Մենք ճիշտ էինք՝ դուք շարունակում եք «սխալվել»

Երկու օր առաջ ադրբեջանական հեռուստատեսությամբ հեռարձակվեց մի տեսանյութ, որտեղ հիմնական բանախոսները հայաստանյան բնապահպաններ ու ակտիվիստներ էին, որոնք մաս էին դարձել արդեն մոտ մեկ տարի Ադրբեջանի կողմից տարվող ինտենսիվ քարոզչության առ այն, թե Հայաստանն աղտոտում է տարածաշրջանն իր հանքերով։ Բանախոսները՝ հայտնի ու ոչ այնքան հայտնի հայաստանյան բնապահպան-ակտիվիստները, առատորեն կիսվում են «տեղեկատվությամբ» այն մասին, թե հատկապես ո՞ր հանքերն են աղտոտում Սյունիքի գետերը, հնչում են հանքերի անուններ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը, Ագարակը, Կապանի հանքը և այլն։

Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանն անցյալ տարվա դեկտեմբերին Լաչինի միջանցքը փակելու համար պատրվակ էր ընտրել Արցախի հանքարդյունաբերական ծրագրերի՝ իբր տարածաշրջանի համար բնապահպանական «աղետ» լինելը։ Արդեն գրեթե մեկ տարի Ադրբեջանն ինտենսիվ զարգացնում է թեման՝ «բարեհաջող» փակելով ոչ միայն Արցախի համար կարևոր սոցիալ-տնտեսական նշանակություն ունեցող հանքերը, այլև միջազգային տարբեր ատյաններում թմբկահարելով, հայցեր ներկայացնելով ընդդեմ Հայաստանի հանքերի։

Կասպից ծովի ափերը նավթահորերի վերածած ադրբեջանցիները, պարզվում է, խիստ մտահոգ են Սյունիքի Ողջի գետի «աղտոտմամբ» և տարածաշրջանի բնապահպանությամբ։

Արդեն մեկ տարուց ավելի նրանք որպես փաստարկ են օգտագործում Հայաստանի բնապահպանների տարիներ շարունակ արված տարբեր պնդումներն այն մասին, որ հայաստանյան հանքերը պետք է փակել, որ դրանք «աղետաբեր» ու «մահաբեր» են։ Հիմա արդեն նրանք անցել են ոչ թե Հայաստանի բնապահպանների տարբեր տարիներին արված հայտարարություններն օգտագործելուն, այլ թարմ ուղիղ մեջբերումներ են ստացել հայ բնապահպաններից՝ թարմ ռեպորտաժներ պատրաստելով արդեն հատուկ ադրբեջանական հեռուստատեսության համար։

Կարդացեք նաև

Երեկ այդ ռեպորտաժի մաս դարձած բնապահպանները շտապողաբար սկսեցին հերքել, թե իրենք հարցազրույց են տվել ադրբեջանական հեռուստատեսությանը։ Պարզվում է՝ նրանց զանգահարել են ռուս լրագրողներ, ու պարզվում է՝ այդ պատճառով են նրանք համաձայնել պատմել, թե ինչ սարսափելի աղետ են հայաստանյան հանքերը… Այսինքն, այն ժամանակ, երբ արդեն մոտ մեկ տարի Ադրբեջանն այդ փաստարկն օգտագործելով՝ շրջափակել է Արցախը ու հիմա էլ միգուցե հիմք է ստեղծում Սյունիք ներխուժելու՝ իբր «բնապահպանական աղետը» կանխելու նպատակով, Հայաստանում ապրող Հայաստանի քաղաքացի որոշ բնապահպաններ համարում են, որ կարելի էր ռուս, հոլանդացի կամ նույնիսկ հայ լրագրողների ռեպորտաժում պաշտպանել ադրբեջանական այդ պրոպագանդիստական գիծը։

Եվ կամ ի՞նչ էին ակնկալում, որ իրենց զանգահարողը պետք է ադրբեջանցի ներկայանար, որպեսզի մերժեի՞ն Հայաստանի կողմից «տարածաշրջանի աղտոտման» մասին ռեպորտաժին միանալուն։ Համաձայնեք, առնվազն միամիտ, եթե ոչ՝ կասկածելի, դավաճանական փաստարկներ են նրանց կողմից հնչեցված այդ ինքնարդարացումները։

Երբ «168 ժամը» դեռևս տարիներ առաջ հետևողականորեն պաշտպանում էր հանքարդյունաբերական ներդրումները, որոնք Հայաստանի տնտեսության ամրության գրավականն էին, այս նույն մարդիկ մեզ մեղադրում էին հանքարդյունաբերողների շահերը պաշտպանելու մեջ։

Իրականում մենք պաշտպանում էինք Հայաստանի տնտեսության շահը, որի հենասյունն այսօր գոնե հանքարդյունաբերությունն է, ուզենք թե չուզենք։ Երբ մենք զգուշացնում էինք, որ ամեն անհիմն մեղադրանք, ամեն ահասարսուռ նկարագրություն, թե հանքերը «թունավոր են», «մահաբեր են», ամեն կազմակերպված, այս կամ այն կենտրոններից ուղղորդված ակցիա ընդդեմ այս կամ այն հանքային ծրագրի, ոչ միայն խաթարում է կոնկրետ այդ ծրագրի գործունեությունը, այլև խորքային խնդիրներ կարող է առաջացնել Հայաստանի համար, նրանք շարունակում էին խաթարել Հայաստանի տնտեսության հիմքերը և մեզ մեղադրել «ծախված» լինելու մեջ։ Ընդ որում, այդ «բնապահպան» կոչվածներն ակտիվորեն մասնակցում էին, փաստորեն, ընդդեմ Արցախի և Հայաստանի 2018-ի հեղաշրջմանը՝ Փաշինյանի գլխավորությամբ: Ի դեպ, դրանց մի մասը 2018-ին իր սև գործն անելուց հետո արտագաղթեց՝ ապաստան գտնելով տարբեր երկրներում, թե բա՝ Հայաստանն ապրելու տեղ չէ…

Այո, լուսաբանելով բնապահպանական խնդիրները, մենք ընդամենը կոչ էինք անում չչափազանցնել, հիմնվել փաստերի վրա, շրջահայաց լինել և, վերջապես, լինել պրոֆեսիոնալ, մարդկանց չմոլորեցնել, թե իբր մուրաբա, մեղր և կամ օղի արտադրելով՝ հնարավոր է երկրի տնտեսություն զարգացնել, աշխատատեղեր ստեղծել:

Հիմա մեր հերթն է հարցնելու՝ ինչպե՞ս կարելի է անվանել մարդկանց, ում ողջ գործունեությունը նրանց դարձրել է ադրբեջանական պրովոկացիայի համար ամենահարմար գործիքը։ Ո՞ւմ շահերով են առաջնորդվում մարդիկ, ում համար վերջին մեկ տարին այդպես էլ դաս չեղավ, և նրանք պատրաստ են առաջին իսկ անծանոթ արտասահմանցուն պատմել, թե ինչ ճիշտ են ադրբեջանցիները, երբ Հայաստանին մեղադրում են տարածաշրջանային աղետ լինելու մեջ։

Տեսանյութեր

Լրահոս