Անձամբ եմ խոսել Պուտինի հետ. Մասկ
The New Yorker-ը գրում է, որ Իլոն Մասկը Պենտագոնի պաշտոնյաներին ասել է, որ անձամբ է խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա այդ տեղեկությունը ինքնակամ տրամադրել է հոկտեմբերին՝ այն ժամանակ ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քոլին Քալի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Ըստ պարբերականի՝ այնուհետեւ նրանք քննարկել են այն հարցը, որ ուկրաինացի զինվորականները սկսել են կորցնել կապը Starlink-ի հետ: Խոսքը Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին էր, որոնք Ռուսաստանը համարում է «իրենը»։
«Իմ եզրակացությունն այն էր, որ Իլոն Մասկը նյարդայնացած էր, որ Starlink-ի առկայությունը Ռուսաստանում դիտվում էր որպես ուկրաինացի զինվորականների առաջխաղացմանը նպաստող գործոն և նա փնտրում էր ռուսական մտահոգությունները փարատելու միջոց»,- նշել է Քալը։
Ի հիասթափություն Պենտագոնի պաշտոնյաների՝ Մասկն ասել է, որ անձամբ է խոսել Պուտինի հետ. «Դե, ես հրաշալի զրույց ունեցա Պուտինի հետ»։
«Եվ մենք մտածեցինք. «Աստված իմ, սա լավ չէ»»,- ասել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան:
Մասկը հայտնել է, որ անձամբ խոսել է Պուտինի հետ խաղաղ ծրագրի իր տարբերակը թվիթերում գրելուց շաբաթներ առաջ՝ հավելելով, որ Կրեմլի հետ իր խորհրդակցությունները կանոնավոր են եղել:
РБК -ն հիշեցնում է, որ Մասկը խոսել է Պուտինի հետ նախքան իր խաղաղության ծրագիրը հրապարակելը, գրել է Vice-ն անցյալ տարվա հոկտեմբերին՝ վկայակոչելով տնտեսագետ Յան Բրեմերին։ Ինքը՝ գործարարը հերքեց այս տեղեկությունը. «Սա ճիշտ չէ։ Ես Պուտինի հետ խոսել եմ միայն մեկ անգամ, այն էլ մոտ 18 ամիս առաջ։ Թեման տիեզերքն էր»: