Բաժիններ՝

Ներդրողներ են փնտրում՝ 41 մլն ԱՄՆ դոլարի արտոնություն տալու դիմաց

Հայաստանի Հանրապետության լինելիությունը կասկածի տակ դնող Նիկոլ Փաշինյանը, որի օրոք Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանից 150 քառակուսի կիլոմետր տարածք և, օրինակ, զբոսաշրջային ինքնաբավ քաղաք Ջերմուկը զրկել տուրիստական ակտիվ հոսքերից, շատ հաճախ է խոսում իր պաշտոնավարման օրոք ներդրումների ռեկորդային աճերի մասին։

Թեև Ադրբեջանը կրակում է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ, և գործարան կառուցողը ստիպված մտածում է գործարանի տեղը փոխելու մասին, իսկ Ջերմուկի համայնքապետը խնդրում է Կառավարությանը մարել քաղաքի հյուրանոցների կուտակած կոմունալների վճարները, քանի որ հյուրանոցները կիսադատարկ են ադրբեջանական կրակոցների պատճառով, դա չի խանգարում Փաշինյանին աջ ու ձախ հայտարարել ներդրումների աննախադեպ աճի մասին։

Հայտարարություններից զատ, իրականում, սակայն, վիճակն այնքան վատ է, որ Կառավարությունը ստիպված է չզեկուցվող նախագծով մի որոշում ընդունել և արտոնություն տալու դիմաց ներդրողներ որսալ Հայաստանի համար։

Ներդրողներին հարկային արտոնություններով սիրաշահելու նախագիծը գործադիրի հավանությանն է ներկայացրել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Կարդացեք նաև

Քերոբյանն առաջարկել է առաջիկա 10 տարվա ընթացքում 41 միլիոն ԱՄՆ դոլարի արտոնություն սահմանել Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն ունեցողների համար, որովհետև հակառակ Փաշինյանի հայտարարություններին, Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները ոչ միայն նվազել են՝ կազմելով ՀՆԱ-ի ընդամենը 2%-ը, ինչը էապես ցածր է համեմատվող երկրների հետ, այլ նաև առկա են դեպի զարգացած երկրներ կապիտալի արտահոսքի ռիսկեր։

Այս ծանր վիճակից դրդված՝ Կառավարությունը որոշել է բյուջեից 41 միլիոն ԱՄՆ դոլար բաշխել բոլոր նրանց, ովքեր կհամաձայնեն Հայաստանում ներդրում անել։

Եվ այսպես, Կառավարությունը սահմանել է.

Աշխատատեղերի ստեղծման արտոնություն

Անձնակազմի վերապատրաստման արտոնություն

Հետազոտությունների և մշակումների խթանման նպատակով աջակցություն

բարդ արտադրանքի արտահանման և արտահանման աշխարհագրական կառուցվածքի դիվերսիֆիկացման խթանման արտոնություն

Ուշագրավ է, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջարկում է այս արտոնությունները համապատասխան միլիոններով նվիրել ներդրումներ անել ցանկացողներին՝ չբացառելով, որ այս արտոնությունները կարող են դառնալ հարկերից խուսափելու միջոց և բաժին հասնել նաև իշխանությանը սպասարկող գործարարներին։

Նկատենք նաև, որ այն Կառավարությունը, որը թերակատարել է բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը, այսինքն՝ գումար ունի, բայց ծրագիր անել չի կարողանում, հիմա որոշել է 41 մլն ԱՄՆ դոլար հարկային արտոնություն բաշխել՝ հակա­դր­վելով իրենց իսկ հայ­տա­րարած հարկային այն քաղա­քա­կա­­նու­թյանը, ըստ որի, պետք է ոչ թե հարկային արտոնություններ տալ, այլ հար­կա­յին եկա­­­մուտների ընդ­լայն­­ման ուղղությամբ աշխատել։

Ստացվում է՝ իր տված խոստումներից հրաժարված փաշինյանական կառավարությունը, որը ավելի վաղ հայտարարել էր, որ ձեռնպահ է մնալու նոր հարկային արտո­­նու­­թյունների տրամադրումից և խոստացել էր կիրառությունից հանել բոլոր այն հարկա­յին արտո­­­­նու­թյունները, որոնց կիրառությունը չի հիմնավորվում ծախսեր/օգուտներ հարաբե­րակ­­­­ցության տեսանկ­յունից, հիմա գնում է հակառակ որոշման և սկսում է հարկային արտոնությունների տրամադրում մի մեխանիզմով, որը չի բացառում հարկումից խուսա­փելու հնարավորությունների ստեղծումը։

Տեսանյութեր

Լրահոս