Ի՞նչ պայմաններով է երկարացվել Իրանի հետ գործող «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ժամկետը

Օրերս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանն ու Իրանը ստորագրել են համաձայնագիր՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ժամկետը երկարաձգելու, ինչպես նաև Իրանից  ներմուծվող գազի դիմաց Հայաստանից Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալներն ավելացնելու վերաբերյալ։

Ստորագրված համաձայնագրով նախատեսվում է ծրագիրը շարունակել մինչև 2030թ.։

Հիշեցնենք, որ մինչ այդ ծրագրի ավարտի ժամկետ էր սահմանված 2026թ.։

Երկար բանակցություններից հետո իշխանությունը կարողացել է այն երկարացնել ընդամենը 4 տարով։ Այն էլ դեռ հարց է, թե ի՞նչ պայմաններով։

Կարդացեք նաև

Մատակարարումների պայմանների ու ծավալների մասին գերադասում են չխոսել։ Չնայած այս ծրագրի հետ կապված շատ բան վաղուց արդեն գաղտնիք չէ։

Հայտնի է, որ մատակարարման ծավալներն ուղղակիորեն կապված են Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շահագործման հետ։

Էլեկտրագծի գործող ենթակառուցվածքները բավարար չեն ծրագրի ծավալները մեծացնելու համար։ Դրա համար որոշվեց նոր գիծ կառուցել։ Տարիներ շարունակ այդ գիծը կառուցում են, բայց վերջն այդպես էլ չի երևում, չնայած Հայաստանի համար այդքան կարևորվում է այս ծրագրի շարունակումն ու ծավալների մեծացումը։

Գծի շինարարությունը սկսվել է դեռևս 2016-17թթ.։ Նախատեսվում էր, որ այն պիտի շահագործման հանձնվեր 2019թ., որպեսզի սկսվեր գազ-էլեկտրաէներգիա ծրագրի երկրորդ փուլի իրականացումը։ Կարծես բոլոր նախադրյալները կային սահմանված ժամկետում էլեկտրագիծը լարման տակ դնելու համար։ Բայց իշխանափոխությունից հետ, ինչպես շատ ծրագրեր, այս մեկն էլ հայտնվեց փակուղում։ Եկան  իշխանության ու ձախողեցին գծի կառուցման բոլոր հնարավոր ու անհնարին ժամկետները։

2019թ. այն պետք է պատրաստ լիներ շահագործման։ Անցել է չորս տարի, բայց էլի պատրաստ չէ։

Ամեն տարի երկարաձգում են էլեկտրագծի կառուցման ժամկետի ավարտը ու կրկին ձախողում աշխատանքները։

Վերջին երկարաձգումից հետո, այն պիտի շահագործման հանձնվի այս տարվա վերջին։ Բայց դատելով նրանից, որ այդ մասին ոչ մի խոսք չկա, ըստ ամենայնի, կրկին վերանայելու են ժամկետները։

Մինչդեռ, այս գծի կառուցումից ու շահագործումից է կախված լինելու, թե ե՞րբ և որքանո՞վ հնարավոր կլինի ընդլայնել գազի դիմաց էլեկտրաէներգիայի մատակարարման ծրագիրը։ Որքան երկար է ձգվում էլեկտրահաղորդման գծի կառուցումը, այնքան հետաձգվում է նաև ծրագրի ծավալների ընդլայնումը։ Եթե այդ գիծը ժամանակին կառուցված ու շահագործման հանձնված լիներ, ապա վաղուց արդեն կարող էր ընդլայնված լինել Հայաստան մատակարարվող իրանական գազի ծավալը։

Այն, որ Իրանը պատրաստ է դրան, նորություն չէ։ Այդ մասին պայմանավորվածությունները նոր չեն և գալիս են դեռևս նախորդ իշխանություններից։ Այլ բան, որ դրա համար բավարար պայմաններ չկան։

Այս ընթացքում Հայաստանը կարող էր ծրագրի շրջանակներում բավական մեծ քանակությամբ գազ ստանալ, բայց չի ստացել, որովհետև չեն կարողացել ժամանակին լուծել ենթակառուցվածքների ապահովման հետ կապված խնդիրները։ Ձախողել են իրականացման ժամկետներն ու հետաձգել ծրագրի ընդլայնումը։

Հիմա նոր համաձայնագիր են ստորագրել՝ մատակարարման ծավալների վերաբերյալ, բայց հարց է, թե դա երբ կարող է լինել։

Հարց է նաև, թե ի՞նչ պայմաններով է իրականացվելու մատակարարումը։

Դեռևս նախորդ տարվա վերջին Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած այցի ժամանակ հայտարարվեց, որ փոխվել է ծրագրի, այսպես կոչված, բարտերային սակագինը։

Այդ մասին, հասկանալի պատճառներով, Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն խոսում։ Չեն խոսում, որովհետև ի վնաս Հայաստանի է։

Իրենց ապաշնորհությամբ հասան նրան, որ փոխվեցին գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանները։

Նախկին իշխանությունների ժամանակ ձեռք բերված և տարիներ շարունակ գործող պայմանավորվածության համաձայն, Հայաստանը յուրաքանչյուր 1 խոր. մետրի դիմաց Իրանին մատակարարում էր 3 կվտ ժամ էլեկտրաէներգիա։ Հաշվի առնելով, որ 1 խորանարդ գազից «Երևանի ջէկ»-ում ստացվում է շուրջ 4,5 կվտ ժամ հոսանք, ծրագրի շրջանակներում Հայաստանին մնում էր 1,5 կվտ ժամ էլեկտրաէներգիա կամ համարժեք գազ։

Այսպես կոչված, բարտերային այդ սակագինը միանշանակ ձեռնտու էր Հայաստանին։

Սակայն Նիկոլ Փաշինյանի վերջին այցի ժամանակ ստորագրված փոխըմբռնման հուշագրով փոխվեցին մատակարարման պայմաններն ու փոխանակումների հարաբերակցությունը։ Այդ մասին ժամանակին  ակնարկեց Իրանի նավթի փոխնախարար, Իրանի ազգային գազային ընկերության (NIGC) գլխավոր տնօրեն Մաջիդ Չեգենին։

«Իրան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Իրանի հետ համագործակցության վերաբերյալ, ի լրումն «Գազի դիմաց՝ էլեկտրաէներգիա» բարտերային համաձայնագիրը մինչև 2030 թվականը երկարաձգելու մասին համաձայնագրի։ Սրանից ելնելով, արտահանվող գազի ծավալների ավելացմանը համապատասխան, կփոխվի նաև էլեկտրաէներգիայի բարտերային սակագինը»,- նշել էր Իրանի ազգային գազային ընկերության  գլխավոր տնօրենը։

Գազի ծավալներն ավելացնելուց հետո, թե ինչպիսի՞ն կլինի փոխանակումների հարաբերակցությունը, իշխանությունները խնամքով թաքցնում են։ Բայց հաշվի առնելով այն, որ իրանական կողմը վերջին տարիներին անընդհատ խոսում էր դա վերանայելու անհրաժեշտության մասին, կարելի է ենթադրել, թե ինչ է տեղի ունեցել։

Այդպես էլ իշխանությունները ոչինչ չկարողացան անել նախկինների ժամանակներից եկող փոխանակումների առավել նպաստավոր հարաբերակցությունը պահպանելու համար։

Ծրագրի շահավետությունը միանշանակ կնվազի։ Ու կարող է այնպես ստացվել, որ բարտերային սակագնի վերանայման հետևանքով, նույնիսկ գազի մատակարարման ծավալների ընդլայնման դեպքում, ծրագրի իրական օգուտներն ավելի քիչ լինեն, քան նախկինում էին։

Սրան է, որ իշխանությունները կարողացել են հասնել Իրանի հետ շատ կարևոր այս ծրագրի իրականացման շուրջ տարիներ շարունակ վարվող բանակցությունների արդյունքում։ Զարմանալի չէ, որ ստորագրված համաձայնագրի արդյունքների մասին գերադասում են լռել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս