BRICS-ը պաշտոնապես իր կազմ է հրավիրել 6 երկրի
Յոհանեսբուրգում ընթացող BRICS-ի գագաթնաժողովում որոշում է ընդունվել միավորում հրավիրել ևս վեց երկրի՝ Արգենտինային, Իրանին, Եթովպիային, Եգիպտոսին, Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին։ «Интерфакс» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան։
Նրանք BRICS-ի պաշտոնական և լիիրավ անդամներ կդառնան 2024 թ. հունվարի 1-ից։
Ռամաֆոսան նաև ասել է, որ կազմակերպության մասնակիցները համաձայնության են եկել հիմնական սկզբունքների, չափորոշիչների, չափանիշների և ընթացակարգերի շուրջ։ Նա վեց նոր երկրների առաջիկա միացումը համարել է BRICS-ի ընդլայնման համաձայնեցված գործընթացի առաջին փուլը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ այս որոշման ընդունումը հեշտ չի եղել, ինչպես նաև BRICS-ի ամփոփիչ հռչակագրի համաձայնեցումն ընդհանուր առմամբ։
«Պետք է նշեմ, որ այս աշխատանքը դյուրին չի եղել: Նախագահ Ռամաֆոսան զարմանալի դիվանագիտական արվեստ է ցուցաբերել բոլոր դիրքորոշումները համաձայնեցնելիս, այդ թվում՝ BRICS-ի ընդլայնմանը վերաբերող», – ասել է Ռուսաստանի նախագահը:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ողջունել է BRICS-ի կազմում նոր անդամներ ընդունելու որոշումը։
«Ընդլայնումը մեզ նոր դինամիկա կհաղորդի… Այն կամրապնդի երկրների հավատը նոր աշխարհակարգի նկատմամբ», – ասել է նա:
Գագաթնաժողովի սկզբում երկու տասնյակ երկրներ պաշտոնական հայտ են ներկայացրել BRICS-ին միանալու համար, իսկ ընդհանուր առմամբ, ավելի քան 40 պետություն կազմակերպությանն անդամակցելու հետաքրքրություն է հայտնել։
Համագործակցությունն ստեղծվել է 2006 թ.-ին։ Դրա կազմի մեջ սկզբում մտնում էին Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը։ Այնուհետև BRICS-ի մեջ մտավ ՀԱՀ-ը։