Աստուծո էությունը և կատարելությունք
«Ի մեծութենէ և գեղեցկութենէ արարածոցն` ըստ նմին համեմատութեան եւ արարչագործն նոցա երեւի» (Իմաստ., ԺԳ 5), իսկ նորա էությունը մենք կատարելապես իմանալ չենք կարող առանց Աստուծո օգնության: Աստուծո էության մասին մեր հաստատուն գիտությունը այնքան է, որքան նա հայտնել է մեզ: Մենք, իհարկե, երբեք չենք կարող ամփոփել, մեր արարածական սահմանափակ հոգու մեջ Աստուծո անսահման էության իրական մտապատկերը կազմել, վասնզի մենք ստեղծվածներ ենք, իսկ նա` մեր ստեղծողը (Ես., Խ 18, 25, 15. Առակ., ԺԱ 23): Բայցև որոշել Աստուծո էությունը չի կարելի, զի որոշել, սահմանել նշանակում է որոշել տեսակը` ըստ սեռին և տարբերությանց, մինչդեռ Աստված չէ ենթարկվում ո՛չ սեռի և ո՛չ տեսակի, հետևաբար անսահմանելի է:
Սակայն Աստված սիրով մեզ այնքան միջոց է պարգևել յուր հայտնությամբ և այնքան շնորհ է տվել այդ հայտնության հիման վրա հաստատվելով մտածելու, որ մենք կարող ենք մեր ճշմարիտ հավատքը լուսաբանել մեր բանականության առաջ: Եվ որքան մեր բանականության հառաջադիմությունը վստահությամբ պարզում է յուր առաջ աստվածային ճշմարտությանց խորհուրդները, նույնքան մեր կենդանի հավատքը թելադրում է մեզ, որ իբրև ստեղծվածներ չենք կարող միակ ամենագետ մեր ստեղծողի բոլոր խորհուրդների, էության ու գաղտնիքների մեջ թափանցել: Այս կենդանի հավատքի ձայնն է, որ հնչում է Ս. Եղիշեի մի ճառի մեջ, թե` «իմանամ է, գիտելով ճշմարիտ` զի գոյ Աստուած. հաւատարիմ է ինձ. զորպիսութիւն նորա ոչ գիտեմ. ես, որ երեւինս, զայս եւեթ գիտեմ, զաներեւոյթսն Աստուծոյ Աստուած միայն գիտէ» (էջ 311): Այս է մարդու մտավոր զննության վերջին եզրակացությունը, այլև այն ճշմարիտ աստվածապաշտի և երկյուղածի վերջին խոսքը, որ տեսնում է անվերջ և անսահման լույսի շողերը, բայց անկարող է նայել այդ լույսի հավիտենական աղբյուր արեգակի վրա[1]:
Այդ խոսքը ճշմարիտ աստվածպաշտության արտահայտություն է մանավանդ այն պատճառով, որ գիտենալ մեկ իրի էությունը նշանակում է թևակոխել նորան տիրապետելու համար, իսկ այդ անկարելի է մի արարածին յուր Արարչի վերաբերմամբ: Մենք Աստուծո էության մասին այնքան պետք է իմանանք և այնքան կարող ենք իմանալ, որքան այդ անհրաժեշտ է մեր փրկության համար:
Աստուծո էությունը ճանաչելու ձգտումը այնքան հին է, որքան հին է մարդկությունը. այդ ձգտման առաջին քայլն այն էր, որ մարդիկ սկսան անուն դնել և անվանել յուրյանց ստեղծողին կամ իսկական անունն իմանալ: «Եւ անուն նորա արարիչ երկնի ու երկրի: Իսկ յառաջ, քան զերկին եւ զերկիր, որպէս ինքնագոյ` ինքնանուն է» (Եղիշե, էջ 24), ահա սկզբնական քննության եզրակացությունը: «Զնորա զանունն ոչ ոք գիտաց, զի չէր ևս անդր, քան զնա ոք, որ անտի և այսր անուանեսցէ»,- ասում է Ս. Գրիգոր Լուսավորիչը (Ագաթ., 209. Հաճ., Բ 293, 31. Դ 324):
Իսկ արարիչ անունը որոշում է միմիայն նորա հարաբերությունն մեր և աշխարհի գոյության հետ, բայց ոչ լիովին կամ ինքնըստինքյան, այնպես որ մարդիկ, «արարիչ» ասելով, արտահայտում են Աստուծո մի կատարելությունը միայն. այդով գոհ չէին և չէին կարող գոհացնել յուրյանց մտավոր պահանջը: Ուստիև Մովսեսը, հանձն առնելով Աստուծո պատգամի ծանուցումը, իսկույն տարակույսի մեջ է ընկնում, թե ի՞նչ ասե, երբ ժողովուրդը հարցնե, թե «Զի՞նչ է անուն նորա»: «Զի՞նչ է անուն նորա»` այս հարցն էր հնչում մինչև ժամանակի ոգին հասկացող Մովսեսը: Եվ Աստված հայտնում է այն, ինչ որ մարդիկ յուրյանց մտքի ուժով հասկանալ չէին կարող` «Որ Էն» (Ելից, Գ 13) – Է – ահա Աստուծո ճշմարիտ անունը: Այս նշանակում է, որ նա միակ է, և ամենայն ինչ նորանով է ստանում յուր գոյությունը:
Ա՛րդ` ի՞նչ որոշման ենք գալիս Աստուծո հայտնությամբ (Հաճ., Բ 36):
«Այլ որպէս Էրն եւ Է եւ կայ յաւիտեան, ինքն միայն գիտէ. այլ սիրովն իւրով յայտնեցաւ արարածոց, եւ խնամովք ծանուցեալ եղեւ», – ասում է Ս. Գրիգոր Լուսավորիչը (Հաճ., Բ 300. Եղիշե, էջ 23): Ուրեմն մեր մտածողության նյութ է դառնում թե՛ Աստուծո ուղղակի հայտնածը և թե՛ ըստ նորա խնամոց ծանուցվածը: Որոնցից և կազմված մեր բոլոր որոշումները երկու ընթացք ունին` բացասական ու դրական. բացասական որոշումները բացատրում են Աստուծո ներքինը, իսկ դրականը` այն կատարելությունը, որի իսկականը Աստուծո մեջ է, և միայն նմանություններն ենք այս աշխարհում պատահում (Ընդհանր., 393-400):
Բացասական ընթացքով գիտենք, որ «անեղծական, անստեղծական, անտարրական, իսկական աստվածությունն ճանաչի» (Ագաթ., ԻԴ. Ընդհ., 393 -398. Գր. Մագիստր., Տաղ., էջ 1-4. Եղիշե, 23): Նա աննյութական է, բայցև աշխարհից դուրս չի, ինչպես ուսուցանում են աստվածյանք (դեիստ), զի եթե դուրս լիներ, հաղորդակից չէր լինիլ մեզ հետ: Նա աշխարհի գոյացությունն էլ չէ, ինչպես ուսուցանում են համաստվածյանք (պանթեիստ), զի եթե աշխարհի գոյացությունը լիներ, մեր հայրը չէր լինիլ: Այլ նա ինքն ինքյան մեկ է և անվերջ, ինքն ինքյան ծավալվում է և անտարածական է, ինքյանից հառաջ է բերում և անփոփոխ է. ամենայն ինչ յուր մեջ է կրում և անսահման է. և այդ է մեր Աստված ու Հայրը, որին և մենք բացասական տեսակետից վերջնականապես ճանաչում ենք այնով, որ նա անհասանելի է (Սիր., ԺԸ 2-6. ԽԳ 36), սակայն միմիայն յուր կամքով ու հայտնությամբ, սիրով և ուխտով մեզ համար` քննելի և հասանելի (Ա Կոր., Բ 10. Եփ., Գ 18): Բայց և այնպես որքան էլ հասկանում ենք նորա և նորա գործոց մեծությունն ու փառքը, մեր հավատքը դարձյալ թելադրում է, որ դեռ անսահման է այն ամենը, որ չենք հասկանում, ուստիև Աստված հասանելի գոլով մեր փրկության կարևորության չափ, միանգամայն և անհասանելի է յուր անսահման էությամբ:
Ուստիև մենք ամենը գիտենք, բայցև` փոքրիշատե միայն (Ա Հովհ., Բ 20. Ա Կոր., ԺԳ 12), ճանաչում ենք իբրև նորա որդիք, սակայն միայն հանդերձյալումն ենք նորան կատարելապես տեսնելու (Ա Հովհ., Գ 2. Ա Կոր., ԺԳ 12), քննում ենք նորա խորքերը, սակայն և այնպես ոչ ոք է նորան տեսել, զի բնակվում է լույս անմատույց (Ա Կոր., Բ 10. Ա Հովհ., Դ 12. Ա Տիմ., Զ 16), ըստ որում, և՛ անհասանելի, և՛ անքննելի է մեզ համար այժմ, և իսկապես կտեսնենք ու կիմանանք, ինչպես և է` միմիայն հանդերձյալում:
Դրականապես էլ մենք ճանաչում ենք Աստուծո կատարելությունք միայն և այդ ևս մեր կյանքի մեջ պատահած կատարելությանց օրինակով, մինչդեռ իսկականը և իրականը Աստուծո մեջ է: Ըստ այդ կատարելությանց` մենք անուններ ենք տալիս Աստուծուն, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ այլ կատարելությանց արտահայտիչ նշանները: Աստուծո էության դրական ճշմարիտ արտահայտությունն է, որ նա բացարձակ հոգի է, բացարձակ կամք է, բացարձակ գիտակցական զորություն է. գիտակցական զորություն կամ բացարձակ անձնավորություն է, այսինքն` բացարձակապես ինքն յուր մեջ կեդրոնացած հավիտենական հիմունքն է ու գիտե, որ ինքն է ամենայնի միջնակետը, յուր անվերջ փառքի եսը (Եսայ., ԽԴ 6) և միևնույն ժամանակ այդ յուր փառքի տերը: Նա տեսնող կարողություն է և այն խորին իմաստությունն է, որի մեջ իրականանում է աշխարհի նպատակը արարածական մարդու գիտակցության ընթացքով (Հռովմ., Ա 18-):
Սակայն այս ամենով մենք դեռ բավականաչափ չլուսավորեցինք մեր մտածողությունը, որի պայծառության համար պետք է գիտենանք Աստուծո կատարելությունները: Հայտնի է, որ Աստուծո էության երանությունը կայանում է նորա անբավ կենդանության և բարոյական կատարելության մեջ: Որքան այդ անբավ կենդանությունը և բարոյական կատարելությունը սփռվում է աշխարհի վրա, այնքան մեր առաջ պայծառանում է Աստուծո փառքը: Ահա և այդ երանության ու փառաց դեպի աշխարհը ունեցած հարաբերությունից երևում են Աստուծո կատարելությունները կամ ստորոգությունները, որոնք և ամփոփելով դասավորում ենք երկու կարգի:
Ա. Բնական աշխարհի, այն է` ժամանակի ու տարածության վերաբերմամբ, Աստված է միշտ նույն, հավիտենական, ինքնագո, ամենուրեք, ամենակալ, ամենագետ, ամենիմաստուն:
Բ. Բարոյական աշխարհի վերաբերմամբ` Աստված է արդար, ճշմարիտ, սեր, բարի, ողորմած, հավատարիմ և սուրբ (Ա Հովհ., Դ 16. Հռովմ., ԺԱ 33):
Երկու կարգի կատարելությունք հիմնապես ամփոփված դավանում ենք Հավատամքի առաջին խոսքերի մեջ. «Հաւատամք ի մի Աստուած ի Հայրն ամենակալ, յարարիչն երկնի եւ երկրի, երեւելեաց եւ աներեւութից» (Գործք, ԺԷ 22-29. Եփ., Գ 14. Ա Տիմ., Զ 15. Հռովմ., Ա 20. Եբր., ԺԱ 3):
Աստուծո միությունն առաջին դավանանքն է, որ պետք է ունենա ճշմարիտ հավատացողը, ուստիև Աստված նախապատրաստվող ժողովրդին ասում էր յուր մարգարեի բերանով. «Լուր, Իսրայէլ, զի Տէր Աստուած քո տէր մի է» (Բ Օր., Զ 4): Այդ միությունն է արտահայտում և Աստուծո առաջին հայտնությունը, որ ինքն է Է, այսինքն` առանց Աստուծո ոչինչ չի կարող լինել: Երկու աստվածներ էլ չեն կարող լինել, զի եթե լինեին, կամ մեկն ու մեկը պետք է մեծ լիներ յուր կարողությամբ, և կամ երկուսն էլ անկատար կլինեին, այսինքն` Աստված չէին լինիլ: Աստուծո կատարելությունը և բացարձակությունը չեն կարող բաժանվիլ նորա միությունից: Նա մեկ է յուր զորությամբ. ամեն ինչ նորանից է կախված և ամենայն ինչ նորա խնամածությամբ է պահվում: Ուստիև մենք, խոստովանելով մի Աստված, այդով երեք բան ենք արտահայտում և հանձն առնում. նախ` որ ամենայն հոգևոր ու մարմնավոր բարիքներ ստանում ենք նորանից ու վայելում նորա ողորմությամբ. երկրորդ` որ նորա անունն ու պատիվը միմիայն յուրյան պետք է տանք և ոչ մի աշխարհային գոյության. և երրորդ` որովհետև նորա միաստվածության մեջ են պարփակվում ամենայն կարողություն և իմաստություն, նորան պետք է լսենք ու հնազանդվենք:
Իբրև արարիչ ու հավիտենական պատճառ` նա կոչվում է Աստված (Էլոհիմ), և մենք ճանաչում ենք, որ նա ամբողջ աշխարհի Աստվածն է, իսկ իբրև նախախնամող, կառավարող, դատող ու հայտնող կոչվում է Տեր (Եհովա կամ Եահվե), որ ամենքին տանում է դեպի մի նպատակ, և մենք խոնարհվում ենք նորա առաջ*:
Աստուծո միությունից անհրաժեշտապես հետևում է նորա միշտ միևնույն լինելը կամ անփոփոխությունը, զի եթե միշտ նույնիսկություն չլիներ ու փոփոխվեր, հավիտենական չէր լինիլ, այլ այն, որ հառաջ է եղել` ուրիշ կհամարվեր և հետվանը` ուրիշ: Եվ որովհետև փոփոխականությունն արտաքին կախումն է ենթադրում յուր մեջ, ուստի այդ հակառակ կլիներ նաև նորա ինքնագոյության: Այսպեսև Աստուծո ինքնագոյությունից հետևում է նորա ամենուրեքությունը, ըստ որում` և ամենակալությունը, ամենիմաստությունը և ամենագիտությունը: Եվ այսպիսով թե՛ Ա. և թե՛ Բ. կարգի կատարելությունք ծագում են մեկը մյուսից, երբ իրական կամ բարոյական տեսակետով համեմատում ենք Աստուծո ինքնագոյության հետ:
Հապա ինչո՞ւ միաժամանակ խոստովանում ենք, որ նա և՛ Հայր է, և՛ ամենակալ, և՛ արարիչ: Վասնզի նա կենդանի Աստված է, «հայր է հոգւոց» (Եբր., ԺԲ 9, Հակ., Ա 18): Նա հայր է յուր արարչագործության, նախախնամության ու հայրական հոգատարության, յուր փրկագործական ողորմածության և անչափ շնորհագործության համար: Բայցև նա արարիչ հայր է, այսինքն` բոլոր հոգևոր ու մարմնավոր բարիքների ստեղծող, և ամենակալ հայր է, այսինքն` ամենայն ինչ կարող է, և ամեն ինչ նորանից է կախված: Նորանով ենք եղել, նորանով գոյություն ունինք այժմ և դեպի նորան պետք է գնանք, զի նա է մեր իրական կատարելատիպը (Մատթ., Ե 48): Նորա հայրությունը որոշում է նաև այն վերաբերմունքն, որ մենք պետք է միշտ ունենանք դեպի նորան. «Հոգի է Աստուած, եւ երկրպագուաց նորա հոգւով եւ ճշմարտութեամբ պարտ է երկիրպագանել», «քանզի եւ Հայր այնպիսի երկրպագուս իւր խնդրէ» (Հովհ., Դ 24):
Չնայելով, որ Հավատամքի այդ սկզբի խոստովանության մեջ Աստուծո բոլոր կատարելությունք ամփոփ և մեր մտքի համար բավարար չափով արտահայտում ենք, այսով հանդերձ ճշմարիտ աստվածաճանաչության համար հարկ է վերոհիշյալ յուրաքանչյուր յոթնյակ կատարելությունք մի-մի ակնարկով պարզել և ըմբռնել:
Աստված միշտ նույն է և հավիտենական, սակայն ոչ թե անկենդան նույնությամբ, այլ կենդանի է և գործունյա, ինքնագո և յուր փառքով մշտապայծառ. նորա մեջ է հավիտենական կյանքը և կենդանությունը, անսպառ զորությունն և մշտագործ կատարելությունը. «Լի է կատարեալն, որ զամենայն լնու, եւ ինքն ոչ թերանայ եւ ոչ նորոգի, զի ոչ հնանայ եւ ոչ լնու, զի ոչ պակասի: Զի ինքն նոյն է ի լիութեան իւրում» (Հաճ., Ա 15):
Աստված ամենակալ է, այսինքն` ամեն ինչ նորա ստեղծագործությամբ է հառաջ եկել, և ամենքի գոյությունը նորանով է, որից բղխում է ամենայն կատարելություն և կյանք: Ըստ որում` և նա ամենուրեք է և ամենուրեք ներգործում է, պահպանում և կենսագործում: Նա է «ամենայն յամենայնի», ուստիև «ամենայն ի նմա». նա ամենուրեք է, ցորենի հատիկի մեջ` այլ կերպ, տերևի մեջ` այլ, բնության մեջ` այլ, պատմության և եկեղեցու մեջ` այլևայլ տեսակ, աշխարհում` այլ, նույնպես և այլ տեսակ` երկյուղածների մեջ և ա՛յլ` անաստվածների մեջ, ծովում ու ցամաքում, արքայության մեջ ու դժոխքում (Սաղմ., ՃԼԸ 7. Հակ., Դ 8. Գործք, ԺԷ 28): Սակայն նա ամենուրեք է ինքյան միայն հայտնի կերպով և ինչպես ինքը որոշում է ու կարևոր համարում իբրև ինքնագո իսկություն: Հետևաբար և նա յուր ամենուրեքության մեջ ամենագետ է. նա տեսողություն է և ամենատես է, այսինքն` նորա էությունը կատարյալ գիտություն է, և ամենայն ինչ գիտե յուր ճշմարիտ գիտության մեջ` էությունն իբրև էություն, ճշմարտությունն իբրև ճշմարտություն, անհրաժեշտն իբրև անհրաժեշտություն, իրականն իբրև իրական և այլն, այսինքն` կատարյալ և ոչ պայմանական ու հարաբերական կերպով` ըստ մեզ: (Մատթ., Ժ 30. ԺԱ 23. Եբր., Դ 13):
Ուստիև նա ամենիմաստուն է, այսինքն` նորա միտքը ճշմարտություն է և իրականություն, նորա խոսքը իրողություն է. «Զի ոչ տկարասցի առ յԱստուծոյ ամենայն բան» (Ղուկ., Ա 37. Մատթ., ԺԹ 26), և աշխարհի օրենքը նորա իմաստությունն է: Նա է աշխարհաբնակ բանականությունը, սակայն ո՛չ աշխարհից հեռու է և ո՛չ աշխարհի հետ նույնացած: Աշխարհով ճանաչում ենք նորա իմաստությունը և Աստուծո իմաստությամբ ճանաչում ենք աշխարհը: Աստուծո ամենիմաստությունը երևաց ոչ միայն նորա արարչագործության, այլև փրկագործական տնօրենության և ապա մարգարեական նախապատրաստության մեջ Իսրայելում, որտեղ փայլած բարձր իմաստությունը, Սողոմոնի գահի վրա անլուծելի մնալով (Առ., Ը. Իմաստ., Է. Սիր., ԻԴ), միմիայն Քրիստոսով գտավ յուր լուծումն ու գերագահ բարձրությունը (Եփես., Գ 10. Հռ., ԺԱ 33. Եփ., Ա 10. Ա Կոր., Բ 2):
Իմաստության բաշխող ու զարդարող զորությունը արդարությունն է, որով Աստուծո արքայության մեջ ամենայն արարած յուր բաժինն է ստանում, իսկ արդար բաշխումը դատով կլինի, որ բարին ու չարը տարբերե և ըստ արժանյաց գնահատե: Ոչինչ է ծածուկ Աստուծուց, և մարդը միշտ «առանց պատասխանի տալու» է Աստուծո դատի առաջ (Գաղ., Զ 7. Հռ., Բ 6). ուստիև նորա արդարության խրատական մի թևը` սպառնալիքն ու պատիժն է, իսկ մյուս թևը` ավետիքն ու պարգևը:
Աստուծո իմաստության և արդարության միությունն է նորա բարությունը, զի բարությունը բարություն չի լինիլ, եթե իրավունք չէ ճանաչում, օրենք չգիտե և յուրաքանչյուրին ըստ յուր արժանյաց չէ գնահատում. զի բարությունն այն է, որ խրատում է. (Ա Հովհ., Ա 9. Հռ., Գ 26): Աստուծո բարությունը երևում է մանավանդ նորանից, որ նա արարչագործության նպատակը յուր նպատակն է դարձնում, հետո արարչագործությամբ հայտնում է յուր մեծությունը մարդկանց և միևնույն ժամանակ հայտնություն է տալիս մարդկանց դարձյալ յուր արարչական տնօրենության համար, այնպես որ ամեն ինչ ծառայեցնում է մարդու բախտավորության: Եվ Աստուծո բարության քաղցրությունը նորանից է երևում, որ մարդ ստանում է` երբ ուզում է և որքան խնդրում է հավատքով: Այդ բարությունն էլ անսպառ է, զի բարին միայն Աստված է (Մարկ., Ժ 18): Բայց որովհետև «ամենայն տուրք բարիք եւ ամենայն պարգեւք կատարեալք ի վերուստ են իջեալ առ ի Հօրէն լուսոյ, յորում չիք փոփոխումն եւ կամ շրջելոյ ստուեր» (Հակ., Ա 17), և ընդունելության շնորհն էլ Աստուծուցն է միայն, Աստված էլ այդ շնորհը կատարելապես իրականացրել է մարդու մեջ: Այդ պատճառով և մարդու մեջ Աստուծո բարությունը ներկայանում է իբրև սեր:
Աստուծո բարությունը վայելում են բոլոր արարածները, սերը` միմիայն հրեշտակներն ու մարդիկ: Կա Աստված, կա և նորա արքայությունը, որի մեջ են ինքն ու յուր որդիք. նա ինքը սեր է (Ա Հովհ. Դ, 16), ճշմարիտ հոգու մեջ է, և ճշմարիտ հոգին նորա մեջ է: Աստուծո բոլոր կատարելությունք կապված են նորա սիրո հետ, և բոլոր տնօրենությունք և գործերը բղխում են նորա սիրուց և մարդկանց հաղորդակից անում աստվածային բնության (Բ Պետր., Ա 4):
Այսպիսով, մարդ իրական ու սուրբ միություն է վայելում Աստուծո հետ, ըստ որում, Աստված յուր սիրով ողորմած է դեպի մարդու մեղքը, երկայնամիտ է մարդուն դաստիարակելու գործում և հավատարիմ է այն ավետիքի ու հուսո նկատմամբ, որոնք նա ներշնչում է մարդու սրտի մեջ (Ա Պետր., Դ 19) և հառաջ մղում դեպի կատարելություն: Յուր արքայության մեջ Աստված մարդու հետ միություն է պահում յուր սրբությամբ, այնպես որ, յուր և յուր արարածի տարբերությունը չէ վերացնում. այդ սիրո միության հարաբերության մեջ Աստուծո վեհությունն ու փառքը մնում են հավիտյան, և երբեք չար ու արատ չեն մոտենում նորա էության (Եսայ., Զ 3. Բ 0ր., Է 21. Հակ., Ա 13. Եբր., Ժ 27. ԺԲ 29): Առանց այդ սրբության չի կարող լինել ճշմարիտ սեր դեպի մարդիկ և Աստվածային կատարելություն` Աստուծո մեջ:
Սիրո փառքն Աստուծո մեջ և կատարելությանց լրումը կոչվում է երանություն: Երանություն Աստուծո մեջ է, զի կյանքն ինքնըստինքյան Աստուծո մեջ է կատարյալ և լրիվ: Նորա սիրո մեջ տիրում է հավիտենական խաղաղություն, որ ոչ այլ ինչ է` եթե ոչ հավիտենական գործունեություն յուր սիրո ծավալման մեջ (Եբր., Դ 3. Հովհ., Ե 17): Եվ ահա Աստված, ունենալով յուր ներքին կյանքն առանձին և արտաքին գործունեությունը դեպի աշխարհ առանձին, պահում է յուր արդարությունը, բարությունը, սրբությունը, սերը, ողորմածությունը և հավատարմությունը դեպի մարդիկ և միևնույն ժամանակ յուր խաղաղական երանությունն յուր կյանքի մեջ. ուստիև նա ճշմարիտ է ու կատարյալ ճշմարտություն, այսինքն` որ ինքն յուրյան հետ իրական նույնություն է և միակ իրական նույնությունը: Այսինքն` նորա իմաստությունը, տնօրինությունը, կամքը, գործը և ամենայն վերաբերմունք կատարելապես համապատասխան է յուր էության հետ և իրողություն է կատարյալ նույնությամբ:
Ըմբռնելով այս բոլոր կատարելությունք` ճանաչում ենք և տեսնում մեր Արարչին միմիայն իբրև արարած, այսինքն` «իբրեւ ընդհայելի օրինակաւ», իսկ երբ կարժանանանք նորա երանական տեսության, այսինքն` երբ կատարյալ սիրով կվառվենք նորա փառաց մեջ, «յաւուր յայնմիկ եղիցի Տէր մի եւ անուն նորա մի» (Զաք., ԺԴ 9), և պետք չենք ունենալ բազմաթիվ ստորոգությանց` մեր ճանաչողությունը պարզելու համար. «Յայնժամ գիտացից որպէս եւ Նայն ծանեաւ զիս» (Ա Կոր., ԺԳ 12):
[1] «Զի որ էն` պարտի, զի մշտնջենաւոր իցէ եւ անսկիզբն, որոյ ոչ սկիզբն յումեքէ առեալ լինելոյ, եւ ոչ ունի զոք ի վեր, քան զինքն, զոր պարտ իցէ նմա պատճառ կարծել կամ իմանալ, թէ ի նմանէ իցէ առեալ սկիզբն Էանալոյ» (Եզնիկ, 6):
Արշակ Տեր-Միքելյան
«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից