«Նիկոլ Իջևանսկի» դառնալու անհույս հեռանկարը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի կալանավորումն ունի բազմաթիվ շերտեր, որոնցից ընդամենը մեկը կարող է այս կամ այն չափով աղերսվել իրավական հարթության հետ։
Նրան մեղսագրվող մեքենայությունը (որը, եթե անգամ տեղի է ունեցել, ապա պայմանավորված է առավելապես հոր՝ Արմեն Սմբատյանի գործունեությամբ) իրավական տեսանկյունից չափազանց վիճելի է ու խոցելի, ինչի մասին արդեն իսկ բարձրաձայնել են փաստաբանները, իրավաբանները։
Բայց խնդիրն ունի շատ ավելի կարևոր, առաջին հայացքից՝ անտեսանելի շերտեր, և լայն իմաստով հանգում է Նիկոլ Փաշինյանի ատելություններից մեկին՝ հեղինակություն, կենսագրություն, վաստակ ու հարգանք ունեցող մարդկանց նկատմամբ ատելությանը։
Սերգեյ Սմբատյանը, չնայած երիտասարդ տարիքին, մեծ հեղինակություն ունի ոչ միայն հայկական, այլ նաև օտարերկրյա երաժշտական արվեստի աշխարհում, կիրթ, կայացած, ինքնաբավ մարդ է, որի նպաստը հայկական մշակույթին, դրամական արտահայտությամբ չափելու դեպքում, բազմապատիկ ավելի է, քան նրան վերագրվող հանցագործությամբ պետությանն իբրև թե պատճառված վնասը։ Բայց Նիկոլ Փաշինյանին այդ ենթադրյալ վնասի չափը հետաքրքրում է միայն այնքանով, որքանով դրա՝ շարքային քաղաքացիների ականջի համար հնչեղ արտահայտությունը կարող է ավելացնել նրանց ատելությունը հեղինակությունների հանդեպ։
Կառուցելով ավտորիտար իշխանության կուռ, ուղղաձիգ համակարգ, Նիկոլ Փաշինյանը փորձում է շարժվել տոտալիտարիզմի դասական կանոններով, որոնց համաձայն, երկրում իրենցից բացի՝ այլ հեղինակություններ չպետք է լինեն։ Բայց քանի որ իր իշխանության գալուց առաջ Հայաստանում, բնականաբար և բարեբախտաբար, եղել են տասնյակ, հարյուրավոր հեղինակություններ՝ ինչպես նեղ մասնագիտական, այնպես էլ՝ հանրային կյանքում, Նիկոլ Փաշինյանը հերթով փորձում է մեկուսացնել նրանց, ընդ որում՝ այնպիսի քրեական գործերով, որոնք կարող են բիծ թողնել այդ անձանց մարդկային ու մասնագիտական համբավի վրա։ Սերգեյ Սմբատյանի կալանավորումը բազմաթիվ նման դեպքերից մեկն է միայն, հեղինակությունների հետ Նիկոլ Փաշինյանի հաշվեհարդարի օրինակները բազմաթիվ են ամենատարբեր ոլորտներում։
Զինվորականության շրջանում անառարկելի հեղինակություն վայելող գեներալ Գրիգորի Խաչատուրովն արդեն տևական ժամանակ շինծու քրեական գործով գտնվում է անազատության մեջ, ընդդիմադիր քաղաքական դաշտում աճող հեղինակություն ունեցող Արմեն Աշոտյանը ևս՝ խայտառակ շինծու քրեական գործով, արդեն երկու ամիս է՝ կալանավորված է։ Կան մի շարք այլ՝ պակաս հնչեղություն ստացած, սակայն խորքում նույն դրդապատճառներն ունեցող օրինակներ ևս։ Բժշկական հանրության շրրջանում մեծ հեղինակություն վայելող պրոֆեսոր Արմեն Չարչյանն արդեն շուրջ երկու տարի գտնվում է դատական անհեթեթ քաշքշուկների մեջ, այդ ժամանակի մի հատվածը նա անցկացրել է կալանավայրում։ Երկու ամիս առաջ ամենաճղճիմ ձևով՝ 4000 դոլար և մեկ շիշ կոնյակ կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորվեց ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի երկարամյա դեկան, դոկտոր-պրոֆեսոր, գիտական շրջանակներում մեծ հեղինակություն ունեցող Հայկ Սարգսյանը, ով, արդեն երրորդ ամիսն է, գտնվում է անազատության մեջ՝ չնայած տարիքին ու առողջական խնդիրներին։
Բոլոր այս և չթվարկված դեպքերում խնդիրը միայն նեղ իրավական հարթությունում քննարկելը կնշանակի անուղղակիորեն աջակցել Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությանը։
Բանն այն է, որ իշխանության տոտալ վերահսկողության տակ գտնվող իրավապահ, դատախազական համակարգը ցանկացած պահի կարող է գործ «կարել» ցանկացած քաղաքացու նկատմամբ, իսկ երբ խոսքն այս կամ այն ոլորտում ակտիվ, հարյուրավոր մարդկանց հետ առնչվող գործիչների մասին է, դրա հավանականությունը շատ ավելի բարձր է։ Խնդիրը, սակայն, ավելի խորն է, և դրանում իրավական բաղադրիչը գուցե ամենափոքրն է։ Շատ ավելի կարևոր է, որ բոլոր նման մարդկանց դեպքում գործում է հեղինակությունների դեմ պայքարի տրամաբանությունը։ Իսկ հեղինակությունները Նիկոլ Փաշինյանին խանգարում են ոչ միայն սեփական բարդույթների պատճառով։ Այս կամ այն ոլորտում, մասնագիտական ու հանրային դաշտում հեղինակավոր անձանց առկայությունը բարձրացնում է հանրային ինքնակազմակերպման, համախմբման հնարավորությունը, որից ամենաշատն է սարսափում իշխանությունը։
Հետևաբար՝ անհատապես մեկուսացնելով հեղինակություն ունեցող անձանց, հավաքական իմաստով Նիկոլ Փաշինյանը կազմաքանդում է հեղինակությունների ինստիտուտը, իսկ դրանով արդեն նվազեցնում, զրոյականի է հասցնում հասարակական մոբիլիզացիայի հնարավորությունը։
Կոնկրետ Սերգեյ Սմբատյանի պարագայում կարող է գործել նաև մեկ այլ՝ ավելի կեղտոտ հաշվարկ։
Երիտասարդ դիրիժորին ազատ արձակելու պահանջով համախմբվել է գրեթե ողջ երաժշտական հասարակությունը, նրան ազատ արձակելու պահանջով հանդես են եկել մի շարք այլ ոլորտների անվանի ներկայացուցիչներ՝ բժիշկներ, ՏՏ ոլորտի մասնագետներ։ Որևէ հիմնավորմամբ ազատ արձակելով Սերգեյ Սմբատյանին՝ իշխանությունն առնվազն կարճաժամկետ հատվածում ստանալու է նրան աջակցող հանրային շերտերի գոնե մի մասի լոյալությունը, ինչը կարող է ծառայել, օրինակ, Երևանի ավագանու ընտրություններում իշխանության հաղթանակին։ Իսկ հեռանկարային իմաստով այս նախադեպը կարող է է՛լ ավելի զգուշավոր դարձնել մասնագիտական տարբեր շերտերի անդամներին, որոնք առնվազն հրապարակային դրսևորում չեն հաղորդի իրենց՝ իշխանության նկատմամբ աճող ներքին ատելությանը։
Երկրում, որտեղ դեգրադացված է քաղաքական համակարգը, որում չկան քաղաքական անվիճելի առաջնորդներ, տարբեր ոլորտներում կայացած հեղինակությունները մեծ վտանգ են ներկայացնում ամեն օրվա հետ ավելի ավտորիտար դարձող իշխանության համար։
Զրկվելով հանրային աջակցությունից ու սեփական հեղինակության նշաձողն իջեցնելով Ալիևի կողմից ծաղրի ենթարկվելու մակարդակի, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն պայքարում է բոլոր կայացած անհատների դեմ։
Նրան երևի թվում է, որ եթե երկրում չլինեն հեղինակավոր մարդիկ, ինքը մեխանիկորեն կդառնա միակ հեղինակությունը։
Իրականում, սակայն, նա հնարավորություն ունի դառնալու միայն մեկ տեսակի՝ քրեական հեղինակություն, իշխանափոխությունից հետո համապատասխան վայրում հայտնվելու և իրեն համապատասխան կերպով դրսևորելու պարագայում։ Բայց անգամ դա խիստ տեսական հնարավորություն է։
Հարություն Ավետիսյան