
ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան եռակողմ հանդիպումից առաջ անվտանգության ոլորտում նոր համաձայնության են եկել

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան անվտանգության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն, ըստ որի՝ երեք երկրները պետք է միմյանց հետ խորհրդակցեն Խաղաղ օվկիանոսում անվտանգային ճգնաժամի կամ սպառնալիքի դեպքում։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաներին։
Խորհրդակցելու պարտավորության մասին հայտնի է դարձել երեք երկրների ղեկավարների հանդիպումից առաջ, որը սպասվում է օգոստոսի 18-ին՝ քիչ ավելի ուշ։
Ըստ Սպիտակ տան վարչակազմի պաշտոնյայի՝ համաձայնությունը չի խախտում յուրաքանչյուր երկրի իրավունքը՝ պաշտպանվելու միջազգային օրենքի համաձայն, ինչպես նաև չի փոխում ԱՄՆ-ի և Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև առկա երկկողմ պայմանագրային պարտավորությունները։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մերիլենդի նախագահական առանձնատանը կհյուրընկալի Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային։ Երեք երկրները նախատեսում են ամրացնել անվտանգության և տնտեսության ոլորտում իրենց կապերը, քննարկել Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային սպառնալիքը և Չինաստանի վարած քաղաքականությունը։
Տոկիոյից ԱՄՆ մեկնելիս Կիսիդան լրագրողներին ասել է, որ «գագաթնաժողովը պատմական հնարավորություն կլինի եռակողմ ռազմավարական համագործակցությունն ամրապնդելու համար»։
Բայդենը եռակողմ այս գագաթնաժողովի միջոցով նաև ցանկանում է նպաստել Ճապոնիայի և Հարավային Կորեայի միջև լարվածության թուլացմանը: Երկու երկրները տասնամյակներ շարունակ տարաձայնություններ ունեն, այդ թվում՝ կապված 1910-1945 թվականներին Ճապոնիայի կողմից Կորեայի բռնազավթման ընթացքում կորեացիների հարկադիր աշխատանքի հետ։