
Ստեփանակերտում բարեգործական ճաշարան է բացվել

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօրվանից գործելու է բարեգործական ճաշարան` շրջափակման հետևանքով ստեղծված սոցիալական իրավիճակը մեղմելու և բնակչության առավել տուժած խմբերին սննդով ապահովելու նպատակով: Այս մասին հայտնում է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը։
Ճաշարանը գործելու է «Պարկ հոթել» հյուրանոցի տարածքում՝ օգտագործելով շրջափակման հետևանքով արդեն չգործող հյուրանոցի ճաշարանային ու խոհանոցային հնարավորությունները: Ճաշարանի տարածքն ընտրվել է նաև հաշվի առելով նաև, որ այն գտնվում է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հարևանությամբ, և հոգևորականները նույնպես այցելելու են քաղաքացիներին՝ շփվելու նրանց հետ:
Այսօր առաջին ճաշը մատուցելուց առաջ օրհնության կարգ է կատարվել:
«Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության միջոցով և Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի օրհնությամբ ու ներգրավվածությամբ: Հանրային սննդի ծառայություն մատուցող մասնավոր ընկերություններից մեկի հետ կնքվել է ծառայության մատուցման պայմանագիր, և վերջինս պարտավորվել է օրական մեկ անգամ սնունդով ապահովել ծրագրի շահառուներին»,– ասված է հաղորդագրությունում։
Այսպիսի սոցիալական-բարեգործական ճաշարաններ գործում են տարբեր երկրներում:
Ծրագիրն իրականացվում է ոչ միայն խոցելի խմբերին հնարավորինս աջակցելու համար, այլև հոգեբանական նշանակություն ունի` շփման միջավայր է ստեղծվում։ Հաշվի է առնվել նաև այն, որ առանձին սոցիալական խմբերի սնունդ բաշխելու տեխնիկական հնարավորություն չկա, բայց հնարավորություն կա սուղ մթերքից ճաշատեսակ պատրաստել և մատուցել մարդկանց:
Ամեն ինչ արվելու է, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան օգտվել ծրագրից: Այդ նպատակով կամավորներն արդեն պատրաստի ուտելիքը հասցնելու են այն մարդկանց, որոնք ի վիճակի չեն լինի ճաշարան այցելել:
«Մենք հոգ ենք տանելու, որպեսզի հարմարավետ միջավայր ստեղծվի մարդկանց համար, իսկ ճաշարանն ամեն օր ապահովվի սնունդով: Այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք, որ առավելագույնս պետք է սատար կանգնենք միմյանց»,- ասել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման կոմիտեի անդամ Հայկ Ավանեսյանը:
Ճաշարանը մարդկանց սպասարկելու է ժամը 13.00-16.00-ի հատվածում: Ծրագրի շահառու կարող են դառնալ մինչև 16 տարեկան երեխաներն ու նրանց ուղեկցողները, ինչպես նաև հղի կանայք ու 65 տարեկանից բարձր տարեցները:
Հնարավորության դեպքում ծրագիրն ընդլայնվելու է. նախատեսվում է ևս մեկ նման կետ բացել Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հարևանությամբ: