Ժողովրդին կառավարելու համար պետք է նրանց քնեցնել, թմբիրի մեջ պահել՝ շոուներ կազմակերպելով. Դավիթ Անանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավար, «DSA խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Անանյանն է:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

  • Նախապատերազմյան ժամանակաշրջանում Արցախի տնտեսության նշանակության մասին Հայաստանի տնտեսության մեջ պատշաճ չի լուսաբանվել, մինչդեռ երկու հայկական հանրապետությունների տնտեսությունները շատ շաղկապված են, և Արցախն արտաքին աշխարհին ներկայանում էր՝ ի դեմս Հայաստանի:
  • 2019 թվականին Արցախի Հանրապետությունը ՀՆԱ-ի գծով աննախադեպ ցուցանիշ գրանցեց, այսինքն՝ ԱՀ տնտեսությունը գեներացնում էր 342.5 մլրդ դրամի հանրային բարիք: Շուրջ 44 տոկոսը՝ առևտուր և ծառայություններ, 28.5 տոկոսը՝ արդյունաբերություն, 10.9՝ գյուղատնտեսություն, 9.6՝ տոկոս շինարարարություն:
  • Արդյունաբերության մեջ մեծ տեսակարար կշիռ է կազմում հանքարդյունաբերությունը, որի 98 տոկոսը գտնվում է Մարտակերտում՝ Դրմբոն, Կաշեն:
  • Արդյունաբերության մոտ 30 տոկոսը տեղակայված էր Ստեփանակերտում, մոտ 60 տոկոսը, ի դեմս հանքարդյունաբերության՝ Մարտակերտի շրջանում։
  • Արդյունաբերության տեսանկյունից Արցախը մեծ կորուստներ չի ունեցել, որովհետև թե Մարտակերտը, և թե Ստեփանակերտը գտնվում են Արցախի հանրապետության հսկողության ներքո, բայց արդյունաբերական շատ կարևոր համալիրներ կորցրել ենք. Զանգելանի շրջանում՝ ոսկու հանքը, Հադրութի Տող գյուղում՝ «Կատարո»-ն, ինչպես նաև՝ Շեխերիում գտնվող գինու գործարանները:

  • Հայաստանի տնտեսության համար Մարտակերտի շրջանում Base Metals խմբին պատկանող Կաշենի հանքը շատ հայտնի մատակարար ընկերությունների համար եղել է նաև պատվիրատու Հայաստանի միջոցով արտաքին աշխարհի հետ, հետևաբար՝ հանքարդյունաբերության ոլորտում պատերազմից հետո, բայց ոչ պատերազմի արդյունքում այդ հսկայի գործունեության կասեցումը՝ սկզբում կոմունիկացիոն խնդիրների պատճառով, իսկ հետո՝ 2022-ի վերջերում, ադրբեջանցի բնապահպանների ակցիաների հետևանքով սկսեց չաշխատել: Այն դեպքում, որ 2022 թվականի կեսերին իր հզորությունների բարձր տոկոսով արդեն կարողանում էր աշխատել, և Ադրբեջանի սպասելիքները, թե՝ չեն կարողանա աշխատել, չարդարացան, ուստի դա էր պատճառը, որ սկսեցին, այսպես կոչված, բնապահպան ակտիվիստների ակցիաները։ Հանքարդյունաբերության ոլորտում Կաշենի շահագործման դադարեցումը տնտեսական խորքային խնդիրների պատճառ դարձավ Հայաստանի համար, որովհետև սկսեցին չգործել նաև կապակցված ընկերությունները:
  • Պատերազմի և հետո նաև՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հանքարդյունաբերության ոլորտում ստեղծված իրավիճակը ծանր էր թե Արցախի, և թե Հայաստանի համար:
  • Գյուղատնտեսություն, պարենային անվտանգություն՝ պատերազմի արդյունքներով պայմանավորված շատ մեծ կորուստ ունեցանք՝ շուրջ 95 հազար հեկտար տարածք, որի վրա 70 հազար հեկտարի վրա հացահատիկի ցանքս էր կատարվում:
  • Կորցրել ենք Արցախի հացահատիկի ցանքատարածքների 90 տոկոսը, այսինքն՝ նախկին ինքնաբավությունը չենք ունենա և պարենային անվտանգության առումով խնդիր ենք ունենալու: Սակայն Հայաստանի կառավարությունը նման վերլուծություններ չի կատարում:
  • Անասնապահության առումով էլ բավականին մեծ կորուստներ ենք ունեցել՝ խոշոր եղջերավոր անասունների 64 տոկոսից, խոզերի՝ 60, ոչխարների, այծերի՝ ավելի քան 98, թռչունների՝ շուրջ 58 տոկոսից: Հայաստանը զրկվել է անասնապահական արտադրանքի ներմուծման հնարավորությունից:
  • Էներգետիկա. 37 հիդրոէլեկտրակայաններ կային Արցախում մինչև պատերազմը։ 2016 թվակյանից ԱՀ-ն Հայաստան էր արտահանում նաև էլեկտրաէներգիա: 2016 թվականին՝ տարեկան 48 մլն կվտ, իսկ արդեն 2020 թվականի սկզբներին՝ 223 մլն կվտ:
  • 29 էլեկտրակայան անցել է Ադրբեջանին։ Հայաստանն էներգետիկ անվտանգության խնդիր ունի և պետք է արդեն մտածի, թե Արցախից ներմուծվող 223 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիան ինչ էներգետիկ ռեսուրսների հաշվին պետք է համալրի:
  • Այսինքն, Արցախը Հայաստանի համար շատ կարևոր է ոչ միայն քաղաքական առումով, որ մեր հարավային սահմանների պաշտպանությունն ապահովողն է, այլ նաև տնտեսական անվտանգության առումով: Այնպես որ, Արցախին տրվող աջակցությունը Հայաստանի, համայն հայության աշխատանքի շնորհիվ ձևավորված միջոցներն են, որն ինչ-որ մեկ մարդու կամ այդ մարդու գլխավորած խմբակի ֆինանսական կարողությունը չի: Արցախին տրվող օգնությունը հանրային ռեսուրսներ են՝ օրենքով հստակ կարգավորվող:
  • Կա մտահոգություն, որ Հայաստանն ինքը կարող է հայտնվել շրջափակման մեջ, եթե ադրբեջանա–թուրքական տանդեմը կարողանա իր գործողություններով լուծել Սյունիքի հարցը, և հարավում կորցնենք սահմանն Իրանի հետ, կամ Վրաստանի հետ շփումները վերահսկվեն էթնիկ ադրբեջանցիների կողմից, մենք Արցախի ճակատագիրն ենք ունենալու, թեկուզ մնանք միայն օդային տրանսպորտի հույսին:

  • Երբ ասում ենք՝ Արցախը կորցնելուց հետո կորցնելու ենք Հայաստանը, դա ոչ թե փիլիսոփայական պոստուլատ է, այլ հստակ պատկերացում է:
  • «Զիջենք, որպեսզի ապրենք» կարգախոսը թշնամու ախորժակն է բացելու. անընդհատ զիջելով՝ դիմացինի ախորժակը մեծանալու է՝ զիջելով հասնելու են Երևան:
  • Ո՞վ է ձեզ իրավունք տվել զիջել, առաջին անգամ պատմության մեջ քառակուսի կիլոմետրերով խոսել հակառակորդի հետ:
  • Մենք չգիտենք՝ ինչի մասին են խոսում, չգիտենք այն միտքը, որով պետք է շարժվենք առաջ։
  • Հանրության մոտ պարտվողական տրամադրություններ ստեղծելով՝ «եթե չզիջենք՝ պատերազմ է լինելու», ինչի՞ ենք հասնելու՝ իսկ ո՞վ է ասել, որ պատերազմ է լինելու, իսկ ո՞վ է ասել, որ Արևմուտքի, միջազգային հանրության համար նրանց օրակարգը պետք է հեշտացնենք:
  • Արևմուտքը հակված է այն հեշտացված օրակարգին, որը մենք ինքներս ենք մատուցել:
  • Հիմա պատասխանատվություն են պահանջում, երաշխիք են պահանջում Արևմուտքից, որպեսզի Արցախն ավելի հեշտ հանձնեն թղթի վրա գրված «Խաղաղության պայմանագրի» դիմաց: Մենք հեշտացրել ենք նաև մեր արտաքին գործընկերների օրակարգը։ Մենք համակերպվել ենք, և մեր իշխանություններն էլ հանրությանը սովորեցնում են այն մտքին, թե՝ «որպեսզի Հայաստանը փրկվի, պետք է հանձնել Արցախը»։
  • Արցախահայության ճակատագիրն իրենց այդքան էլ չի հուզում, իրենք ուզում են միջազգային երաշխիքներ ունենալ թղթի վրա, որ հետո դրանք չպահպանելու դեպքում մեղքը գցեն միջազգային հանրության վրա։
  • Օտարերկրյա ներդրումների իրական ծավալի նվազում է տեղի ունենում:
  • Մի երկրում, որտեղ քաղաքական առումով վերևների և ներքևների միջև կա անջրպետ, հարկային ոլորտում հավելյալ հարկ առաջադրելու ռիսկային փոփոխություններ չի կարելի անել, դրա ժամանակը չէ հիմա, գուցե այս փոփոխություններով մեկ այլ ուշադրության արժանի խնդրից են մարդկանց ուշադրությունը շեղում։
  • Ամերիկյան SNOOP DOG երգչին Հայաստան հրավիրելը նման է, երբ Հին Հռոմում հասարակության ուշադրությունը շեղելու համար գլադիատորական մարտեր կազմակերպելով՝ դրանով էին կերակրում, որպեսզի նրանց ամենօրյա զրկանքներով լի կյանքը մարդկանց համար դառնա տանելի:
  • Շոուներ կազմակերպելու նպատակը ժողովրդի ուշադրությունը շեղելն է, այո, ժողովրդին պետք է պահել թմբիրի մեջ, ցածր մշակույթով կերակրել:
  • Մասսաներին կառավարելու համար պետք է նրանց քնացնել, թմբիրի մեջ պահել՝ շոուներ կազմակերպելով, ինչպես Հին Հռոմում գլադիատորների մարտերն էին կազմակերպում, որպեսզի զբաղեցնեն իրենց էլեկտորատին, որպեսզի կատարեն այն առաքելությունը, որ իրենց առջև դրված է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս