են անվճար կլինիկական օրդինատուրա:

Մեր հրապարակման մեջ գրել էինք, որ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Ալիկ Բազարչյանը երևի չգիտի, որ Գասպարյան Լյովան և Գասպարյան Մարիան հայր և աղջիկ են, իսկ Գասպարյան Լյովան 63 տարեկանում է որոշել անցնել կլինիկական օրդինատուրա, որովհետև իրեն պետք է, և դրա հնարավորությունը կա: Ալիկ Բազարչյանը, թերևս, չգիտեր նաև, որ Գասպարյան Լյովան ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով Մարտունի խոշորացված համայնքի ավագանու անդամ, Գեղարքունիքի նախկին մարզպետ, ներկայումս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հովանավորյալ Լուսինե Վարդանյանի ամուսինն է, ով  մարզում աշխատում է մի քանի հաստիքներով («Մարտունի ԲԿ», Մարտունու ծննդատուն, Ձորագյուղի ամբուլատորիա):

Ալիկ Բազարչյանը երևի տեղյակ չէր նաև, որ Մարիա Գասպարյանը Լուսինե Վարդանյանի դուստրն է, որը ևս աշխատում է «Մարտունի» ԲԿ-ում:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, բնականաբար, այս ամենը իմանալով՝ գրություն է ուղարկել ՀՀ ԱՆ, իսկ առողջապահության նախարարը հանձնարարել է արագ կազմել հրամանը:

Կարդացեք նաև

Այս հրապարակումից հետո՝ հուլիսի կեսերին, Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում  հրապարակվել էր հայտարարություն, որ Գեղարքունիքի մարզում կա բժշկի 55 թափուր հաստիք, ընդ որում, մարզն ունի 1 Տրանսֆուզիոլոգի կարիք:

Այս հայտարարությունը մի շարք հարցեր առաջացրեց, որոնք 168.am-ը հուլիսի 21-ին գրավոր հարցմամբ հղեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին՝ Գեղարքունիքի մարզպետարանի կայքում նշված հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ [email protected], [email protected]:

Ցանկացել էինք ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝

1. Արդյո՞ք մարզի բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունները ստացել են պետական պատվերով Տրանսֆուզիոլոգիայի կլինիկական օրդինատուրա անցնելու մասին տեղեկատվությունը (եթե այո, ապա տրամադրել համապատասխան շրջաբերականը):

2. moh.am դրված տեղեկատվությամբ Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ-ում անհրաժեշտ է եղել 1 Տրանսֆուզիոլոգ, ինչո՞վ է պայմանավորված 2 բժշկի կլինիկական օրդինատուրա միջնորդումը:

3. Լյովա Գասպարյանը և Մարիա Գասպարյանը մինչ կլինօրդինատուրայում ուսանելը աշխատել են մարզի տարբեր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում, ընդ որում, Լյովա Գասպարյանը աշխատել է մի քանի կլինիկաներում՝ Մարտունու ԲԿ, Մարտունու ծննդատուն, Ձորագյուղի ամբուլատորիա: Արդյո՞ք բժիշկները շարունակում են աշխատել այդ հաստատություններում, ինչպե՞ս են համատեղում պարտադիր ստացիոնար կրթական ծրագրի հետ և, քանի որ Ձեր միջնորդությամբ են անցել կրթական ծրագրով, արդյո՞ք ստանում են գործուղումներ, և ո՞ր կառույցն է վճարում այդ գործուղումները:

Մեր գրավոր հարցումից մեկ ամիս և երեք օր անց մենք չենք ստացել դրանում զետեղված որևէ հարցի պատասխան: Գեղարքունիքի մարզպետարանում պարզապես անտեսել են մեր հարցումը:

Փորձենք հասկանալ մարզպետարանի տրամաբանությունը:

Հավանաբար մարզի  բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունները չեն  ստացել կլինիկական օրդինատուրայում անվճար սովորելու մասին տեղեկատվությունը, քանի որ մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը դա թաքցրել է մարզային առողջապահական համակարգից՝ իր ընտանիքի անդամներին գործուղելու նպատակով, և այդ պատճառով էլ չեն պատասխանել մեր այն հարցին, թե արդյո՞ք մարզի բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունները ստացել են պետական պատվերով Տրանսֆուզիոլոգիայի կլինիկական օրդինատուրա անցնելու մասին տեղեկատվությունը:

Եթե Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ-ում անհրաժեշտ է եղել 1 Տրանսֆուզիոլոգ, ինչո՞ւ են 2 բժշկի կլինիկական օրդինատուրա միջնորդել: Բնականաբար, այս հարցին էլ չէին պատասխանել: Հո չէի՞ն գրելու, որ այլ մարզերին տրանսֆուզիոլոգ ունենալու հնարավորությունից զրկել են՝ ի օգուտ Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի ընտանիքի անդամների:

Ըստ 168.am-ի՝ Գեղարքունիքի մարզպետարանին մոտ կանգնած աղբյուրների՝ Լյովա Գարուշի Գասպարյանը և Մարիա Լյովայի Գասպարյանը շարունակում են պաշտոնավարել՝ խախտելով օրենսդրությունը՝ միաժամանակ սովորելով պարտադիր ստացիոնար կրթական ծրագրում և աշխատելով մի քանի հաստիքներով մարզային բժշկական հիմնարկներում:

Փաստորեն հայր ու դուստր մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամները միաժամանակ, աշխատանքային ժամերին գտնվում են և Մարտունու ԲԿ-ում, և Ձորագյուղի ԲԿ-ում, ինչպես նաև ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի ծրագրով վերապատրաստման կլինիկաներում, անվճար դասընթացներին: Հիրավի, նման աճպարարության կնախանձեին անգամ հանճարեղ աճպարարները:

Եվ վերջում:

Ի գիտություն Գեղարքունիքի մարզպետի, մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի, շահագրգիռ կողմ ԱՍԱ վարչության պետի: Հարցմանը չպատասխանելը այս երեք անձանց չի ազատում պատասխանատվությունից, ու ճշմարտությունն ամեն դեպքում ջրի երես դուրս կգա: Այս անձինք Առողջապահության նախարարության առնվազն թողտվության պայմաններում համաձայնության են եկել այս ապօրինության թեման ծածկադմփոց անելու հարցում:

Այս երեք անձինք ինչ-որ մարզի զրկել են որակավորված բժիշկ ունենալու հնարավորությունից, և Առողջապահության նախարարությունն աչքերը փակում է սրա վրա:

Մեր հարցերն ակտուալ են, հասցեատերը՝ նաև արդեն իսկ Առողջապահության նախարարությունը, որի պարզաբանումը կամ մեր հարցերին տրված պատասխանները պատրաստ ենք հրապարակել:

Տեսանյութեր

Լրահոս