Մականունավորներին փոխարինելու են եկել Նիկոլ Փաշինյանի ընկերներն ու աներձագը․ Ալբերտ Բազեյան․ «Հրապարակ»
Երեւանի ավագանու ընտրությունների մասին «Հրապարակը» զրուցել է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հետ, որը 1999-2001 թվականներին զբաղեցրել է այդ պաշտոնը: Իսկ դրանից առաջ` 1998-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հաջորդ օրը, ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ, եղել է «Երկրապահ» պատգամավորական խմբի ղեկավար:
– Խորհրդարանական ընդդիմությունը բավականին պասիվ է: Այդ պասիվությունը տեղին համարո՞ւմ եք:
– Ոչ: Սխալ է պասիվություն ցուցաբերելը: Պետք է մասնակցել ընտրություններին եւ պայքարել: Պետք է հանրության ուշադրությունը հրավիրեն իշխանությունների սխալների վրա: Չմասնակցելը ոչինչ չի տալու, դրանով եւս իշխանության թեկնածուին լեգիտիմացնում են: Իշխանությունն ունի բազմաթիվ քույր կուսակցություններ:
– Իսկ խորհրդարանական ընդդիմությունն ինչո՞ւ է լռում, ինչո՞ւ է որոշել ոչինչ չանել:
– Նիկոլ Փաշինյանն անվերջ հանրությանը վախեցնում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերադարձով: Փաշինյանն ասում է` եթե նախկինները վերադառնան, լինելու է կոռուպցիա է, ալան-թալանը շարունակվելու է, եւ մականունավորները գալու են Ազգային ժողով: Իսկ ի՞նչ է կատարվում հիմա:
Մի՞թե այսօր չկա կոռուպցիա: Հայաստանում ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունեցել: Ընդամենը տեղի ունեցավ պարզ իշխանափոխություն, նույնությամբ շարունակվում է կաշառակերությունը, իսկ մականունավորներին փոխարինելու են եկել Նիկոլ Փաշինյանի ընկերներն ու աներձագը:
Ծանոթ-բարեկամներին, ընկերներին շարունակում են պաշտոններ նվիրել ու անունը դրել են հեղափոխություն: Իբր տենդերային մրցույթներ են կայանում` մրցույթը շահում են բացառապես իրենց մտերիմները` Գռզո, Արսենյան Գուգո, Լֆիկ Սամո, ու այդպես շարունակ: Գումարներ են մուծում նիկոլականներին եւ հանգիստ շարունակում իրենց աշխատանքը: Հայաստանում ոչինչ չի փոխվել: