«Հայաստանում իմ առաջին տունը դարձել է «Եռաբլուրը». չեմ կարողանում հավատալ, որ հայրս և եղբայրս էլ չկան». Սիփան Պետրոսյան

Ֆուտբոլային մարզիչ, Շանհայի Յուվենթուսի ակադեմիայի տեխնիկական տնօրեն Սիփան Պետրոսյանը 2020թ. COVID-19 համավարակով պայմանավորված չէր կարողացել Չինաստանից Հայաստան գալ և ներկա գտնվել հոր՝ «Արծիվ-մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան ազատամարտիկ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի և հորաքրոջ որդու՝ Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի հուղարկավորությանը: Վահագն Ասատրյանը զոհվել էր 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 12-ին, իսկ Աստվածատուր Պետրոսյանը՝ պատերազմի ավարտից օրեր անց:

Սիփան Պետրոսյանը միայն այս տարի է կարողացել գալ Հայաստան և օդանավակայանից միանգամից գնացել է «Եռաբլուր»:

«Թե՛ Վահագնի, թե՛ հորս հուղարկավորությանն օնլայն եմ մասնակցել: Վահագնի հետ 2020թ. հոկտեմբերի 10-11-ին հնարավորություն ունեցել եմ խոսելու, նա դուխ էր տալիս, ասում էր՝ մենք ուժեղ ենք, չմտածես: Իմ խոսքը միշտ այն էր, որ՝ ի՞նչ անեմ, ո՞նց գամ հասնեմ, ասում էր՝ դու ինձ այդտեղ ես պետք: Չինաստանի հայերով գումար հավաքեցինք, փոխանցեցինք հիմնադրամին և ՊՆ-ին, բայց կարծում եմ՝ դա շատ փոքր մասնիկ է: Վահագնի հետ երկար խոսել չէի կարողանում, դժվար էր կապի դուրս գալիս, բայց երբ խոսում էինք, ասում էր՝ ամեն ինչ լավ է, դու մնա քո տեղում, ինձ այդտեղ ես պետք: Հորս հետ էլ էի մշտապես կապի մեջ: Պատերազմի ընթացքում նա վարակվեց կորոնավիրուսով, և թե՛ Վահագնի մահը, թե՛ պատերազմի պարտության փաստը չկարողացավ հաղթահարել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ Աստվածատուր Պետրոսյանի համար անսպասելի է եղել պատերազմի նման ելքը:

«Անհնար էր պատկերացնել նման ելքը, որովհետև հաղթողի հոգեբանություն ունեինք. Մենք ծնվել և դաստիարակվել ենք հաղթողի հոգեբանությամբ: Պարտությունից հետո հորս հետ քիչ եմ զրուցել, բայց իր միտքն այն էր, որ պետք է հաղթել և վերադարձնել ամենը»,- ասաց նա՝ ընգդծելով, որ ինքը շատ ծանր հոգեվիճակում է եղել պատերազմի արդյունքից և անձնական կորուստներից հետո:

«Շատ դժվար էր, ես էլ եմ իմ վրա զարմացած, թե ինչպես դուրս եկա այդ հոգեվիճակից, կարծում եմ՝ աշխատանքս փրկեց: Ես մոտավորապես 5 տարուց ավելի է՝ Չինաստանում եմ, ֆուտբոլային մարզիչ եմ, նաև հիմնադրել եմ իմ սեփական ակումբը Հանչժոու քաղաքում, այն վերջերս նաև հիմնադրվել է Կանադայում, և ըստ այդմ, գործերս բավականին շատ են»,- նշեց նա:

Ընտանիքը սկզբից մի փոքր շոկային է ընդունել Չինաստան գնալու Սիփանի որոշումը. «Բայց գիտեին, որ եթե մի բան որոշում եմ, անում եմ: Չինաստանից առաջ մոտավորապես 4 տարի Ֆրանսիայում եմ ապրել, Ֆրանսիա գնալուս փաստը հայրս այդքան լավ չէր ընդունել, նույնիսկ վիճել ենք, բայց հետո, երբ կայացա, հայրս արդեն կողմ էր: Իսկ Վահագնը ինձ միշտ ամեն հարցում աջակցել է: Ես երբ մի որոշում կայացնում էի, Վահագնը շատ էր աջակցում, ասում էր՝ ճիշտ ես անում, դու շատ ես առաջ գնալու: Վահագնի մասին խոսելիս բառեր չեմ կարողանում գտնել, որովհետև նա լրիվ ուրիշ տեսակի մարդ էր, հնարավոր չէ բառերով դա բացատրել: Նրա ջերմությունը, հայրենասիրական ոգին, որ փոխանցում էր մեզ, մեր ընտանիքին, աննկարագրելի է»:

Սիփան Պետրոսյանի դիտարկմամբ՝ պատերազմից առաջ և հետո բավականին մեծ է փոխոխությունը հայ հասարակության մեջ. «Ունենք ավելի տխուր Հայաստան, բացասական էներգիա կա մեր հասարակության մեջ: Պատերազմից առաջ ժողովուրդն ավելի ուրախ էր, ավելի ջերմ էր, ուրիշ էր, հիմա բացասականը շատ է»:

Հարցին՝ ինչպե՞ս է իրենց ընտանիքը փորձում հաղթահարել կորուստների ցավը, նա պատասխանեց. «Դժվար է շատ: Կորուստները երբեք չի լինի մոռանալ, ուղղակի համակերպվում ես, փորձում ես ապրել այդ իրականությունով: Չենք կարող նստել ու անդադար լացել, ասել՝ կորուստ ունենք: Երբ օդանավակայանից գնացի «Եռաբլուր», ոչինչ չզգացի ճիշտն ասած, չզգացի, որ թե՛ Վահագնը, թե՛ հայրս չկան: Ինձ համար մի տեսակ անիրական էր այդ ամենը, այսինքն՝ ես ապրում եմ այն իրականությամբ, որ իրենք կան, ռազմի դաշտում են կամ ինչ-որ մի տեղում են: Ես չեմ կարողանում հավատալ այն մտքին, որ նրանք այլևս չկան: Հայաստանում ինձ համար առաջին տունը դարձել է «Եռաբլուրը», հետո նոր՝ մեր տունը:

Վահագնի երեխաները սովորում են, հպարտ են իրենց հորով: Վահագնը այն է արել, որ իրենք միայն պետք է հպարտ լինեն ու իր անունը բարձր պահեն, որովհետև այո, կորուստը մեծ է, դատարկություն է, ինչքան էլ ասենք՝ Ազգային հերոս, ազգի համար մեծ բան է արել, բայց նա ֆիզիկապես մեր կողքին չէ, և դրան ոչ մի բան չի կարող փոխարինել: Բայց երեխաները գիտեն, թե իրենց հայրն ինչ ճանապարհ է անցել, այդ հպարտությունն օգնում է»:

Սիփանն այն համոզումն ունի, որ Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը շատ ծանր է ողջ ազգի համար. «Երբ նստում եմ հաց ուտելու ու պատկերացնում եմ էդ երեխեքին, կարող է չուտեմ այդ պահին, ուղղակի գնամ գործերով: Ես քաղաքականության մեջ չկամ ու չեմ կարող շատ բան ասել, բայց մեզնից հասնում է հնարավորինս շատ խոսել և տարածել, թե ինչ է կատարվում Արցախում»:

Անդրադարձանք նաև Հայաստանում ֆուտբոլի ներկայիս վիճակին: Սիփանն այն բավարար է գնահատում.

«Լավ կգնահատեի, երբ կրթությունը բարձր որակի լիներ: Մեր երեխաները շատ լավն են, ֆանտաստիկ, տաղանդավոր, աշխարհում թոփերի մեջ են մեր երեխաները: Երբ մեր մարզիչները սովորեն կրթվել, կրթեն իրենք իրենց, ամեն ինչ լավ կգնա: Երբ մարզչի լիցենզիա ես ստանում, դա չի նշանակում, որ դրանով՝ վերջ, արդեն մարզիչ ենք: Երբ ինքնակրթությունը չկա, զրոյի է հավասար ամեն տեսակի դիպլոմ, սերտիֆիկատ, լիցենզիա: Ես կրթվում եմ ամեն օր: Ինքնակրթությունը շատ կարևոր է մեր հայկական ֆուտբոլի համար:

Նույն խնդիրը կա նաև Չինաստանում, պարզապես Չինաստանն ավելի հարուստ երկիր է, ավելի շատ են մարզիչները, ավելի շատ են ակումբները: Մեր երկրի աշխարհագրական դիրքը, ֆինանսների սղությունը խանգարում են ֆուտբոլի զարգացմանը, բայց որպես ազգ՝ մենք ֆուտբոլային ազգ ենք, մեր երեխաները շատ ուժեղ են:

Մինչև Չինաստան գնալս մոտավորապես 3 տարի աշխատել եմ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում, ու մեր երեխաներն իսկապես տաղանդավոր են, երբ համեմատում եմ թե՛ եվրոպացի, թե՛ չինացի երեխաների հետ, ոչնչով չեն զիջում նրանց, նաև առավել են: Մեզ համար դժվար է տարբեր երկրներ գնալ ֆուտբոլային խաղերով, որպեսզի երեխաները փորձ ձեռք բերեն: Օրինակ՝ Եվրոպայում իրենք կարող են ընդամենն ավտոբուս նստել, գնալ ուրիշ երկիր, խաղալ և հետ գալ, իսկ դա մեզ մոտ շատ դժվար է: Երբ երեխաները մեծանում են և չունեն օտար երկրի ֆուտբոլիստների հետ խաղալու փորձ, միանգամից այդ բախումը կա: Նրանց թիմերն արդեն շատ մեծ փորձ ունեն տարբեր ազգերի ֆուտբոլիստների հետ խաղալու, իսկ մեզ համար դա ոնց որ առաջին անգամ լինի: Մենք ունենք նաև բանակի խնդիր, և շատերը մտածում են՝ ուրիշ ուղղությամբ գնալ, քանի որ բանակի տարիքն է գալիս, շատերը բանակից հետո չեն կարողանում կամ չեն ցանկանում շարունակել»:

Սիփան Պետրոսյանը Հայաստանի ֆուտբոլային ապագան պատկերացնում է դանդաղ զարգացող, բայց վերջում՝ լուսավոր. «Չեն կարող այսքան տաղանդավոր ֆուտբոլիստ երեխաները վերջը մի օր ցույց չտալ իրենցը, գալու է այդ օրը: Երբ մարզչական կրթությունը բավականին բարձր մակարդակի հասնի, ավելի առաջ կգնանք»:

Մանրամասները տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս