«Խնդիրը Երևանի կենտրոնում է, Կառավարության շենքում նստած է այդ խնդիրը, և այդ խնդիրն է պետք լուծել». Աշոտ Անդրեասյան
ՀՀԿ երիտթևի փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու ճանապարհ է համարում իշխանափոխությունը:
Ըստ նրա` այսօր Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է ու այն քաղաքացիները, որոնք դեռևս վստահում են նրան:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանրապետական գործիչն իր համերաշխությունը հայտնեց Արցախում ապրող մեր հայրենակիցներին՝ կոչ անելով նրանց, որ նախ ազատվեն Արցախի դավաճանից:
«Այնտեղի իշխանությունները Նիկոլ Փաշինյանի հետ նույն թելն են թելում և արցախահայության շահերը չեն տանում առաջ,- պարզաբանեց նա՝ նկատելով, որ Ալիևի՝ 8 ամիս շարունակվող տեռորը 120 հազար հայերի հանդեպ չի ունենալու Ադրբեջանի համար երանելի արդյունքը, քանի որ արցախահայերը չեն լքում իրենց հողը,- Իսկ այստեղ արցախահայերի խնդիրը չէ միայն. արցախահայերից հետո թիրախում լինելու են Սյունիքի, Արարատի, Գեղարքունիքի, Երևանի հայերը»:
Աշոտ Անդրեասյանի համոզմամբ՝ «Նիկոլ Փաշինյանի վարած անատամ քաղաքականության», խաղաղության կեղծ օրակարգերի հետևանքով կորուստները շարունակվել են անգամ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո:
«Պետք է փոխվեն այն իշխանությունները, որոնք ստեղծել են այս իրավիճակը, որոնք կզել են թուրքի առաջ:
Նրանց քաղաքականության պատճառով բազմաթիվ զինվորներ են զոհվել, տարածքներ ենք կորցրել, այսինքն՝ այդ մարդն ի զորու չէ ինչ-որ բան անելու: Այսինքն՝ խնդիրն Արցախում չէ, խնդիրը նախ Երևանի կենտրոնում է, Կառավարության շենքում նստած է այդ խնդիրը, և այդ խնդիրն է պետք լուծել»,- շեշտեց նա:
ՀՀԿ ԵԿ փոխնախագահն անդրադառնալով ՄԱԿ ԱԽ նիստին ու դրա հնարավոր արդյունքներին՝ արձանագրեց, որ ցանկացած միջազգային արձագանք առոչինչ է, եթե երկրի ղեկավարն «անատամ լաթ է»: Նա համոզված է՝ ով ինչ քննարկի, փորձի անել, երկրի ղեկավարը պետք է առաջին հերթին իր քաղաքացիների շահն առաջ տանի, մինչդեռ ականատեսն ենք հակառակի, քանի որ հենց Նիկոլ Փաշինյանն է ամեն առիթով խոսում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության մասին:
«Եթե մեր երկրի «ղեկավարը» թուրքի և ադրբեջանցու թելն է թելում, ի՞նչ քննարկենք ՄԱԿ ԱԽ-ում հնչած քննադատությունները,- նշեց նա՝ նաև առհասարակ նկատելով, որ Նիկոլ Փաշինյանը տապալել է արտաքին քաղաքականությունը բոլոր ուղղություններով, ու հենց սրանով պայմանավորելով երկրում առկա հակառուսական տրամադրությունների աճը,- Ցանկացած իշխանություն, որ նստում է կառավարությունում, ՀՀ շահերից բխող քաղաքականություն պետք է վարի, ոչ թե ինչ-որ մեկին հակա (մեր թշնամիներին չհաշված): Պետք է բազմավեկտոր քաղաքականություն վարել, որ ՀՀ շահը բոլոր ուղղություններով առաջ տարվի, և այդ շահը գերակա լինի: Ինչ-որ մեկին հակա քաղաքականությունը 21-րդ դարում անմտություն է:
Այս իրավիճակում հակառուսական քաղաքականությունը սխալ է, որովհետև ռուսներն են Լաչինի միջանցքում կանգնած, ռուսներն են ապահովում արցախահայության անվտանգությունը. չենք կարող ասել, թե եթե ռուսներն այնտեղ չլինեին, իրավիճակը սրանից էլ ավելի ծանր չէ՞ր լինի, չենք կարող ասել, թե եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ մեր երկրի ղեկավարը, այնտեղ նույնիսկ ռուսներ չէին լինի»:
Նա այսօր բողոքողներին ու դժգոհողներին հիշեցրեց, որ 2018 թվականից առաջ Արցախն ազատ ու անկախ էր, ՀՀ-ն տարածաշրջանում ուներ հզորագույն բանակներից մեկը, և այդ ամենը բացառապես Սերժ Սարգսյանի շնորհիվ էր:
«Եկան-մերժեցին մի մարդու, որն այդ ամեն ինչը ստեղծել էր, իսկ այժմ բողոքում են ռուսների ներկայությունից, պատերազմից: Դե բողոքում եք, բողոքեք այն մարդուց, որն այս ամեն ինչը սարքել է: Ի՞նչն է խնդիրը, կամ՝ ո՞վ է խանգարում նույն կերպ դուրս գալ փողոց ու մերժել դավաճանին, որն իր վարած քաղաքականությամբ ցույց է տալիս, որ ռազմական գործողություններն այնպես չէ, որ սարերի հետևում կարող են լինել»,- ամփոփեց Աշոտ Անդրեասյանը՝ հիշեցնլով ադրբեջանական ամենօրյա ագրեսիայի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում