«Ինչի՞ս է պետք որևէ պետության քաղաքացի լինելս հավաստող փաստաթուղթը, եթե նախորդ 8+ ամիսների ընթացքում գեթ մեկ անգամ չեմ զգացել, որ, ասենք` Հայաստանի Հանրապետության հպարտ կամ պարզապես մի սովորական քաղաքացի եմ»
Աստղիկ Քեշիշյանը, ով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրով Արցախ է մեկնել 2021 թվականին՝ Մարտակերտի Մոխրաթաղ գյուղ, և ծրագրի ավարտից հետո շրջափակման պատճառով զրկված է տուն վերադառնալու հնարավորությունից, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անձնագիրս դեկտեմբերին Երևանում էի թողել` Իտալիայի վիզա կենտրոնում։ Բլոկադայից մեկ օր առաջ վերադարձա էստեղ` ռուսներին ID քարտս ցույց տալով։ Էն ժամանակ Արցախը դեռևս դե ֆակտո մի քիչ Հայաստան էր, ID-ն անցնում էր, հեռախոսով էլ կարող էիր անձնագրի նկար ցույց տալ, գնալ-գալ։ Հիմա այլևս առանց անձնագրի քեզ ոչ ոք Արցախից դուրս չի հանի։ Իրականում անձնագրի առկայության դեպքում էլ չեն հանի, բայց դա մի կողմ։
Այստեղ խորհրդանշական պահն ավելի հետաքրքիր է։ Ինչի՞ս է պետք որևէ պետության քաղաքացի լինելս հավաստող փաստաթուղթը, եթե նախորդ 8+ ամիսների ընթացքում գեթ մեկ անգամ չեմ զգացել, որ որևէ պետության, ասենք` Հայաստանի Հանրապետության հպարտ կամ պարզապես մի սովորական քաղաքացի եմ։
Մի քիչ ավելի լավ եմ հասկանում արցախցիներին, որ փաստացի ունեն ՀՀ անձնագիր, բայց դա չի տալիս իրենց որևէ պետության հոգածության ներքո լինելու որևէ երաշխիք։ Ու նաև մի քիչ ավելի լավ եմ հասկանում արցախցիներին, որոնք ստիպված են իրենց ճակատագրի վրա զգալ մի կառավարության որոշումների հետևանքներ, որի ձևավորմանն իրենք չեն մասնակցել։ Երբ Արցախի իշխանությունների մասին մտածում եմ` գրողը տանի ձեզ բոլորիդ, ես ի՞նչ կապ ունեմ ձեզ հետ, ինչո՞ւ պիտի կյանքս կործանվի ձեր պատճառով, մի քիչ ավելի եմ սկսում մտածել արցախցիների մասին, որոնց կյանքը ՀՀ իշխանությունները կործանում են։
Երեկ Արարատ Միրզոյանի ելույթն էի լսում։ Հուսադրող է, որ դեռ այդքան նյարդեր ունեմ։ Խնդիրը սիրուն բերեց, հասցրեց շրիշակի, այն է` հաց ու դեղ չունենալու մակարդակի։
Երբ տարբեր թվեր էր նշում, մի պահ էնքան էի ուզում, որ Արցախում մնացած հայաստանցիների քանակն էլ նշի, մի տառ ասի մեր մասին։ Դրանով բան չէր փոխվելու, բայց մենք մեզ կհամոզեինք, թե հիշում են մեր գոյության մասին, ինչ-որ տվյալներ ունեն, «թողնենք, թող աշխատեն»։ Հեչ էլ թե Արցախը Ադրբեջանի մաս են ճանաչել` առանց անգամ մտածելու, որ դեռ էստեղ ՀՀ գրանցումով հարյուրավոր (կամ որ ավելի հավանական է` հազարավոր) մարդիկ կան։
Հիմա ի՞նչ եմ ուզում ասել։ Մեծ հաշվով` չգիտեմ, բայց երևի ուզում էի մխիթարել արցախցիներին և արձանագրել, թե ոնց մեր կառավարությունը ղարաբաղցի-հայաստանցի տարանջատում չի դնում ու առանց մի գրամ խտրականության բոլորիս վրա էլ թքած ունի հավասարապես»։