Բաժիններ՝

Վրաստանի ֆիննախը պարզաբանել է ՌԴ մեքենաների արտահանման արգելքը

Թբիլիսին շարունակում է համապատասխան միջոցներ ձեռնարկել միջազգային պատժամիջոցները կիրառելու համար, հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։ Ֆիննախը պարզաբանել է Եվրամիությունից Ռուսաստան ներկրված մեքենաների մի մասի արտահանումն ու վերաարտահանումն արգելելու հարցը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ համաձայն 2014 թվականի հուլիսի 31-ի Եվրոպական խորհրդի համախմբված տարբերակի հավելվածի 11-րդ փաթեթում ներառված փոփոխությունների, 2023 թվականի սեպտեմբերի 26-ից, անկախ մեքենայի արժեքից, կարգելվի Եվրամիությունից Վրաստան ներմուծված 1900 խորանարդ սանտիմետրից ավելի շարժիչի ծավալով մեքենաների, ինչպես նաև բոլոր էլեկտրական մեքենաների և հիբրիդային մեքենաների վերաարտահանումը/արտահանումը կամ տարանցումը Ռուսաստանի Դաշնություն։

Նույն հայտարարության մեջ բացատրվում է, որ 2023 թվականի օգոստոսի 1-ից, համաձայն Միացյալ Նահանգների Առևտրային էմբարգոյի և այլ հատուկ վերահսկողության կանոնակարգի 746-րդ բաժնի 5-րդ հավելվածի, անկախ մեքենայի արժեքից, կարգելվի Ամերիկայի Միացյալ Նահանգներից ներմուծված կամ ամերիկյան ավտոմոբիլային ընկերություններին պատկանող մեքենաների վերաարտահանումը/արտահանումը կամ տարանցումը Ռուսաստան և Բելառուս։

Եկամուտների ծառայությունը պարզաբանել է՝ սահմանափակումները չեն տարածվում ԱՄՆ-ից և ԵՄ-ից ներմուծվող տրանսպորտային միջոցների արտահանման/վերաարտահանման վրա դեպի երկրներ, որոնք նշված չեն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցներում։

Ի դեպ, 2023 թվականի հինգ ամսում Վրաստան է ներկրվել 1 մլրդ դոլարի ավտոմեքենա, իսկ արտահանվել՝ 795 մլն դոլարի։ Արտահանման 100 տոկոսը եղել է վերաարտահանում, Վրաստանը մեքենաներ չի արտադրում, սկզբում բերում են այստեղ, հետո տանում են այլ երկրներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս