Բաժիններ՝

Արցախում իրավիճակի աղետալի մասշտաբներն ավելի ու ավելի են միջազգային հանրության համար տեսանելի դառնում. Վարդան Սարգսյան

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն օգոստոսի 7-ի «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծում է՝ 13 օր է, ինչ հումանիտար բեռով ավտոշարասյունը շարունակում է մնալ Կոռնիձորում:

«Ցավով պետք է արձանագրել, որ վերջին 13 օրերին, ինչ հումանիտար բեռը գտնվում է Կոռնիձորի այս հատվածում, և Լաչինի միջանցքի այս ապօրինի շրջափակումից ի վեր իրավիճակը վատթարանում է, ճգնաժամը առավել ակնհայտ է դառնում և նվազելու որևէ միտում չունի»,-շեշտում է նա:

Սարգսյանը չի հերքում, որ նկատվում է նաև միջազգային հանրության կողմից որոշակի ուշադրության և մտահոգությունների աճ՝ շարունակական հայտարարությունների և կոչերի տեսքով:

Ըստ նրա՝ դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Լեռնային Ղարաբաղից պարբերաբար ստանում ենք չափազանց ցավալի միջադեպերի մասին տեղեկատվություն: «Առողջապահական համակարգն է գրեթե փլուզման եզրին, նորմալ կրթական իրավունքից են երեխաները զրկված, հացի հերթերում ուշաթափություններ են, խոցելի խմբերի՝ կանանց, երեխաների, հղի կանանց համար տեսանելի խնդիրներ կան, և այս ամենի համատեքստում ականատես ենք լինում նաև Ադրբեջանի կողմից այս բացառապես հումանիտար բնույթի նախաձեռնության անհիմն շահարկումների և քաղաքականացման փորձերի»,- շեշտում է Վարդան Սարգսյանը:

Վերադառնալով միջազգային հանրության՝ Լաչինի միջանցքը բացելու կոչերին՝ Սարգսյանն ասում է՝ նման կոչերը խոսում են այն մասին, որ իրավիճակի աղետալի մասշտաբներն ավելի ու ավելի են միջազգային հանրության համար տեսանելի դառնում: «Կարևոր էին նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնցով Լաչինի միջանցքը պետք է բացվեր և անխափան տեղաշարժ ապահովեր մարդկանց, տրանսպորտային միջոցների, ուղեբեռների համար: Այդ կոչերը, ինչու չէ, ճնշումն իրենց նպաստը պետք է բերեն, որ Ադրբեջանն ի վերջո գիտակցի, որ հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ խորանում է Լեռնային Ղարաբաղում, և հումանիտար բեռի հասանելիությունը Լեռնային Ղարաբաղ պետք է ապահովվի ժամ առաջ»,-նշում է նա:

Սարգսյանի խոսքով՝ որպեսզի հումանիտար նախաձեռնությունը որևէ շահարկումների առիթ չտա, ամբողջական տեղեկատվությունը հումանիտար բեռը Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու մասին փոխանցվել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերին և նրանց միջոցով նաև ադրբեջանական կողմին՝ ակնկալելով ուղեբեռը Լեռնային Ղարաբաղ հասցնելու հարցում վերջիններիս աջակցությունը, սակայն մինչ այս պահը որևէ արձագանք չկա, և ավտոշարասյունը, բեռնված հումանիտար օգնությամբ, այն նույն հատվածում է, որտեղ կայանել է 13 օր առաջ:

«Կարծում եմ, որ ուշադրությունն այս բացառապես հումանիտար նախաձեռնության շուրջ հնարավորինս պետք է մեծ լինի, և հնարավորինս լայն շրջանակներ պետք է հնարավորություն ունենան իրենց աչքերով տեսնել և հավաստիանալ, որ, փաստացի, Լաչինի միջանցքը մնում է փակ և այդ պատճառով հումանիտար բեռները չեն հասնում դրա խիստ կարիքն ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Այս առումով, իսկապես, մենք ակնկալում ենք այս ուշադրության ավելացումը»,- եզրափակեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս